Լուսանկարը` «Ժողովուրդ» օրաթերթի
Երեւանի Սարյան փողոցն է, որտեղ կայանված է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա: Անհայտ վարորդը թաքցրել է համարանիշները, եւ տեւական ժամանակ ավտոմեքենան չի տեղաշարժվել: Եվ հարց է առաջանում` որտե՞ղն են ճանապարհային ոստիկանները:
ՀԱՐՑ. Ես ծնվել, մեծացել եմ Ֆրանսիայում եւ ունեմ Ֆրանսիայի քաղաքացիություն: Ծագումով, սակայն, Հայաստանից եմ եւ ցանկանում եմ ստանալ նաեւ Հայաստանի քաղաքացիություն: Ինչպե՞ս է հնարավոր երկքաղաքացիություն ստանալ:
Անահիտ Դանիելյան, 24 տարեկան
ՊԱՏԱՍԽԱՆ. Անձի` ՀՀ քաղաքացիության պատկանելիության հարցը որոշվում է «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով սահմանված իրավական հիմքերով: Եթե անձը օրենքի ուժով չի հանդիսանում ՀՀ քաղաքացի (ծնողների հիմքով ՀՀ քաղաքացի չէ), կարող է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Հարցը կարգավորվում է ՀՀ նախագահի հրամանագրով: Ընդհանուր պայմաններ են, որպեսզի անձի 18 տարին լրացած լինի, վերջին երեք տարին մշտապես բնակվի Հայաստանում, ծանոթ լինի ՀՀ Սահմանադրությանը եւ կարողանա նվազագույնս խոսել հայերեն: Նշված պարտադիր պահանջներից բացառություն են կազմում ազգությամբ հայերը, որոնց վրա տարածվում է ՀՀ քաղաքացիության համար դիմելու պարզեցված ընթացակարգը:
Այսինքն` ազգությամբ հայի համար պարտադիր չէ, որ, օրենքով սահմանված կարգով, վերջին երեք տարին բնակվի Հյաաստանում, դրանից հետո նոր դիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով: Ազգությամբ հայերը չեն հանձնում նաեւ ՀՀ Սահմանադրության եւ հայոց լեզվի իմացության թեստ: Տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անձը կարող է դիմել օտարերկրյա պետությունում գտնվող ՀՀ հյուպատոսական ծառայություն, իսկ Հայաստանում գտնվելու դեպքում` անձնագրային եւ վիզաների վարչություն: Պետք է ներկայացնել այլ պետության անձնագիրը` հայերեն թարգմանված, հաստատված նոտարով, ծննդյան վկայականը (եթե այլ պետության կողմից է տրված, նույն կարգով), թվով վեց գունավոր լուսանկար:
Եթե ծննդյան վկայականում նշված չէ, որ դիմումատուն կամ ծնողներրից թեկուզեւ մեկը ազգությամբ հայ է, պետք է ներկայացնի ՀՀ կառավարության` 2007 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1390-Ն որոշմամբ սահմանված ազգությամբ հայ լինելը հավաստող փաստաթուղթ:
Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, ՀՀ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին մայր հողում քաղաքացիություն ստանալ: Եվ այն, որ ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացի դառնալը հեշտ է եւ առանց ավելորդ փաստաթղթերի եւ քաշքշուկների, ողջունելի եւ գովելի է:
ՀԱՐՑ Ի՞նչ ժամկետում է կատարվում օտարերկրացու մասնակցությամբ ամուսնության պետական գրանցումը:
Ալինա Ադամյան, 31 տարեկան
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության թույլտվությունը տրվում է մինչեւ 10-օրյա ժամկետում, որից հետո ամուսնության հետագա գրանցումը ՔԿԱԳ տարածքային վայրում իրականացվում է ՀՀ քաղաքացիների ամուսնության գրանցման համար սահմանված կարգով: Եթե ամուսնական զույգը ցանկություն ունի սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցել ամուսնությունը, ապա բացի պետական տուրքից պարտավոր է վճարել կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը: Անձը ազատվում է նշված արտաբյուջետային գումարները վճարելուց, եթե առկա են նույն հարգելի պատճառները, որոնք նախատեսված են ՀՀ քաղաքացիների միջեւ ամուսնությունը օրենքով սահմանված ժամկետից շուտ գրանցելու համար:
Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, օտարերկրյա պետությունում մշտապես բնակվող ՀՀ քաղաքացիների հետ ամուսնությունը սահմանված 10-օրյա ժամկետից շուտ գրանցելու ցանկության դեպքում, բացի պետական տուրքից, վճարվում է կառավարության որոշմամբ սահմանված լրացուցիչ արտաբյուջետային գումարը հետեւյալ չափերով.
– երկու աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար` 150.000 դրամ,
– հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար` 120.000 դրամ,
– յոթ աշխատանքային օրվա ընթացքում գրանցելու համար` 90.000 դրամ:
Իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ամուսնացողները պարտադիր կարգով նախազգուշացվում են ամուսնությանն արգելք հանդիսացող հանգամանքները թաքցնելու եւ ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հայտնելու համար պատասխանատվության ենթարկվելու մասին: Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը (փաստաթղթերը) եւ քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցողի անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերենով` օրենքով սահմանված կարգով: