Հոգեպես անառողջ 50 մարդ տնային պայմաններում կխնամվի. սոցապ նախարարության նոր նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով տնային պայմաններում խնամքի ծառայություններ կստանան հոգեկան առողջության խնդիրներ ունեցող առնվազն 50 մարդ։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս թեմայի շուրջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նոր նախագիծ է մշակել և շրջանառության մեջ դրել։

Բանն այն է, որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն տնային պայմաններում խնամքի և սպասարկման ծառայություններ չեն տրամադրվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին: Այսինքն այն անձինք, որոնք ունեն հոգեկան առողջության խնդիրներ, բայց չունեն ակտիվ բուժման կարիք, այլ միայն խնամքի կարիք ունեն, չեն կարողանում օգտվել տնային խնամքի ծառայություններից։ Իսկ նրանց ընտանիքի անդամները երբեմն կանգնում են բարդ ընտրության առաջ՝ թողնել աշխատանքն ու խնամել ընտանիքի անդամին, թե նրան տեղափոխել համապատասխան մասնագիտացված խնամքի հաստատություն:

Այդ անձինք, եթե տնային պայմաններում ստանան խնամք և այլ սոցիալական ծառայություններ, ապա չեն դիմի շուրջօրյա խնամքի հատուկ հաստատություններ ընդունվելու համար:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ ներկա դրությամբ նախարարությունում խնամքի հատուկ հաստատություն ընդունվելու համար հաշվառված է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ավելի քան 50 անձ։

Ըստ սոցապ նախարարության՝ նախնական հաշվարկներով, 50 անձի տնային պայմաններում խնամքի ծառայություններ տրամադրելու համար անհրաժեշտ կլինի առնվազն 11 հաստիքային միավոր. հոգեբույժ – 1,0, սոցիալական աշխատող – 2,0, հոգեբան – 1,0, արտթերապիստ-1,0, բուժքույր – 2,0, սոցիալական սպասարկող – 4,0, որոնք պետք է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հետ աշխատելու փորձ ունենան։
Սա դեռ ամենը չէ։

Պարզվում է՝ այս նախագիծն իրագործելու համար անհրաժեշտ է 12 մլն դրամ։ Այդ գումարով նախատեսվում է վճարել 50 անձի տնային խնամքով զբաղվող 10 հաստիքային միավոր աշխատողի աշխատավարձերն ու ճանապարհածախսը։

Սյունէ Համբարձումյան




Լրահոս