Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ:
Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը: Վարչապետը նշել է, որ այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել պետական պատկան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են Ամուլսարի հանքի ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ, և խորհրդակցության սղագրությունը կհրապարակվի օրվա ընթացքում:
Վարչապետը հանդիպել է նաև ՔՊ-ական պատգամավորների հետ: Վերջիններիս հետ վարչապետը քննարկել է Ամուլսարի թեման: ArmLur.am-ի տեղեկություններով՝ ակտիվ քննարկում է տեղի ունեցել: Պատգամավորները ցանկացել են հասկանալ՝ ինչ դիրքորոշում ունի վարչապետը, և իրենք ինչ պետք է հայտնեն հանրությանը:
Նիկոլ Փաշինյանը հայտնել է պատգամավորներին, որ այս հարցը տարակուսելի է: Փորձաքննության արդյունքում գրանցվել են դրական արդյունքներ և անգամ քրեական գործ հարուցելու հիմքեր չեն եղել:
Պատգամավորներն իրենց հերթին հայտնել են, որ տասնյակ փաստաթղթեր են ուսումնասիրել ու եկել են այն եզրակացության, որ Ամուլսարի շահագործումը թույլատրելի է: Սակայն պատգամավորների մեջ եղել են բնապահպանական նախկին ակտիվիստներ, որոնք դեմ են արտահայտվել Ամուլսարի շահագործմանը, և հայտնել են, որ պետք է բավարար հիմքեր գտնվեն, որոնց հիման վրա չի թույլատրվի հանքի շահագործումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել և հայտնել, որ այսօր երեկոյան հանդես կգա հայտարարությամբ: