Հայկական հեքիաթը շարունակում է գրվել. «Արարատ-Արմենիան» մոտ է պատմություն կերտելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի «Սաբուրթալո» – «Արարատ – Արմենիա» պատասխան հանդիպումը: Հայկական ակումբը Երեւանում կայացած խաղում պարտվել էր 1:2 հաշվով եւ պատասխան խաղից առաջ ահռելի առավելություն տվել Վրասատանի չեմպիոնին: Շատերը հայկական ակումբի փլեյ օֆֆ անցնելը անիրականանալի էին համարում, սակայն Վարդան Մինասյանի տղաները ցույց տվեցին, որ անհնար ոչինչ չկա եւ սեփական ուժերի նկատմամբ հավատը կարող է լուծել յուրաքանչյուր խնդիր: Մենք արդեն անդրադարձել էինք երեւանյան պարտությանը եւ նշել` այդ ամենը ինչ-որ տեղ պատահականության սկզբունքով էր կատարվել: Պատասխան խաղում «Արարատ – Արմենիան» խաղաց հրաշալի ֆուտբոլ եւ կարողացավ մրցակցի դարպասն ուղարկել 2 անպատասխան գնդակ, ինչի շնորհիվ էլ վաստակեց հաջորդ փուլի ուղեգիր:

Հայաստանի չեմպիոնի այս հաջողությունը դարձավ առաջինը հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

Մենք Եվրոպա Լիգայի որակավորման 4-րդ փուլում ենք. մեզ մնում է անցնել ընդամենը մեկ փուլ՝ Եվրոպա Լիգայի խմբային փուլում հայտնվելու համար եւ այդ մեկ արգելքը Լյուքսենբուրգի «Դյուդելանժ»-ն է:

Կարելի է ասել, որ վիճակահանությունը շատ բարեհաճ գտնվեց մեր թիմի նկատմամբ, սակայն թերագնահատել մրցակցին երբեք պետք չէ: Լյուքսենբուրգի չեմպիոնը նախորդ մրցաշրջանում արդեն խաղացել է Եվրոպա Լիգայի խմբային փուլում, որտեղ, սակայն, զբաղեցրել է վերջին հորիզոնականը: Այնուամենայնիվ նրանք կարողացել են տանը ոչ-ոքի` 0:0 խաղալ իսպանական «Բետիսի» հետ եւ դրսում 2 գոլ հեղինակել իտալական «Միլանի» դարպասը: Պետք չէ մոռանալ նաեւ այն, որ նրանք անցած տարի որակավորվել էին Եվրոպա Լիգայի խմբային փուլին՝ հաղթելով ռումինական «Կլյուժին», այն «Կլյուժին», որը ընդհանուր 7:0 հաշվով ջախջախել էր Երեւանի «Ալաշկերտին»:

Մրցակիցը ամենեւին էլ թույլ չէ, եւ այդ ամենը պետք է հավելյալ զգոնություն տա «Արարատ – Արմենիայի»  ֆուտբոլիստներին: Այսպիսի հնարավորություն հայկական ակումբներից դեռ ոչ ոք չի ունեցնել եւ «Արարատ – Արեմենիան» այդ հաջողակն է,որը ունի այսպիսի հնարավորություն,որը այս հնարավորությունը ստեղծել է մեծ ջանքերի գնով, կարողացել է դուրս գալ շատ դժվար իարվիճակներից եւ նոր էջ  բացել հայկական ֆուտբոլի պատմության մեջ՝ արդեն իսկ սահմանելով մի շարք ռեկորդներ: Ինչպես ասում են «ախորժակն ուտելիս է բացվում». Հայաստանի չեմպիոնը  կանի ամեն ինչ Եվրոպա Լիգայի խմբային փուլ դուրս գալու համար, որն էլ կդառնա հերթական պատմական նվաճումը հայկական ֆուտբոլում: Հուսանք, որ հայկական հեքիաթը կշարունակվի գրվել, եւ հայ երկրպագուների վաղեմի երազանքն արդեն այս տարի կդառնա իրականություն:

Հիշեցնենք, որ «Դյուդելանժ» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս