«Առավոտ» օրաթերթն իր խմբագրականում գրում է. «Թե ինչով է ավարտվելու քաղաքապետարան-«Սանիթեք» դիմակայությունը, դժվար է ասել: Իմ տպավորությամբ՝ խնդիրն այնքան է սրվել, որ առանց դատարանի հարցը չի լուծվի: Մենաշնորհ ունեցողը ինքնակամ չի ցանկանա հրաժարվել իր երաշխավորված եկամուտից, որը ստանալու համար առանձնապես ջանքեր չի գործադրում: Մենք էլ՝ քաղաքացիներս (եւ, հուսով եմ, նաեւ քաղաքապետարանը), չենք կարող հանդուրժել, որ Երեանում պարբերաբար աղբի սարեր գոյանան: Խնդիրն, իմ կարծիքով, առաջացել է համակարգերի փոփոխության պատճառով, որի մասին արդեն առիթ էի ունեցել գրելու: Հին համակարգը հիմնված էր փողի «սեւ» շրջանառության վրա, եւ հնարավոր ճեղքվածքները փակվում էին ստվերային պայմանավորվածություներով: Հիմա ամեն ինչ պետք է բաց եւ թափանցիկ լինի, եւ դա, համենայնդեպս, որոշակի ժամանակահատվածում խնդիրներ է առաջացնելու: Որոշ նմանություն եմ տեսնում «ԱրմենՏելի» խնդրի հետ, այդ ընկերությունը նույնպես չէր ուզում հրաժարվել իր մենաշնորհային դիրքերից, եւ պահանջվեց բավականին երկարատեւ իրավական գործընթաց: Հուսամ, որ իշխանության մեջ հիմա կան Դավիթ Հարությունյանի եւ Գեւորգ Կոստանյանի մակարդակի իրավաբաններ (մի կողմ եմ թողնում այդ անձանց քաղաքական դրսեւորումները), որոնք «Սանիթեքի» դեպքում էլ պետությանն առանց կորուստների դուրս կբերեն «ապահարզանի» գործընթացից:
Բայց, ինչպես եւ այլ դեպքերում, այստեղ էլ կարեւոր է քաղաքացիների գործոնը: Ինչպես հայտնի վեպում ասում էր պրոֆեսոր Պրեոբրաժենսկին, Կարլ Մարքսը ոչ մի տեղ չի գրել, որ պետք է միզել զուգարանակոնքից դուրս: Նման ձեւով կարելի է արձանագրել, որ ոչ մի «Սանիթեք» կամ քաղաքապետարանի աղբահավաք հիմնարկ չի ստիպում, որ քաղաքացիներն իրենց աղբը շպրտեն որտեղ պատահի կամ, ավելի վատ՝ ավտոմեքենայի պատուհանից նետեն երթեւեկելի մաս: «Սանիթեքի» կամ քաղաքապետարանի աղբամաններն էլ շատ ավելի բարվոք վիճակում կլինեն, եթե մարդիկ այնտեղ շինարարական աղբ չթափեն:
Ընդհանրապես քաղաքապետարանը, այս պահի «ճեղքվածքը» փակելուց հետո, պետք է աղբահանության հարցում համալիր ծրագիր սկսի, որի մասն են կազմելու ոչ միայն աղբամաններն ու աղբատար մեքենաները, այլեւ աղբավայրը, աղբի մշակումը, աղբի տեսակավորումը եւ… քաղաքացիների մշակույթը: Քիչ է պաստառ կախել՝ «աղբի տեղը աղբամանն է»: Մարդկանց պետք է դաստիարակել, կրթել մանկապարտեզից, մանկամսուրից սկսած: Որպեսզի ժամանակի ընթացքում վերանա աղբը՝ բառիս ուղիղ եւ փոխաբերական իմաստներով:
…Վարչապետը երեկ հրահանգել է ճանապարհային ոստիկանությանը՝ խստորեն տուգանել ավտոմեքենաներից ծխախոտ շպրտողներին: Տեսնես մեկ տարվա մեջ քանի՞ հոգի է տուգանվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: