Համահայկական խաղերի ջահը՝ իբրև ոգեղեն կամքի դրսևորում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայը միշտ էլ առանձնացել է ապրելու իր կերպով, գոյատևելու համար պայքարի իր ոգեղեն կամքով, պայքարի հետ նաև արարելու, ստեղծագործելու, մրցելու, մարզարվեստում ևս հաղթելու իր հաստատակամությամբ:

Արցախում մեկնարկած համահայկական 7-րդ ամառային խաղերը, ևս մեկ անգամ փաստեցին, որ հայը մի ձեռքում թուր, մի ձեռքում խաչ բռնելու հետ միաժամանակ, համահայկական խաղերի ջահը գլխից վերև ու պատվով պահել գիտի. հայերի միասնության ջահը:

Համահայկական խաղերի կազմակերպման ու անցկացման ընթացքն այսօր Հայաստանի մասին խոսել է տալիս ամբողջ աշխարհում, և այս գործում անուրանալի է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի ներդրումը: Մարդ, ով իր կազմակերպչական հմտություններն ու փորձը լավագույնս ներդրեց Համահայկական 20-րդ խաղերը ևս պատշաճորեն ու բարձր մակարդակով կազմակերպելու համար: Այսօր ամբողջ աշխարհում, թերևս, չկա պատերազմող մի երկիր, որտեղ մշակույթն ու սպորտը կարևորվում են այնքան, որքան Հայաստան աշխարհում: Եվ չկա մի երկիր, որի բնակչության թիվն այդպիսի զարմանալի հարաբերակցության մեջ լինի օլիմպիական, համաշխարհային ու Եվրոպական առաջնություններում գրանցած հաղթանակների ու մեդալների թվին:

Համահայկական 7-րդ խաղերը բացառիկ էին տեսակի ու ներկայացվածության մեջ: Այս անգամ մասնակիցներին միացան ևս երեք նոր երկրների ներկայացուցիչներ: Խաղերին ներկայացված էին 35 պետությունների, 161 քաղաքների պատվիրակություններ:

Համահայկական խաղերին մասնակցության հայտ էր ներկայացրել ավելի քան հինգ հազար երկու հարյուր քառասուն չորս մարզիկ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքով՝ Համահայկական խաղերը պետք է որակել համահայկական մտածողության դրսևորում և այդ միտումը, կարծես թե, կենսակոչվում է, քանի որ շատ ամուր է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապը: Ավելին՝ այն անբաժանելի է:

Հ.Գ. Այս ամբողջ համապատկերում, միջազգային հանրության դրական արձագանքների ներքո, ուղղակի, հետին պլանեն մղվում այն չարախոսությունները, ինչով ուզում են ստվերել կատարված դրական հսկածավալ աշխատանքները: Չարախոսները այն մարդիկ են, ովքեր առնվազն անտեղյակ են համահայկական խաղերի կազմակերպման գործընթացին, կամ որ ավելի հավանական է ՝ «փայ» են ակնկալում խաղերի կազմակերպման «պետականացման» գործընթացից:




Լրահոս