«Ժողովուրդ» օրաթերթը շաբաթներ առաջ տեղեկացրել էր, որ Ախուրյան գետի վրա կառուցված մի շարք փոքր հիդրոկայաններ՝ ի դեմս «Ֆենհալ» ՍՊԸ-ի («Կասկադ» փհէկ), «Էրստեդ» ՍՊԸ-ի, «Լայթէկո» ՍՊԸ-ի դիմել են Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիային՝ ահազանգելով հանրային նշանակության կարեւորագույն խնդիրների մասին: Խոսքը վերաբերում է Ամասիայի տարածաշրջանում «Անի» ԲԲ ընկերության «Ջրաձոր» ՓՀԷԿ-ի կառուցման, շահագործման գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի բացահայտումների եւ վերջինիս կողմից պետությանը հասցված հնարավոր, առանձնապես խոշոր չափերի վնասների մասին: Նշենք, որ այս հարցով հարուցվել է քրեական գործ` ե՛ւ սեփականաշնորհման մասով, ե՛ւ իր գործունեության իրավաչափությունների մասով:
Բանն այն է, որ գետի վրա հաջորդաբար տեղաբաշխված են երեք ՀԷԿ-եր, որոնց կառուցման ժամանակ բիզնես առանցքը հանդիսացել է այն հանգամանքը, որ Շիրակի ջրանցք ոռոգման ամիսներին գնացող ջուրը ավանդաբար, տասնյակ տարիներ հոսել է Ախուրյան գետով Արփի լճից` 6 ամիս: Այն հույսով, որ այդ ամիսներին ջուրը պետք է հոսի այդ ջրանցքով, եւ այն հույսով, որ ի սկզբանե թույլտվությամբ, կարգով-կանոնով վերեւի` Ջրձորի ՀԷԿ-ը պետք է աշխատի ոչ ոռոգման սեզոնին: Փաստորեն ջրի նույն հոսքի վրա կառուցվել են երեք ՀԷԿ-եր, որոնք շահագործվել են 2012-2013 թվականներին, եւ հետո տվյալ ՀԷԿ-երի տնօրենները տեղեկացել են, որ 2011 թվականից վերեւում գտնվող ՀԷԿ-ը ամբողջ տարվա ընթացքում է ջուր վերցնելու:
Երեք ՀԷԿ-երի տնօրեններն էլ պնդում են, որ սա իրականացվել է կեղծիքով, որի հետ կապված տվել են հաղորդում դատախազությանը, եւ արդեն 4 ամիս է` հարուցված է քրեական գործ: Եւ ահա պարզվում է` բացի քրեական գործից` այս թեմայի շուրջ ուշագրավ այլ զարգացումներ են եղել: Մասնավորապես մեր հրապարակումից հետո այս հարցը դարձել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուսումնասիրության թեմա:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Անի» բաց բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի արտադրության համար 00322 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին որոշում է կայացրել:
Ընկերության լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման հետեւանքով ծանր վնաս պատճառելու վերաբերյալ դիմողների կողմից հիմնավորումներ չեն ներկայացվել, ավելին` վերջիններից «ՖԵՆՀԱԼ» ՍՊԸ-ն համար 0433 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ 2014 թվականի սեպտեմբերի 16-ին ներկայացրած հայտը մերժվել է եւ էլեկտրական արտադրման լիցենզիա չի տրամադրվել:
Հանձնաժողովը որոշում է կայացրել պայմանների 13-րդ կետի խախտման հիմքերով կասեցնել լիցենզիայի գործողությունը, մինչեւ խախտման պատճառի վերացումը: Հանձնաժողովը նաեւ լիցենզիայի դադարեցման համար դիմում կներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: Ասել է, թե հանձնաժողովը պետության անունից արդեն կդիմի դատարան՝ ՀԷԿ-ի լիցենզիան, ըստ այդմ՝ դրա գործունեությունը դադարեցնելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Անի» ԲԲԸ ներկայացուցիչ Մեսրոպ Մանուկյանը, անդրադառնալով այս որոշմանը, ասաց, որ իրենք են դիմելու դատարան եւ դիմելու են ՀԾԿՀ-ից շուտ` բողոքարկելու համար այդ որոշումը:
«Իսկ մնացած հարցերով դատարանում մենք մեր իրավունքները կպաշտպանենք: Բողոքարկելու ենք եւ հիմնավորենք: Խախտումը կայանում է նրանում, որ ջրանցքը ժամանակին, ըստ նախագծի, մենք ամբողջությամբ պահել ենք, բայց որը որ ի սկզբանե որոշվել էր մեր աշխատանքի համար, բայց արդեն արտադրական աշխատանքների ժամանակ ակնհայտ դարձավ, որ այդ նախագծային որոշումը սխալ է եղել, այդ կանալը պետք է բաց վիճակում շահագործվի, որի արդյունքում մենք բացել ենք: ՀԾԿՀ-ն ասում է` գնացեք, նախագծողին ասեք` փոխի նախագիծը, բերեք, մենք կվերակագնենք ամեն ինչ: Մենք էլ ասում ենք` խնդիր չկա, բայց որ դուք մեզ էս ընթացքում հնարավարություն չեք տալիս աշխատելու, առաջինը պետբյուջեին եք վնաս տալիս: Ես տեսնում են, որ մոտ 10 միլիոն դրամի չափով վնաս կլինի: Ես նիստի ժամանակ էլ հայտարարել եմ, որ մյուս կողմը, որ այսքան շահագրգիռ է, իրենց խնդիրն այն չէ, որ փաստաթղթերի մեջ կանալը բացվի կամ փակվի, իրենց խնդիրն այն է, որ իրենց պատկերացրած ջուրը մեզանից տանեն: Ցավում եմ իրենց համար: Կարծում եմ` բողոքարկմանը արդեն երկուշաբթի օրը դատարանը ընթացք կտա»,-մեզ հետ զրույցում ասաց Մանուկյանը:
ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆ
5 ՀՈԳՈՒ` 830 ՀԱԶԱՐ ԴՐԱՄԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հունիսի 5-ին որոշում է ընդունել պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված միջոցներից 5 քաղաքացիների սոցիալական աջակցություն տրամադրելու մասին: Այդ նպատակով միանվագ դրամական օգնություն է տրամադրվել ընդհանուր 830 հազար դրամի չափով։ Աջակցության գումարը տրվելու է անկանխիկ, բանկային համակարգի միջոցով։ Նախկինում Տավուշի մարզպետի կողմից սոցիալական աջակցության դեպքում մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում էին դրամական օգնություն ստացած քաղաքացիների անուն-ազգանունները: 2019թ. փետրվարի 6-ից որպես մարզպետ պաշտոնավարող Հայկ Չոբանյանի որոշումներում չեն նշվում դրամական աջակցություն ստացած, օգնության կարիք ունեցող քաղաքացիների անունները։
ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆ ԿԿԱՌՈՒՑԵՆ
Մի քանի տարի առաջ` մինչեւ 2016 թվականը ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Գանձաքար համայնքում խմելու ջրագծի անցկացման աշխատանքներ իրականացնելու համար ծախսել է շուրջ 600 մլն դրամ: Բայց չնայած այդ աշխատանքներին` մինչեւ հիմա ջուր չի մատակարարվում: Կառուցվել է 3 պոմպակայան: Սկզբում ջրի հոսքն է նախատեսվածից քիչ մղվել, հետո էլ դեղնաջուր է եկել: Գանձաքար համայնքը 2016թ. սեպտեմբերի 18-ից ղեկավարող, ՀՅԴ անդամ Սեյրան Դովլաթբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ ջրագիծը գործարկելու համար խմելու ջրի մաքրման կայան պետք է կառուցվի, այդ նպատակով պետական բյուջեից տրամադրել է 55 միլիոն դրամ։ Համայնքի ղեկավարն ասաց, որ ներկայումս այդ ջրագծում առկա է քլորակայան, սակայն սարերի առուների ջուրը մաքրելու համար առաջիկա ամիսներին նաեւ քլորակայանը պետք է գործարկվի։ Գանձաքարի մի խումբ բնակիչներ տարիներ շարունակ օգտվում են ինքնահոս ջրատարից, նաեւ «Վեոլիա ջուր» ընկերության միջոցով ինքնահոս եղանակով խմելու ջուր են ստանում գյուղի բժշկական ամբուլատորիան, մանկապարտեզը, Գանձաքարի շուրջ 50 ընտանիք։ Գանձաքարում խմելու ջրի մաքրման կայանը գործարկելուց հետո համայնքի ղեկավար Ս.Դովլաթբեկյանի վկայությամբ՝ համայնքը կստանա վայրկյանում 10-15 լիտր խմելու ջուր: Սակայն գյուղի բնակիչները ջրաչափեր չեն տեղադրել, Գանձաքարում խմելու ջրի վարձավճարներ չեն գանձվում։ Դրա հետեւանքով խմելու ջուրը օգտագործվելու է նաեւ տնամերձ հողամասերը ոռոգելու համար, նաեւ կենցաղային նպատակներով, խմելու ջրագիծը գործարկելու պարագայում ավելի քան 3600 բնակիչ ունեցող գյուղի ներքին թաղերում խմելու ջրի պակաս է զգացվելու։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ
Հունիսի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ մեկնարկեց Դիլիջանի ազգային պարկի նախկին ղեկավարների դատավարությունը։ Արմեն Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հուլիսի 24-ից մինչեւ 2018թ. օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածը, աշխատելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով օտարել է իրեն վստահված գույքը։ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Բենիամին Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, եւ դրա հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Գագիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հոկտեմբերի 4-ից մինչեւ 2018թ. օգոստոսի 23-ր, աշխատելով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում որպես ինժեներ, պարտավոր լինելով կազմել ամենամսյա հաշվետվություններ օգտագործված վառելիքի վերաբերյալ, սահմանված կարգով բաշխել է վառելիքը, յուրաքանչյուր ամիս կազմվող, մարդատար ավտոմեքենաների երթուղու թերթերում եւ օգտագործված վառելիքի վերաբերյալ լրացրել է կեղծ տվյալներ, որոնք ամբողջական տեսքի են բերվել տնօրեն Ա. Աբրահամյանի կողմից հաստատվելուց հետո: Ա. Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»), 179 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով («Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով, խոշոր չափերով»), 314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնական կեղծիքը»), Բ. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 314 հոդվածի 1-ին մասով, 315 հոդվածի 1-ին մասով, («Պաշտոնական անփութությունը») Գ. Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 հոդվածի 1-ին կետով («Հանցակցությունը յուրացնելուն կամ վատնելուն՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությանը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով»), 2 դրվագով, 38-314 հոդվածի 1-ին մասով («Հանցակցությունը պաշտոնեական կեղծիքին»), 2 դրվագով։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ