ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանը Հայաստանին անօրինականության մեջ է մեղադրում, իսկ թիվ մեկ երաշխավորը սպասում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից օրեր առաջ հայտնեցին, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին պաշտոնական Մոսկվան չի տալու հայրենի իրավապահներին։ Իհարկե, որոշումը սպասելի էր, բայց խնդիրը դրա հիմնավորման մեջ է։

Նախկինում խոսվում էր, որ հայ գեներալ Միհրան Պողոսյանը, որ մոտ 10 տարում հասցրեց պետության հաշվին հարստանալ, երբ դիմել է ՌԴ-ին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով, այն, միանշանակ, կբավարարվի։ Բայց դա տեղի չունեցավ, քանի որ ՌԴ-ն չցանկացավ քաղաքականացնել մի հարց, որտեղ ավելի խոցելի է իրավաբանությունը։ Նախօրեին ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Ինչ է այն ենթադրում:

Այսինքն՝ իրավաբանական առումով խոցելի դրույթներ ու հիմնավորումներ է տեսել ՌԴ դատախազությունը ՀՀ դատախազության միջնորդության մեջ ու Կոնվենցիային հղում անելով՝ մերժել է Հայաստանի միջնորդությունը։

ՀՀ դատախազությունն էլ հիմա ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ:

Եվ հարց է՝ արդյոք ՌԴ դատախազությունը կընդունի մեր կողմի առաջարկը՝ հավելյալ բացատրություն տալու, թե կմատնի անտարբերության։ Ամեն դեպքում, այս իրավիճակը ցույց է տալիս 2 կարևոր արձանագրում.

1. ՀՀ դատախազությունում չկա մեկը, որ ի վիճակի լինի բանակցել ռուսական կողմի հետ, բացատրել տխրահռչակ Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու անհրաժեշտությունը և երկաթե ամրության փաստարկները՝ նրա հանցագործ լինելու մասին։

2. Հայաստանի դատախազությունը միջնորդություն է ներկայացրել մեր ռազմավարական գործընկեր երկրի դատախազությանը՝ կոնվենցիոն խախտումներով։

Համաձայնեք՝ երկուսն էլ տխուր և ցավալի արձանագրում են այն համատեքստում, որ նոր Հայաստանում քննվում են երկար սպասված արդարադատության կարոտ գործեր՝ թույլ հիմնավորումներով կամ, առհասարակ, հիմնազուրկ։ Մինչդեռ նույն Միհրան Պողոսյանին հնարավոր և անհրաժեշտ է քրեական պատասխանատվության ենթարկել ՀՀ քրեական օրենսգրքի մի փունջ հոդվածներով։

Հիշեցնենք, դեռևս մայիսի 10-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղեց, թե ինչպես անհասկանալի պայմաններում Միհրան Պողոսյանը կարողացավ դուրս գալ երկրից: Պատգամավորը նախ հետաքրքրվեց՝ ի՞նչն է պատճառը, որ նախապես չեն ձեռնարկվում քայլեր՝ կանխելու նման դեպքերը, երբ մեղադրյալներին հաջողվում է լքել Հանրապետության տարածքը: Ապա հարց ուղղեց՝ պատրաստվո՞ւմ եք արդյոք երաշխավորել բոլոր քրեական գործերի օրինականությունը, որոնք այսօր ընթանում են մեր երկրում, ինչին ի պատասխան՝ ՀՀ իրավապահ համակարգի թիվ մեկ պատասխանատուն դրական արձագանք տվեց՝ այո, պատասխանատու եմ։

Փաստորեն, ՌԴ մերժումից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ օրինականության մասով արդեն խնդիրներ ունենք՝ արձանագրված այլ երկրի իրավապահ կառույցի կողմից։ Ասել է թե՝ Ռուսաստանը Հայաստանին անօրինականության մեջ է մեղադրում։

Եվ ինչպե՞ս է այդ դեպքում օրինականության թիվ մեկ երաշխավորը՝ Արթուր Դավթյանը, արձագանքում սրան։ Ի պատասխան ArmLur.am-ի հարցադրման՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը նշեց, որ հավելելու այլ բան չունեն:

Դատախազությունը սպասում է…

Վերջում հիշեցնենք, որ ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Ու հիմա առոք-փառոք վայելում է գումարները Մոսկվայում։

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան




Լրահոս