Արմավիրի մարզում այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել:Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաներում Էջմիածնի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել են Ակնաշեն գյուղ, որտեղ «Մեր Էրգիր» ռեստորանային համալիրի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի:
Դեպքի առավել մանրամասների շուրջ ArmLur.am-ը զրուցել է Ակնաշեն համայնքի ղեկավար Միսակ Միսակյան հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ մահացած 44-ամյա Արմեն Բ.-ն Արտաշատ քաղաքի բնակիչ էր:
«Մեր Էրգիր» ռեստորան է այցելել ընտանիքի հետ միասին, սակայն որոշ ժամանակ անց իրեն վատ է զգացել, մինչև շտապ օգնությունը ժամանել է, 44-ամյա տղամարդը մահացել է»,-ասաց Ակնաշենի համայնքի ղեկավարը:
Նշենք, որ ոստիկաններն ու քննիչները նշված ռետսորանային համալիրի լողավազանում հայտնաբերել են Արտաշատ քաղաքի բնակիչ, 44-ամյա Արմեն Բ.-ի դին:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր և վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Լիդա Եղիազարյան