Armenian text to speach

Դատախազության ձախողումը. ինչո՞ւ չստացվեց արտահանձնել Միհրան Պողոսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

«Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ»,-ասված է հայտարարության մեջ:

Ըստ էության՝ սա ՀՀ դատախազության ձախողումն է:

Նշենք, որ ավելի վաղ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու դուստրը՝  ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան չի հայցել, և խոսքը ոչ թե քաղաքական ապաստանի, այլ միջազգային պաշտպանության մասին է: Վարչական դատարանի դատավորը նաեւ նշել էր, թե իր տրամաբանությամբ պետք է պաշտպանություն տրամադրելու որոշում կայացվի, եւ արտահանձնումը մերժվի:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ նախկին պետը ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

Ըստ մեղադրանքի` Միհրան Պողոսյանը, 2008թ. հունիսի 11-ից զբաղեցնելով ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը, իր անձնական անվտանգությունն ապահովող անձին նշանակել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատուի, իսկ անձնական վարորդին` նույն բաժնի առաջատար խորհրդատուի պաշտոնին: Նրանք, որպես նշված բաժնի աշխատակիցներ, փաստացի աշխատանքի չեն հաճախել և համապատասխան պաշտոններից բխող պարտականություններ չեն իրականացրել, այլ կատարել են Միհրան Պողոսյանի անձնական բնույթի հանձնարարությունները, սակայն վերջինիս հանձնարարությամբ ստացել են աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ՝ ընդհանուր՝ 44.199.463 ՀՀ դրամի չափով:

Արդյունքում` Միհրան Պողոսյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գումար` 44.199.463 ՀՀ դրամ:

2019թ.-ի ապրիլի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:




Լրահոս