Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի գործունեության շուրջ լուրջ աղմուկ է հասունանում, եւ չի բացառվում, որ առաջիկայում էլ Հայկ Հովհաննիսյանը ԲԴԽ անդամի պաշտոնից ազատման դիմում կներկայացնի:

Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում ներքին խոսակցություններն ու լարված մթոլորտը չեն խաղաղվում: Մայիսի 24-ին աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, հունիսի 7-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը, սակայն այսքանով ԲԴԽ-ում տիրող իրավիճակը չի հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` դատավորները, ինչպես նաեւ ԲԴԽ անդամները, լուրջ տարաձայնությունների մեջ են ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի հետ եւ դեռ ավելին` վերջիններս դեռեւս նախկինում Գագիկ Հարությունյանին տեղեկացրել են, որ, ճիշտ է, նա Հայկ Հովհաննիսյանի հետ ճանապարհ է անցել, բայց նրան ԲԴԽ բերելը լուրջ խնդիրներ կստեղծի դատավորների եւ ԲԴԽ-ի միջեւ, սակայն Գագիկ Հարությունյանը չի լսել ԲԴԽ անդամների եւ դատավորների հորդորները: Ավելին, լուրեր կան, որ Գագիկ Հարությունյանը հեռանալուց հետո չի պատասխանում Հայկ Հովհաննիսյանի հեռախոսազանգերին:
Մեզ հասած լուրերի համաձայն` առաջիկայում չի բացառվում, որ հրաժարականի դիմում ներկայացնի ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը: Եւ քանի որ հարաբերությունները ներսում այդքան լարված են, Հովհաննիսյանը մտերմիկ շրջանում նեղսրտել է, թե հրաժարական տալուց հետո գնալու է Հայաստանից եւ բնակվելու է Սոչի քաղաքում:
«Ժողովուրդ» օրաթերթը այս եւ այլ հարցերի շուրջ անձամբ զրուցեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհանիսյանի հետ:
-Պարո՛ն Հովհաննիսյան, լուրեր են պտտվում, որ Ձեր եւ ԲԴԽ անդամների միջեւ հարաբերությունները բավականին լարված են. կա՞ նման բան:
– Եթե Դուք ինձ կոնկրետ մարդկանց անուններ եք տալու, սիրով, եթե օդում կախված լուրեր են, ես դրանք չեմ կարող մեկնաբանել:
-Եվս մեկ անգամ փորձենք հասկանալ` Դուք որեւէ մեկի հետ խնդիր ունեք, թե ոչ: Կոնկրետացնեմ` դատավորների, ԲԴԽ անդամների հետ…
-Ո՛չ, ո՛չ: Մենք ունենք շատ գործընկերային նորմալ հարաբերություններ բոլորի հետ:
-Դուք տեղյա՞կ եք, երբ Դուք ԲԴԽ անդամ եք դարձել, դատավորները, ԲԴԽ անդամները Գագիկ Հարությունյանին ասել են. «Թեեւ Դուք Հայկ Հովհաննիսյանի հետ ճանապարհ եք անցել, բայց նրան մի՛ բերեք ԲԴԽ. նա լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու համակարգը»: Ձեզ նման խոսակցություններ հասե՞լ են:
-Ո՛չ, չեն հասել:
-Գագիկ Հարությունյանի` պաշտոնից ազատվելուց հետո լուրեր կան, որ Դուք մի քանի անգամ զանգահարել եք նրան, բայց Ձեզ չի պատասխանել: Այդպե՞ս է:
-Չգիտեմ` որտեղից եք վերցրել այդ ինֆորմացիան. եթե բացահայտեք աղբյուրը, կասեմ:
-Աղբյուրը չեմ կարող բացահայտել. Դուք զանգահարե՞լ եք, թե՞ ոչ:
-Տեսեք, Դուք մի քիչ մտնում եք իմ անձնական ոլորտ հատկապես: Եթե Դուք աղբյուրը չեք բացահայտում, ես էլ այդ հարցին չեմ պատասխանում: Ես ցանկանում եմ անդրադառնալ հաջորդ հարցին, որ Դուք ասացիք, թե այստեղ խոսում են, որ Գագիկ Հարությունյանը բերել է ինձ այստեղ: Տարբեր ընկալումները չեմ մեկնաբանում, ինձ, ինչպես նաեւ ԲԴԽ մյուս 4 գիտնական եւ հեղինակավոր իրավաբան անդամներին, ընտրել է Ազգային Ժողովը:
-Լավ, խնդրում եմ պատասխանել հետեւյալ հարցին. խոսվում է, որ առաջիկայում հրաժարական կներկայացնեք: Նաեւ ասել եք մտերիմների մոտ, որ գնալու եք Հայաստանից բնակվելու Սոչի քաղաքում: Արդյոք դատավորների եւ ԲԴԽ անդամների հետ այդքան լարված հարաբերություններն ու վա՞խն է Ձեզ դրդելու ազատման դիմում գրել:
-Կներեք, բայց այդ հարցը բամբասանք է ծայրից ծայր ու չի համապատասխանում իրականությանը, իսկ Հայկ Հովհաննիսյանը ոչնչից չի վախենում իր կյանքում եւ ոչ մի դժվարությունից չի ընկրկում ընդհանրապես:
– Իսկ դիմում չե՞ք գրելու:
-Իսկ եթե մի օր որոշեմ հրաժարական տալ, այդ մասին օր առաջ անձամբ Դուք կիմանաք. հիմա չկա նման տրամադրվածություն, հիմա կա բեղուն աշխատանք:
-Դուք հայտարարել էիք դատավորների շրջանում կաշառքի պրովոկացիայի մասին, ու լուրեր կան, որ ԲԴԽ-ում այս Ձեր հայտարարության մասով կարգապահական վարույթ է հարուցվել կամ հարուցվելու: Դուք տեղյա՞կ եք:
-Ես չեմ լսել դրա մասին, իսկ այդ ֆեյսբուքյան ասուլիսից մեջբերումները լրատվության մեջ կիսատ էին, որովհետեւ ասել էի Վրաստանի օրինակով: Վրաստանում դրա վերաբերյալ ընդունվեց առանձին օրենք, եւ դրանից հետո ամեն ինչ արվեց: Հիմա քանի որ ժամանակը կարճ է, եւ ես խոսում եմ ամփոփ մտքերով, ինձ թվում է, որ ունկնդրողների մեջ կան պրոֆեսիոնալներ, որոնք պետք է հասկանային, որ ես չէի կարող առաջարկել որեւէ բան, որը անօրինական է: Ես աշխատում եմ, շարունակում եմ աշխատել, ոչ մեկից չեմ վախենում, ոչ մեկին ինձ թշնամի չեմ համարում, հակառակը` իմ գործն անում եմ այնպես, որ դատավորները ունենան հարմարավետ աշխատանքի պայմաններ: Ես աշխատում եմ դատավորների համար եւ դատավորների համար աշխատելով` աշխատում եմ մեր հանրության համար, որպեսզի եթե դատավորները ունենան հարմարավետ աշխատանքի պայմաններ, հանրությունն էլ, հույս ունեմ, գոհ կլինի դատարանի աշխատանքից: Եթե կա քննադատություն, վերաբերվում եմ դրան շատ առողջ, ընդունում եմ, փորձում դասեր քաղել եւ գնալ առաջ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

 

ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ
Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին անընդհատ պաշտոնանկություններ են տեղի ունենում, եւ դրանց պատճառը համարվում են Հայաստանն ու Հայաստանի հետ փոխհարաբերությունները։
Բանն այն է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կարծես թե, հայտնվել է երկու քարի արանքում՝ նախկին եւ ներկա իշխանությունների հետ հարաբերությունների մասով։ Այստեղ ցավալին այն է, որ նախկին իշխանությունները հենց Արցախն են փորձում օգտագործել իրենց վերարտադրության համար, իսկ նոր իշխանություններն էլ իրենց պահանջներն են թելադրում։ Ամեն դեպքում, ArmLur.am-ի տեղեկություններով` Բակո Սահակյանը մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքն ինքնուրույն է, եւ իրեն ոչ ոք չի կարող ստիպել որեւէ բան անել։ Եվ չնայած նա ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացրել, անգամ պարել Սերժ Սարգսյանի հետ, սակայն նրանց եւս ասել է չխառնվել իր ներքին գործերին. ինքը չեզոք է։ Եվ, ահա, այս վերջին օրերի ազատումներով ու նշանակումներով նա փորձում է խճճել իրավիճակը։
Բանն այն է, որ լուրեր կան, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի առջեւ Վիտալի Բալասանյանին աշխատանքից հեռացնելու պայման էր դրել, իսկ, ահա, Սերժ Սարգսյանն էլ ասել է՝ մի՛ հեռացրու։ Եվ, ահա, այս օրերի ձգձգումներից հետո շատերը Բակո Սահակյանին մեղադրում էին, որ նա շարժվում է նախկին իշխանությունների` Սերժ Սարգսյանի ասելով։ Սակայն այսօր պարզ դարձավ, որ նա, ի վերջո, Վիտալի Բալասանյանին ազատել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, եւ, ըստ էության, ստացվում է՝ կատարել է Նիկոլ Փաշինյանի պահանջը։ Սակայն դրա հետ մեկտեղ Բակո Սահակյանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Արթուր Աղաբեկյանին, որը նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մտերիմն է եւ համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեւի ներկայացուցիչ, քանի որ Արայիկ Հարությունյանը համարվում է Արցախի նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն։ Այս որոշումով էլ նա, ըստ էության, դեմ է գնացել Նիկոլ Փաշինյանին։ Դրա հետ մեկտեղ մեկ այլ պաշտոնի էլ արդեն նշանակել է Լեւոն Մնացականյանին, որը պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել էր դեռ նախորդ տարի եւ նշանակվել արտակարգ իրավիճակների նախարար։ Հիմա էլ նա տեղափոխվեց Արցախի ոստիկանապետի պաշտոնին, իսկ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանն էլ կնշանակվի քննչական ծառայության ղեկավար:
Դրա հետ մեկտեղ երեկ նախկին իշխանությունների կողմից շրջանառության մեջ էր դրվել, թե Արցախ ուղարկվող օգնությունը այլեւս չի լինի, թե, իբր, Հայաստանը հրաժարվել է, բայց դա էլ արագ հերքվեց։ Արցախը կստանա այնքան գումար, որքան նախատեսված է եղել, եւ ոչինչ չի կարող փոխվել երկու երկրների փոխհարաբերություններում:

 

 

 

ՈՐՈՇԵԼ Է ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ
Սահմանադրական դատարանը երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը: Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանը, ղեկավարվելով Սահմանադրական դատարանի աշխատակարգի 29-րդ կետով, որոշել է ուսումնասիրություններ կատարելու նպատակով մայիսի 20-ին ՍԴ մուտքագրված Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգել մինչեւ 2019 թվականի հուլիսի 9-ը: Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնել ե՛ւ Քոչարյանին, ե՛ւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով դիմել ՍԴ:

 

 

 

ԱՐՏԱԴՐԵԼՈՒ ՈՒ ԱՐՏԱՀԱՆԵԼՈՒ ՃԱՄՓԻՆ
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, որում անդրադարձել է տնտեսական հեղափոխության իրագործման վերաբերյալ իր տեսլականին: Նա հայտարարել է, որ այդ ծրագրի իրագործման համար ամենակարեւոր սկզբունքը երկիրն արտադրող ու արտահանող դարձնելու ճանապարհը բռնելն է: «Հայաստանը արտադրող երկիր դարձնելը տնտեսական հեղափոխության ամենակարեւոր սկզբունքներից է: Երկարաժամկետ իմաստով` չմշակված հումքի, նույնիսկ չմշակված գյուղմթերքի արտահանումը երկրից պետք է հասցնել նվազագույնի, եթե չասենք` պետք է բացառել, որովհետեւ սա է բարեկեցության հասնելու, աղքատությունը հաղթահարելու վստահելի ճանապարհը: Առողջություն բոլորիդ»,- գրել է ՀՀ վարչապետը: Գրության վերջում վարչապետը հրապարակել է առաջին անգամ Հայաստանում բժշկական պարագաների արտադրությամբ զբաղվող ընկերության գործունեության մասին պատրաստված տեսանյութը:

 

 

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին երեկ դարձյալ չէին ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ պետք է կայանար Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը: Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի գրությունն առ այն, որ ամբաստանյալը գտնվում է ծանր առողջական վիճակում, նա չի կարող մասնակցել նիստին եւ, ըստ գրության, Մանվել Գրիգորյանը 24 ժամվա ռեժիմով գտնվում է արհեստական շնչառության տակ:




Լրահոս