
Վրաստանի կողմից դեպի ռուս-վրացական սահմանը տանող ճանապարհին սահմանափակումներ են սահմանվել ցերեկային ժամերին տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, սահմանափակումները պայմանավորված են Մցխեթա-Ստեփանծմինդա-Վերին Լարս միջպետական ավտոճանապարհի 125-րդ կիլոմետրին՝ Թերեք գետով անցնող կամրջի վրա, իրականացվող վերանորոգման աշխատանքներով:
Վերոնշյալ հատվածում օգոստոսի 19-22-ն ընկած ժամանակահատվածում ամեն օր 12:00-16:00-ն արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է: Երթևեկությունն ամբողջովին ազատ է օրվա մնացյալ ժամերին:
Տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկելու է Վրաստանի պարեկային ոստիկանությունը: