Օգոստոսի 16/17-ի գիշերն Օդեսայի «Տոկիո սթար» հյուրանոցում ուժեղ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով առնվազն 8 հոգի զոհվել է, ևս 10 հոգի վիրավորվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:
«Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղի ոստիկանության և արտակարգ իրավիճակների մարմինների հետ: Ըստ ոստիկանության տվյալների` վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ և հայեր չկան: Զոհվածների որոշ մասի ինքնությունն առայժմ ճշտված չէ»,- գրել է դեսպանը:
Համաձայն ոստիկանության նախնական տվյալների՝ հրդեհը սկսվել է հյուրանոցի երկրորդ հարկում: Այդ ժամանակ այնտեղ եղել է 200 մարդ: Նրանց մեծ մասը տարհանվել է:
Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: Հարուցվել է քրեական գործ «հրդեհային անվտանգության կանոնների խախտման» հոդվածով: