ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆՆ ԱՆՁԱՄԲ ՀԵՌԱՑԱՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատաիրավական համակարգում վիրահատական միջամտությունների անհրաժեշտության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո կամաց-կամաց սկսվել է հրաժարականների շարքը: Առաջինը դեռ մայիսի 24-ին ԲԴԽ նախագահի պաշտոնից Գագիկ Հարությունյանի հրաժարականն էր: Երեկ էլ մի քանի ժամվա տարբերությամբ հրաժարական ներկայացրին Հարությունյանից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն ու ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Զեյնալյանի հեռանալն ինքնին հետաքրքիր է, քանի որ սա որպես այդպիսին կառավարության առաջին անդամի հրաժարականն էր: Թեեւ, եթե անկեղծ, նրա հրաժարականի մասին տեղեկությունները վաղուց էին շրջանառվում, եւ «Ժողովուրդ» օրաթերթը իր երեկվա համարում եւս անդրադարձել էր այս խնդրին` նշելով, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում նրա հանդեպ կան դժգոհություններ, եւ նախօրեին խմբակցության նիստում այդ հարցը քննարկվել է:
Սակայն հետաքրքիր է, որ Արտակ Զեյնալյանն անձամբ է հրաժարականի դիմում ներկայացրել, այլ ոչ թե նրան հեռացրել են։ Զեյնալյանը որպես պատճառաբանություն նշել էր. «Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց եւ իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար»,- նշել էր նա, սակայն ոչ մի կերպ չէր մեկնաբանել իր հրաժարականի պատճառները։
«Ժողովուրդ» օրաթերթը եւս փորձել էր պարզաբանում ստանալ Արտակ Զեյնալյանից, սակայն վերջինս հրաժարվեց մեկնաբանել՝ ասելով, թե շտապում է։ Սակայն իրականում նրա հրաժարականի արմատները խորն են։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջին հերթին Զեյնալյանը ցանկացել է հրաժարական ներկայացնել եւ հեռանալ աշխատանքից՝ դատարանների դիմաց հայտնի ակցիայից հետո։ Նա մասնավոր շրջապատում դժգոհել է, որ իրավապաշտպան լինելով` ինքը միանշանակ արձագանքելու էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին եւ քննադատելու էր այն։ Եվ լինելով նախարարի պաշտոնում` նա իրեն կաշկանդված էր զգում եւ չէր կարողանում արտահայտել իր դժգոհությունը, սակայն Զեյնալյանը միանշանակ դեմ էր դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելուն։
Բացի այդ` Զեյնալյանին պարբերաբար տեղեկություններ են հասել այն մասին, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մի քանիսը մասնավոր զրույցներում եւ նաեւ խմբակցության նիստի ժամանակ դժգոհել են իր աշխատանքից։ Մեր տեղեկություններով` դժգոհությունների պատճառն էլ եղել է դատաիրավական բարեփոխումներն ուշացնելը։ Ընդ որում, այդ նիստը եղել է դատարաններն արգելափակելու օրվանից հետո։
Երեկ լրագրողների հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը չի հերքել, որ խմբակցության ներսում իսկապես դժգոհություն է եղել Արտակ Զեյնալյանի աշխատանքից։ «Խմբակցության նիստում մտահոգություններ են հնչել հատկապես այն լայնածավալ անվտանգության ակցիայից հետո, որ տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիների կողմից, այդ համատեքստում հնչել էին այդ մտահոգությունները, դրանք հրաժարականի կոչի չեն վերածվել», – նշել էր Մակունցը։
Եվ իսկապես, մեր տեղեկություններով, պատգամավորներից մի քանիսը խիստ դժգոհել են խմբակցության նիստի ժամանակ. նրանց թվում են եղել Հերիքնազ Տիգրանյանը, Սուրեն Գրիգորյանը, Էդգար Առաքելյանը։
Սուրեն Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում եւս չհերքեց, որ խմբակցության ներսում դժգոհություններ եղել են, սակայն մանրամասներ չէր ցանկանում հայտնել՝ ասելով, թե փակ գաղտնի քննարկում է եղել, եւ մանրամասներ պետք չէ հրապարակել։ Ամեն դեպքում, նա եւս կարծիք հայտնեց, որ այդ բարեփոխումները կարելի էր ավելի վաղ անել։ «Եղել են դժգոհություններ, եղել են նաեւ գոհունակություններ։ Խմբակցության մի նիստի ժամանակ որոշ մտահոգություններ Զեյնալյանի աշխատանքի վերաբերյալ հնչել են», – նշեց նա։
Մեկ այլ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Զեյնալյանի թերացումը համարեց ռեֆորմների դանդաղ լինելը։ «Իրականում ծավալն աշխատանքի շատ մեծ է։ Բոլորի աշխատանքում էլ թերացում լինում է։ Արդարադատության նախարարությունն այն կառույցն է, որ կարող էր ավելի շատ աշխատանք աներ։ Անցումային արդարադատության նախագիծը պետք է վաղուց գար, քրեակատարողական ծառայությունների հարցը եւս։ Մենք պետք է գլոբալ հարցերը լուծեինք, այնինչ մանր հարցերն էինք լուծում», – նկատեց Բաղդասարյանը։
Հավելենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հայաստանում չէր եւ դեռ չի ընդունել նախարարի հրաժարականը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԲԴԽ ԹԵԿՆԱԾՈՒ
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին։ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ԲԴԽ անդամի ընտրության հարցը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստերի` հունիսի 20-ի առաջին նիստում: Ինչպես հայտնի է՝ օրեր առաջ հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երեկ էլ՝ Գեւորգ Դանիելյանը։ Սակայն երեկ առաջադրված թեկնածուն Գագիկ Հարությունյանի փոխարեն է առաջադրված։ ԲԴԽ անդամներն ընտրվում են ԱԺ-ի 3/5-րդով, ապա արդեն առանձին նրանք իրենց անդամների միջից ընտրում են ԲԴԽ նախագահ։ Սակայն այս քվեարկությունից հետո մեկ թեկնածու եւս պետք է առաջադրվի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ թեկնածուն «Բեքմեզյան» ՍՊԸ հիմնադիրն է, դասավանդում է ԵՊՀ-ում։

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ԷՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԹԱԼԱՆՈՂԸ
Ըստ քննչական կոմիտեի` հունիսի 7-ին՝ ժամը 00:37-ին, ոստիկանության Տարոնի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի մի բնակիչ: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: «Ժողովուրդ» օրաթերթին առաջին հայացքից սովորական թվացող այս դանակահարության վերաբերյալ ուշագրավ փաստեր են հայտնի դարձել: Մասնավորապես իրավապահները պարզել են, որ բնակչին դանակահարել է Լոռու դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանից գողություն կատարած անձանցից մեկը, որին դատարանից ազատ էին թողել: Եւ հիմա իրավապահները փնտրում են նրան: Նշենք, որ մարզի դատախազի տունը փորձել էին թալանել 4 անձ՝ Վանաձոր քաղաքի բնակիչներ Անդրանիկ Ա.-ն, Գեւորգ Մ.-ն, Սամվել Հ.-ն եւ Արմեն Հ.-ն: Նրանցից մեկն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես վարորդ: 4-ի համար էլ դատարանը խափանման միջոց չէր ընտրել կալանավորումը, եւ նրանք ազատության մեջ են:

 

 

 

ՀԱՐՈՒՍՏ ՉԻՆՈՎՆԻԿԸ
Պարզվում է՝ Հայաստանում կան միջին օղակի չինովնիկներ, որոնց անունը հասարակության լայն շերտերը չգիտեն, բայց նրանք իրենց ունեցվածքով չեն զիջում հայտնի պաշտոնյաներին: Օրինակ` ՀՀ ՊԵԿ ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Թելման Ասատրյանը, որի դրամական միջոցները անցած տարեվերջին կազմել են 15 հազար եվրո, 97 հազար դոլար եւ 14.5 մլն դոլար։ Որպես եկամուտ հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որն ամսական կազմում է 918 հազար դրամ, եւ տրված փոխառությունների դիմաց ստացած 1000 դոլար տոկոսը։ Իսկ, ահա, նրա կնոջ` Լիլիթ Ասատրյանի դրամական միջոցները կազմում են 156 հազար դոլար, 47 հազար եվրո, 21 մլն դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ նրա եկամուտը՝ աշխատավարձը, ամսական կազմել է 47 հազար դրամ։

 

 

 

ԼԻԱՐԺԵՔ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ռուսաստանյան եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ասուլիսին, անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին եւ հայ-ադրբեջանական հակամարտությանը, ասաց, որ Հայաստանն աշխատում է հակամարտության կարգավորման ուղղությամբ, հայկական կողմի տեսակետը մնում է նույնը, որ բանակցությունները պետք է ընթանան կառուցողական դաշտում, հակամարտության կարգավորումը պետք է լինի միայն բանակցությունների միջոցով: «Այս պահին բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Չափազանց կարեւոր է ընդգծել, որ այդ բանակցությունների մեկնարկի առաջին օրվանից Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ներկա են եղել, ներգրավված դրանցում, մեր դիրքորոշումն էլ այնպիսին է, որ բանակցային գործընթացը պարզապես հնարավոր չէ, անհնար է առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության: Պետք է վերականգնել լիակազմ ձեւաչափը, ըստ միջազգայնորեն ընդունված փաստաթղթերի՝ կա բանակցությունների 3 կողմ, որն այժմ պետք է վերականգնվի»,-նշեց վարչապետը:

 

 

 

 

ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ
Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու եւ սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները կքննվեն հունիսի 12-ին: Վերաքննիչ քրեական դատարանից «Ազատությանը» հայտնել են, որ գործի քննությունը վարույթ է ընդունվել, այն մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին:

 

 

 

ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին: Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւի հետ:
Տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում անդրադարձել է Հայաստանում մեկնարկած դատական համակարգի բարեփոխումների գործընթացին: «Ի տարբերություն իշխանության օրենսդիր եւ գործադիր ճյուղերի, որոնցում նկատվում է ինստիտուտների օպտիմիզացիայի որակյալ առաջընթաց, դատական իշխանությունը չենթարկվեց որեւէ զգալի վերափոխման: Արդյունքում դատական իշխանության նկատմամբ հանրության վստահության հսկայական բաց կա, ինչը իր հերթին լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի զարգացման համար»,- ասել է Փաշինյանը:

 

 

 

ԹՈՂԵԼ-ԳՆԱՑԵԼ Է
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ ինքը 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետ որեւէ կապ չունի: Գ. Ծառուկյանն այդ մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում. «Ծառուկյանը մարտի 1-ի հետ ոչ մի կապ չի ունեցել: Ծառուկյանն առաջին օրվանից ասել է, այո, պետք է խումբ ստեղծվի, քննվի, մեղավորները պետք է պատժվեն: Առաջին օրվանից մենք դա ասել ենք: Այսօր գործը քննվում է, ամեն ինչ մանրակրկիտ անում են, կբացահայտվի, բոլորդ էլ կտեսնեք»: Գ. Ծառուկյանը նաեւ հայտնել է, որ 2008 թ. մարտի 1-ի երեկոյան կառավարությունից զանգել են, իրեն հրավիրել են կառավարության շենք: «Գնացել եմ այնտեղ: Հարց պետք է քննարկվեր, սպասել եմ, երեւի, 25 րոպե-կես ժամ, տեսնելով, որ խառնաշփոթ վիճակ է, թողել, գնացել եմ: Ոչ մեկի չեմ տեսել, քննարկում չի եղել, ես գնացել եմ տուն»,- ասել է նա: Հարցին, թե ինչո՞ւ հանդիպումը չի կայացել, Գ. Ծառուկյանը պատասխանել է, որ չգիտի:




Լրահոս