ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Վանաձորի 32-ամյա բնակչի նկատմամբ սպանության փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազենով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է Վանաձոր քաղաքի՝ 1987թ. ծնված բնակչի որովայնին՝ պատճառելով հրազենային վնասվածք, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ՝ 32-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, առգրավվել են հիվանդանոց ընդունվելու պահին նրա հագին եղած հագուստները, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 7 կրակված պարկուճ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: Առողջական վիճակից ելնելով՝ տուժողն ի վիճակի չի եղել մասնակցել քննչական գործողությունների:
Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: