Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի
Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի՝ հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման
ուղղությամբ կատարած աշխատանքը և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Արգենտինան բարեկամ երկիր է Հայաստանի համար, որի հետ առկա է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն:

Անդրադառնալով տնտեսական փոխգործակցությանը՝ վարչապետը կարևորել է արգենտինական խոշոր
ընկերություններից «Կորպորասիոն Ամերիկայի» ներկայացվածությունը ՀՀ տնտեսությունում և հավելել, որ Հայաստանը հետաքրքրված է առևտրատնտեսական կապերի հետագա խորացմամբ:

Հայաստանում Արգենտինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին բարձր գնահատականի, արդյունավետ համագործակցության համար և նշել, որ իր համար մեծ պատիվ էր երկու երկրների հարաբերությունների զարգացման գործին ծառայությունը:

Նրա խոսքով՝ Հայաստանի և Արգենտինայի միջև քաղաքական հարաբերությունները գերազանց են, և առկա է ներուժ ու փոխադարձ կամք՝ տնտեսական կապերը ևս շարունակաբար զարգացնելու համար:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հպարտանում է Արգենտինայի կենսունակ հայ համայնքով, որն
ակտիվորեն ներգրավված է երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում և մեծ դեր ունի երկկողմ կապերի ամրապնդման գործում: Վարչապետը երախտագիտություն է հայտնել ԼՂ հակամարտության հարցում Արգենտինայի հավասարակշռված դիրքորոշման և Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ քայլերի համար:




Լրահոս