Դատարանը երկու ամսով՝ մինչև հոկտեմբերի 26-ը երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի կալանքը: Ավելի վաղ դատարանի կողմից ընդունված որոշման համաձայն՝ Աթամբաևը կալանքի տակ պետք է մնար մինչև օգոստոսի 26-ը:
ՀԻշեցնենքք, որ 2011 թվականից վեց տարի Ղրղըզստանը ղեկավարած Աթամբաևը ձերբակալվել է օգոստոսի 9-ին՝ երկու օր շարունակված հատուկ գործողություններից հետո: Երկրի ուժայինները գրոհել են նրա նստավայրի վրա և բերման ենթարկել, նախկին նախագահը մինչ այդ հրաժարվում էր ներկայանալ հարցաքննության: Բիշքեկից քիչ հեռու գտնվող Կոյ Տաշ ավանում նախկին նախագահի նստավայրի մոտ վերջինիս աջակիցները զինված դիմադրություն էին ցույց տվել, հատուկ ջոկատայիններից մեկը զոհվել էր, մի քանիսը՝ գերեվարվել, տասնյակ մարդիկ ստացել էին մարմնական վնասվածքներ:
Աթամբաևը անցնում է 14 քրեական գործերով՝ անկարգությունների կազմակերպումից ու մարդկանց գերեվարումից մինչև զենք-զինամթերքի ապօրինի շրջանառություն ու սպանության փորձ: