Սկիզբը` նախորդ համարում
Տեղեկացրել էինք, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ին, վերակազմակերպված Կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում նշանակվեց Արայիկ Հարությունյանը:
Նախարարը ծնվել է Երեւանում, սակայն ծագումով լոռեցի է. ծնողները Լոռուց են: Հայրը՝ Էդուարդ Հարությունյանը, տնտեսագետ է, մայրը՝ Մարինե Աղաջանյանը, մանկավարժ: Ամուրի է, ունի երկու եղբայր՝ Արտակն ու Արմանը: Եղբայրներից ավագն ինքն է, այս տարի սեպտեմբերի 2-ին նախարարը կբոլորի իր 40-ամյակը: Հարությունյան եղբայրները արեւելագետ են, սակայն աշխատում են ոչ մասնագիտության՝ մեկը գովազդի ոլորտում է աշխատում, մյուսը՝ ժամագործության:
Դպրոցահասակ տարիքում՝ 7-8 տարեկանում, Հարությունյանը հաճախ է եղել Լոռիում եւ այս ինքնատիպ տեղանքը մեծ ազդեցություն է ունեցել նրա դաստիարակության հարցում: Դպրոցական տարիքում սպորտով է զբաղվել՝ լող, թեթեւ ատլետիկա, շախմատ: Ծանոթ-բարեկամները ապագա նախարարին կնքել են «պրոֆեսոր» մականունով եւ կանխատեսել՝ հաստատ պաշտոնյա է դառնալու: Փաստորեն, չեն սխալվել: Երեւանի Վ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1996-2003թթ. սովորել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում: Արաբագիտության մագիստրոս է: Մեկ տարի` 1998-1999 թթ, Հարությունյանը սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում, իսկ 2007թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ Հարությունյանը 2007-ից դասախոսում է մայր բուհում՝ Արեւելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: Նկատենք, որ Հարությունյանի դասախոսական աշխատանքը համընկել է ակտիվ քաղաքական պրոցեսների շրջանին, եւ այդ ընթացքում բուհի ղեկավարության կողմից նրա գործունեությունը խոչընդոտելու փորձեր են արվել: Բանը հասել է նաեւ աշխատանքից հեռացնելու սպառնալիքին, սակայն Հարությունյանն անդրդվելի է մնացել:
Ի դեպ, մեր շարքի հերոսը նաեւ հանրային ոլորտում աշխատանքի փորձ ունի, աշխատել սկսել է վաղ տարիքից, ուսանելու տարիներին նույնպես եւ շատ լավ գիտի աշխատանքի գինը. առեւտրով է զբաղվել, բանվորություն արել, ռեպետիտոր աշխատել՝ պատմություն ու արաբերեն պարապել ուսանողների հետ: Ֆինանսական կայունություն է ձեռք բերել մինչեւ նախարար դառնալը եւ կարծում է, որ պետական պաշտոնյաների արդյունավետ աշխատանքի համար կարեւոր է բարձր վարձատրությունը, որպեսզի չինովնիկները մտազբաղ չլինեն ընտանիքի սոցիալական կարիքները հոգալու խնդրով: Այս ուղղությամբ, ըստ նրա, ապագայում պետք է քայլեր ձեռնարկվեն:
Սկանդալների մեջ
Ա. Հարությունյանի պաշտոնամուտը նշանավորվեց սկանդալային մի շարք բացահայտում-հայտարարություններով: Պարզվեց՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի հիմնադրամին՝ «Երիտասարդական հիմնադրամին» ՀՀ բուհերն իրենց միջոցներից տարիներ շարունակ միլիոնավոր դրամներ են փոխանցել, պարզվեց նաեւ, որ հիմնադրամի տնօրենն ինքն իր հետ 326 մլն դրամի գործարք է կնքել, եւ այդ առթիվ քրեական գործ հարուցվեց: Հաջորդ սկանդալը ծագեց «էլիտար» դպրոցների, մասնավորապես «Այբ»-ի շուրջ: Նախարարը մասնավորապես անդրադառնալով կառավարության կողմից ֆինանսավորվող մի շարք ուսումնական նախագծերի` նշեց, թե «էլիտար դպրոցներին ՀՀ ԿԳՆ-ն չի աջակցելու, տեր-մեսրոպներին գումարներ չեն գնալու՝ 100-ավոր միլիոն դրամներ, որոնք գնում են մասնավոր դպրոցների»։ Չուշացավ ակնարկված դպրոցի մամուլի ծառայության արձագանքը՝ «նախարարի հայտարարությունն արված է անբավարար կամ սխալ տեղեկատվության հետեւանքով, քանի որ «Այբ» դպրոցը որեւէ ձեւաչափով երբեւէ պետական ֆինանսավորում չի ստացել»։ ԿԳ նախարարն էլ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ հանձնարարել է կազմակերպել Արարատյան բակալավրիատի ֆինանսական աուդիտ: Նշենք, որ «Այբ»-ԿԳՆ խուլ դիմակայությունը դեռ չի հանգուցալուծվել: Անցյալ տարեվերջին հրապարակվեց Արարատյան բակալավրիատի ծրագրի վերաբերյալ ԿԳՆ-ի ստուգումներին առնչվող զեկույցը, որում մատնանշվում են բազմաթիվ թերություններ, ֆինանսական որոշ կասկածելի գործարքներ։ Ուսումնասիրության վերջնական զեկույցը, սակայն, որը պետք է հրապարակվեր «Այբ» կրթական հիմնադրամին տրամադրելուց եւ վերջինիս կողմից զեկույցի վերաբերյալ կարծիք ստանալուց հետո, անհասկանալի պատճառներով ձգձգվում է:
Հիշարժան էր նաեւ երեւանյան դպրոցների տնօրենների ամենամյա խորհրդակցության ընթացքում արձանագրված միջադեպը, որը օրեր շարունակ ֆեյսբուքյան քննարկումների հիթն էր: Խոսելով դպրոցում օտար լեզուների դասավանդման ցածր մակարդակի մասին` նախարարը դա պայմանավորեց բարձր որակավորում ունեցող կադրերի պակասով: Թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը բողոքեց, որ օտար լեզուների դասավանդումը սկսվում է երրորդ դասարանից եւ առաջարկեց օտար լեզուների խորացված ուսուցման փորձնական ծրագիր ներդնել։ Նա ասաց, որ ինքը օտար լեզվի խորացված ուսուցմամբ դպրոց է ավարտել, ինչի շնորհիվ լավ է տիրապետում անգլերենին։ Նախարարը կասկածեց, որ տնօրենն իր ասածը կարող է անգլերեն կրկնել, սակայն տիկինը հակաճառեց՝ իր դիրքորոշումն անգլերեն շարադրելով: Կրթության նախարարը չհանձնվեց ու մեղադրեց տնօրենին, թե ընթացքում նոր տեքստ է հորինում։ Սա վերջնականապես հունից հանեց տնօրենին, եւ նա սկսեց էլ ավելի բարձր խոսել անգլերեն։ Ելույթը մինչեւ վերջ լսելուց հետո Հարությունյանն անգլերեն շնորհակալություն հայտնեց, բայց տնօրենի գիտելիքների ցածր մակարդակի վերաբերյալ կարծիքը չփոխեց։ Ըստ նրա՝ տնօրենի ելույթը ցույց տվեց, որ այս կամ այն առարկայի խորացված ուսուցմամբ դպրոցներն առանձնապես արդյունավետ չեն։
ՀԵՂԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԱՐԱՄՈՒՍԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵՆԹԱԿԱՅԱՆ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
ՀՀ Կոտայքի մարզի Արամուս գյուղի բնակիչները տեւական ժամանակ է` «պայքարում» են այնտեղ գործող քարի արտադրամասի դեմ: Այս թեմայի շուրջ նրանք դիմել են «Ժողովուրդ» օրաթերթին:
Բնակիչների պատմելով` գյուղի վարչական տարածքում գործող քարի արտադրամասի աշխատանքի ընթացքում իրենց էլեկտրաէներգիան տատանվում է: Դրա հետեւանքով փչանում է կենցաղային տեխնիկան:
«Մենք բազմիցս դիմել ենք «Հայաստան էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որպեսզի կամ մեզ, կամ էլ քարի արտադրամասին տրամադրեն առանձին ենթակայան: Ի վերջո, պետք է ունենանք կայուն, հաստատուն էլէներգիա. ամեն ամիս պարտաճանաչ վճարում ենք սպառած էլէներգիայի դիմաց: Մենք գազի կաթսաներին դրել ենք հատուկ ապահովիչներ, որ ամեն տատանվելուց դրանք չփչանան: Իրենց սարքերի ամեն միացնելուց ոչ միայն լույսն ենք տեսնում, որ թուլանում է, այլեւ գազի կաթսայի վրա դրված ապահովիչն է ճտճտում»,- իրավիճակը ներկայացրեց Արամուսի բնակիչ Զորիկ Բդոյանը: Արամուսի մեկ այլ բնակիչ փոխանցեց, որ էլէներգիայի տատանումների հետեւանքով փչացել է կա՛մ սառնարանը, կա՛մ հեռուստացույցը: Իհարկե, ՀԷՑ-ը փոխհատուցում տվել է:
Պարզվում է` բնակիչները պարբերաբար դիմել են ՀԷՑ-ին. «Լսել էինք, որ 2018 թվականի ընթացքում պետք է տրամադրեին ենթակայան, բայց չեղավ»:
Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնակիչները հայտարարեցին նաեւ, որ եթե հարցը չլուծվի, ապա իրենք կհրաժարվեն վճարել սպառած էլէներգիայի վարձավճարը: «Այդ տատանումներին մենք ականատես ենք լինում ամեն օր` առավոտից մինչեւ երեկո: Մենք հասկանում ենք, որ աշխատատեղ է, գյուղից մարդիկ կան աշխատում են, բայց մեր հարցն էլ է կարեւոր»,- նկատեց Զորիկ Բդոյանը:
Այս խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Արամուսի գյուղապետ Հրայր Նիկողոսյանի հետ, որն արձագանքեց` նշելով, որ բնակիչների մտահոգությունը փոխանցել են ՀԷՑ-ին. «Այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է: Հետողական կլինենք»: Իսկ ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց հետեւյալը. «Մեր մասնագետները խնդրին տիրապետում են, այս պահին էլ այդ հատվածում ներդրումային ծրագրի շրջանակում աշխատանքներ են ընթանում, դա էլ է ներառվելու»: Խոսքը կայմային ենթակայանի տեղադրման մասին է: Ինչեւէ, սպասենք զարգացումներին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՈՍՏԻԿԱՆՆ ԻՐԵՆ ԱՆԴԱՄԱԽԵՂԵԼ Է
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ հունիսի 6-ից ընթանում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղի բնակիչ, 1992թ. ծնված Սարգիս Մխիթարյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով ՀՀ ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի զորամասի հասարակական կարգի պահպանության հատուկ վաշտի մարտական մեքենայի հրամանատար` 2018թ. օգոստոսի 24-ից մինչեւ 2018թ. սեպտեմբերի 7-ը որպես դիտորդ նշանակված լինելով ՀՀ պաշտպանության նախարարության Տավուշի մարզում տեղակայված զորամասի պաշտպանական դիրքում, ծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով կատարել է անդամախեղում. իրեն ամրակցված դիպուկահար հրացանից կրակոց արձակելով բազկին` պատճառել է առողջության թեթեւ վնաս: Ս. Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով (Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն) եւ 371 հոդվածի 1-ին մասով (Զինծառայողին անձնական կամ ծառայողական օգտագործման համար տրամադրված համազգեստը կամ ռազմական հանդերձանքի առարկաները կամ ռազմական այլ գույքը յուրացնելը կամ վատնելը): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է Լոռու կայազորի զինվորական դատախազությունը:
ՆՈՐ ՀԱՍՏԻՔ` ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը 2019թ. հունիսի 4-ին որոշում է ընդունել Նելլի Ղալթախչյանին հունիսի 4-ից նշանակել Տավուշի մարզպետի տեղակալի օգնական, սահմանել աշխատավարձ` ըստ հաստիքացուցակի: Նախկինում Տավուշի մարզպետն ունեցել է 3 տեղակալ, այդ տեղակալներն աշխատանքից ազատվել են: Ներկայումս մարզպետ Հայկ Չոբանյանն ունի մեկ տեղակալ, օգնականներ եւ խորհրդականներ: Հետաքրքիրն այն է, որ նախկինում չի եղել Տավուշի մարզպետի տեղակալի օգնականի հաստիք:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ