2015 թվականի հունվարի 12-ին ռուսական ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն և հրազենով դաժանորեն սպանել ընտանիքի հինգ մեծահասակներին ու երկու երեխաներին։
Այնուհետև հինգ հարված էր հասցրել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին։ Երեխան 7 օր անց մահացել էր հիվանդանոցում։
Պերմյակովի դատավարությունն իրականացվեց Հայաստանի տարածքում՝ ռուսական ռազմաբազայում: 2015 թվականին ՀՀ գլխավոր դատախազն էր Գևորգ Կոստանյանը, ով «տղամարդու» խոսք էր տվել՝ Պերմյակովին Հայաստանի արդարադատությանը հանձնել, թեև հանցագործն իր պատիժը կրում է Ռուսաստանի Դաշնությունում:
Հիշեցնենք, որ ՌԴ դատարանի որոշումը երաշխավորում է ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի դատավճռի կատարումը անվերապահորեն ու լիովին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև գործող միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
Նշենք, որ նույն սցենարը, կարծես, փորձում են կիրառել 2018 թվականի դեկտեմբերին Գյումրու Սլաբոդկա թաղամասում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի դաժան սպանության գործով, ի դեպ, այսօր հայտարարվել է նախաքննության ավարտ:
Կնոջ սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը: Ռուս զինծառայողն ինչպես նախաքննության ամբողջ ընթացքում, այնպես էլ ներկայում շարունակում է մնալ ռազմաբազայի տարածքում: Անգամ տուժողի իրավահաջորդների ներկայացրած բազմաթիվ միջնորդություններից հետո Ռազգիլդեևը նույնիսկ մեկ օր չանցկացրեց ՀՀ քրեակատարողական հիմնարկներից որևէ մեկում:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ՝ պարզելու, թե ինչն է պատճառը, որ այս գործի շրջանականերում հանրությունն այնքան էլ պահանջատեր չէ, ինչպես Ավետիսյանների դեպքում էր:
«Արմատապես տարբեր հանցագործություններ են տեղի ունեցել: Այս դեպքը ևս ծանր է, բայց ռուսական բազայի պատասխանատվության հարցը չի եղել, հանցագործության կոծկման հետ կապված: Հանրային ընկալումներում ամեն մի նման հանցագործության համար միտինգ չեն անում, հիմա նույն ձև հարց է բարձրացվում Ամուլսարի հետ կապված: Լուրջ միտինգներ են անցկացվում, բայց Սոթքի հանքի հետ կապված ոչինչ չեն անում, ինչո՞ւ: Բացի դա, դեռ դատական նիստի օրերը հայտնի չեն, և ինչի՞ց որոշվեց, որ նիստերը պետք է անցկացվեն ռուսական ռազմաբազայում: Դեռ ոչինչ հայտնի չէ»,- ասաց Արթուր Սաքունցը:
Լիդա Եղիազարյան