ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կաշկանդված ոստիկաններն իրենց վերադասների հետ կպատժվեն խստորեն. Օսիպյանը օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 17-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ստորաբաժանումների ղեկավարները նաև սպայական առաջին ուսադիրներն ստանալու և պարգևատրման համար ներկայացած ծառայողներ։

Ողջունելով ներկաներին` Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող այն վեց ծառայողներին, ովքեր առաջխաղացման կարգով նշանակվել էին սպայական կազմի պաշտոններում՝ ստանալով լեյտենանտի կոչում։

Առաջին սպայական ուսադիրները ծառայողներն անձամբ ստացան ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանից:

2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության ընթացքում բարձր ցուցանիշներ ապահովելու, ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար տարբեր ստորաբաժանումների ևս 10 ծառայող արժանացան մեդալների, կրծքանշանների ու պատվոգրերի։

«Այսօր ծառայողն առաջխաղացման կամ պարգևատրման է արժանանում բացառապես իր գիտելիքների, իր աշխատանքի շնորհիվ` առանց որևէ մեկի միջնորդության ու հովանավորության: Բարեխիղճ աշխատանքն ու մասնագիտական որակներն են առաջխաղացման գրավականը»,-ասաց Վալերիյ Օսիպյանը։ Եվս մեկ անգամ շնորհավորելով պարգևատրվողներին և մաղթելով բարի ծառայություն` ոստիկանության պետը շարունակեց խորհրդակցությունը:

Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ 2019 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Վերլուծելով հանրապետության օպերատիվ իրավիճակը` ոստիկանության պետը հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ տվեց կոնկրետ ցուցումներ՝ տիրապետել սպասարկվող տարածքի օպերատիվ իրավիճակին, բնակիչների հետ պարբերաբար հանդիպումներ կազմակեպելով ամրապնդել ոստիկանություն-հասարակություն կապը, առավել ուշադիր ծառայել բոլոր այն վայրերում, որտեղ կան ռիսկային օբյեկտներ, հասարակական կարգը խախտող քաղաքացիների, կարգազանց վարորդների նկատմամբ լինել խիստ և սկզբունքային։

«Անհրաժեշտության դեպքում օրենքը թույլ է տալիս նաև ֆիզիկական ուժ գործադրել, սակայն ֆիզիկական ուժի կիրառումը պետք է տարբերել բռնությունից: Իսկ եթե կլինեն կաշկանդված ոստիկաններ, որոնք իրենց անգործությամբ կասկածի տակ կդնեն ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, այդ ոստիկանները իրենց վերադասների հետ կպատժվեն խստորեն»,- ասաց Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետը ճանապարհային ոստիկանության ղեկավարներին ցուցում տվեց լինել խիստ մեքենայից աղբ, մասնավորապես` ծխախոտի մնացորդ նետող քաղաքացիների նկատմամբ, որոնց արարքը կարող է հրդեհի պատճառ դառնալ։

Ամփոփիչ խոսքում Վալերիյ Օսիպյանը անդրադարձավ նաև ապօրինի որսի, անօրինական ծառահատումների դեմ պայքարի խնդիրներին։
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին:




Լրահոս