ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդատու ուռուցքաբան Գևորգ Թամամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որով տեղեկացնում է, որ այլևս դադարում է լինել նախարարի խորհրդատուն։ Թամամյանի գրառումը ներկայացնում ենք ստորև՝ ամբողջությամբ․
Պարոն նախարար, Հայտնում եմ Ձեզ, որ այսուհետ դադարեք ինձ համարել առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու: Որոշմանս պատճառները բազմաթիվ են և Դուք դրանց մասին շատ լավ գիտեք, քանի որ երբեք չեմ թաքցրել, սակայն ամենակարևոր պատճառն այն է, որ այդպես էլ չցանկացաք դուրս գալ Ձեր իսկ կողմից ստեղծված թատրոնից և առողջ բանականությանը նախընտրեցիք ֆեյսբուքյան սին մեկնաբանություններն ու պոպուլիստական հայտարարությունները:
Ցավում եմ, քանի որ ունեիք բոլոր հնարավորությունները ռեալ փոփոխություններ կատարելու Հայաստանի առողջապահության ոլորտում, սակայն նախընտրեցիք սուտն ու կեղծիքը, նախընտրեցիք ընտրել այն սենյակը, որտեղ ամենախելացին Դուք կերևայիք, բնավ չընկալելով, որ կայացած բժիշկների նկատմամաբ խանդով ու նախանձով լցվելով և անկարող և նեղմիտ կադրերով ոլորտը լցնելով, քանդում եք այն: Իրոք, ցավալի է, որովհետև բազմաթիվ մարդկանց մոտ ստեղծել եք արդար ու աշխատող մարդու կերպար, որ օրինբուն մտածում է իրենց առողջության մասին, սակայն այդ ամենը շատ հեռու է իրականությունից, և մարդիկ, անկասկած, մի օր արթնանալու են և տեսնեն, որ թագավորը մերկ է, որ այդ ամենն ուղղակի շղարշ էր և նրան միակ հետաքրքրող բանն իր նեղ անձնական շահերն են ու վարկանիշը: Բազմիցս եմ փորձել Ձեզ բերել իրականության դաշտ, սակայն՝ ապարդյուն:
Վերջին հարցազրույցումս (ինչու հարցազրույցով, որովհետև Դուք միշտ խուսափում եք դեմ առ դեմ խոսելուց) նորից մատնանշեցի խնդիրներ, հորդորեցի ուշադիր լսել նույնիսկ ամենակոշտ քննադատությունը, քանի որ ծափահարությունների ձայնը երբեմն խլացնում է մարդուն, ինչին Դուք նախընտրեցիք պատասխանել Ձեզ հարազատ ոճով՝ խարդավանքներ հյուսելով:
Երկու օր է, Ձեր իսկ հրահանգով, առողջապահության նախարարությունից փորձում են կապնվել մեր լավագույն մանկական ուռուցքաբաններին, ովքեր նաև ինձ շատ հարազատ ավագ ընկերներ են և ուսուցիչ, առաջարկելով լինել առողջապահության նախարարության մանկական ուռուցքաբանության գծով խորհրդատու: Հիանալի հաշվարկ էր, իհարկե, ես երբեք դեմ չէի արտահայտվի նման թեկնածությանը, և Դուք սահուն կազատվեիք Ձեր ուռուցքաբանության գծով խորհրդատուից:
Սակայն կար մի մեծ բայց՝ ի տարբերություն Ձեզ և Ձեր շրջապատում հանգրվանած բազմաթիվ դեմքերի, մեզ համար պաշտոններն ու աթոռները երբեք որևէ նշանակություն չեն ունեցել: Եվ Ձեզ ի գիտություն, ես տեղյակ եմ եղել ձեր յուրաքանչյուր զանգից և բառից: Փոխանակ ուղիղ տեքստով ինձ փոխանցեիք Ձեր ցանկության մասին, փորձում էիք աշխատացնել՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքը: Երևի մոռացել էիք, որ առաջին անգամ երբ առաջարկեցիք այդ «պաշտոնը», մերժեցի, համարելով, որ ոլորտում ավելի արժանի թեկնածուներ կան: Եվ միայն այնուհետև համաձայնեցի, միամտորեն հավատալով, որ կարող եմ գործին օգուտ բերել: Սակայն կյանքն այլ բան ցույց տվեց… Եվ, անկեղծ, խորհուրդ կտամ չմտնել բանավեճի մեջ, ոչ ուղղակի, ոչ էլ միջնորդավորված, հակառակ դեպքում, խոստանում եմ, որ նույնիսկ Ձեզ այդպես ջանասիրաբար պաշտպանողներն ու ձոներ հյուսողները խորը հիասթափություն կապրեն: Այսքանը։
Գևորգ Թամամյան
Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվ Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Երևանի պետական բժշկական համալսարանի մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության զարգացող երկրներում օժանդակ բուժման աշխատանքային խմբի համանախագահ
Ամերիկայի կլինիկական ուռուցքաբանության միության IDEA աշխատանքային խմբի նորընտիր ղեկավար Հայաստանի բժիշկների միության նախագահ։