Արդեն մոտ երկու տարի է՝ երգչուհի Արփինե Բեկջանյանը դստեր հետ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում, սակայն նրա ամուսինը՝ երգիչ, երգահան Արման Էլբերտը, որդու հետ մնացել է Հայաստանում:
Ի՞նչ դժվարություններ է ստիպված հաղթահարել աստղային զույգը, նրանք, ի վերջո, կապրեն հայրենիքո՞ւմ, թե՞ ԱՄՆ-ում, ով ում կտանի իր մոտ. այս եւ այլ թեմաների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Արման Էլբերտի հետ: Նա խոստովանել է, որ թեեւ պատրաստ է մեկնել ԱՄՆ եւ ուժերը փորձել այնտեղի երգարվեստի շուկայում, միեւնույնն է, իր ապագան տեսնում է Հայաստանում: Արմանը պատմել է, որ մի քանի անգամ առիթ է ունեցել հրաժարվելու շքեղ կյանքից՝ հանուն հայրենիքի. կարոտը, կոկորդից բռնած, բերել է Հայաստան:
-Արմա՛ն, դժվար չէ՞ ապրել առանց Արփինեի. ի՞նչն է պատճառը, որ ստիպված եք առանձին ապրել:
-Դժվար է, շատ դժվար է: Պարզապես կան բաներ, որոնք մեր ձեռքերում չեն: Սպասողական վիճակ է: Տեսնենք՝ ինչպես կստացվի:
-Պատկերացնու՞մ եք Ձեզ Միացյալ Նահանգներում: Եթե գնաք, ինչո՞վ եք զբաղվելու: Հնարավո՞ր է` այնտեղ ստեղծագործեք, որպես մասնագետ՝ Ձեզ վերագտնեք:
-Մինչեւ չգնամ, այնտեղ չապրեմ, այդ ճանապարհը չանցնեմ, չեմ կարող այդ հարցին հստակ պատասխանել: Գուցե գնամ, իմ մասնագիտական ոլորտում պրակտիկա ձեռք բերեմ, գուցե արդեն ուշ լինի… Չգիտեմ… Թեպետ ասում են՝ երբեք էլ ուշ չէ որեւէ բան սկսելու համար: Ամեն դեպքում, կարելի է փորձել:
-Իսկ եթե գնաք, չհարմարվեք այնտեղի միջավայրին, բայց Արփինեն ցանկանա մնալ, ու Դուք կանգնեք երկընտրանքի առաջ, ինչպե՞ս կվարվեք:
-Չեմ կարծում, թե մեր միջեւ նման խնդիր կծագի: Ես գիտեմ, որ Արփինեն առաջին իսկ հնարավորության դեպքում կգա ու իր հայրենիքում կապրի:
-Եթե Ձեզ առաջարկվի շքեղ կյանք Միացյալ Նահանգներում եւ բարեկեցիկ կյանք՝ Հայաստանում, ո՞րը կընտրեք:
-Ժամանակին Մոսկվայում ես երեք անգամ ունեցել եմ շքեղ կյանքով ապրելու հնարավորություն, բայց թողել եւ եկել եմ Հայաստան: Շատ են փորձել հետ պահել, բայց կարոտը, կոկորդիցս բռնած, չի թողել, որ մնամ: Ամեն դեպքում, չեմ ուզում ամպագոռգոռ խոսքեր ասել: Բնական է, որ բոլորն էլ կուզեն շքեղ կյանքով ապրել, բայց բաներ կան, որ թանկ են ու անփոխարինելի: Ես տեսակով նվիրվող մարդ եմ` կլինի հայրենիքին, ընկերոջը, կնոջը, թե երեխաներին:
-Մի փոքր Ձեր ներկայիս գործունեությունից խոսենք: Ինչո՞վ եք զբաղված, արդյոք ստացվու՞մ է ռեալիզացվել հայկական էստրադայի շուկայում: Երգեր գրու՞մ եք:
-Շատ երգեր ունեմ, որոնք 1990-ականներին ձայնագրել եմ, հետո դրել եմ մի կողմ, ինչ-որ բանից հիասթափվել եմ: Երեւի իմ էությունն է այդպիսին` մի գործի դիպչել, հետո, մի որեւէ բանից դրդված, հետ քաշվել… Բայց անպայման ուզում եմ դրանցից մի քանիսը ներկայացնել հանդիսատեսին: Այս տարի պետք է որ ստացվի:
-Ուրիշ երգիչների համար ստեղծագործո՞ւմ եք: Համագործակցության առիթներ լինո՞ւմ են:
-Ոչ, ուրիշների համար չեմ գրում, կարծում եմ, որ նրանք իմ գրած երգերի կարիքը չունեն: Այսօր երգիչ-երգչուհիների մեծ մասը բոլորովին այլ ժանրում է իրեն դրսեւորում, որը ինձ բացարձակ հոգեհարազատ չէ: Բայց, միեւնույնն է, զբաղվում եմ ստեղծագործական կյանքով, օրինակ՝ ֆիլմերի համար սաունդթրեքներ եմ գրում, ներկայացումների երաժշտական ձեւավորում եմ անում, գործիքավորում եմ իրականացնում: Այնպես որ, իմ գործունեությունից չեմ շեղվում:
-Եվ վերջում՝ Ձեզ քսան տարի հետո պատկերացնում եք Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում:
-Հայաստանում: Բոլոր դեպքերում, մենք շատ կապված ենք մեր երկրի հետ: Ուր էլ գնանք, մեզ խորթ ենք զգալու: Չընդունելով մի շարք երեւույթներ` միեւնույնն է, մենք մեր ապագան դրսում չենք տեսնում:
«ԵՐԿԱՐ ԵՆՔ ՍՊԱՍԵԼ ԱՌԱՋՆԵԿԻՆ»
Երգչուհի Սիլվա Հակոբյանն այս տարվա օգոստոսին մայր է դառնալու: Նրա լուսանկաներում արդեն ակնհայտ երեւում է կլորացած փորիկը: Ապագա մայրիկը լուսանկարներից մեկի միջոցով ակնարկեց, որ դուստր է ունենալու: Փոքրիկի ծնունդը անչափ սպասված է ոչ միայն ապագա ծնողների, այլեւ նրանց ընտանիքի անդամների համար: Սիլվայի պրոդյուսեր եւ հայր Հակոբ Հակոբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ արդեն չորս թոռնիկ ունի, Սիլվայի աղջիկն էլ կլինի հինգերորդը. «Մենք երկար սպասեցինք Սիլվայի ամուսնությանը, հիմա էլ անհամբերությամբ սպասում ենք առաջնեկի ծնունդին: Աստծուց շնորհակալ եմ, որ ինձ թոռնիկներ է պարգեւել, բայց ես կուզեմ էլի թոռներ ունենալ, առնվազն՝ 15»,-ասաց նա:
Հարցին՝ Սիլվան կդիմի դայակի օգնությանը եւ կզբաղվի երգչուհու կարիերայով, թե ինքը կպահի իր փոքրիկին՝ որոշ ժամանակ դուրս մնալով արենայից, պրոդյուսեր հայրիկը պատասխանեց. «Երեխայի ծնունդից երկու ամիս անց նա կարող է արդեն իր գործունեությամբ զբաղվել: Տատիկները կպահեն երեխային: Շատ մարդիկ կան, որ կարող են պահել փոքրիկին»:
Այնպես որ, դադարի շրջանը երկար չի տեւի: Արդեն աշնանը, ապա նաեւ ձմռանը Սիլվա Հակոբյանը համերգային մեծ շրջագայություն ունի Եվրոպայում: Նա ունի «Էս ո՞վ ինձ անիծեց» հայտնի երգի cover տարբերակը, որը պետք է ներկայացնի երկրպագուներին, ինչպես նաեւ այլ հետաքրքիր կատարումներ:
Նույնիսկ հիմա, երբ ապագա մայրիկի համար տեղաշարժվելն արդեն ֆիզիկական բարդություններ է ստեղծում, նա ստանում է համերգների հրավերներ, բայց բոլորն արդեն մերժում է: Ի դեպ, Սիլվան նպատակ ուներ հենց այս գեղեցիկ կարգավիճակում տեսահոլովակ նկարահանել՝ մայրության թեմայով մի երգի հիման վրա. «Պրոցեսը մի փոքր ուշացավ, չգիտեմ՝ կհասցնենք, թե ոչ: Եթե չստացվի, հետո անպայման կներկայացնենք գեղեցիկ այդ երգը»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը:
Նյութերը՝ ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆի