Այսօր՝ օգոստոսի 20-ին, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել դատարան՝ վերջինիս խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ:
Դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշեց պաշտպանների միջնորդությունը մերժել, Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Դատարանը որոշեց նաև կրկին նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ Մանվել Գրիգորյանի ներկա առողջական վիճակի մասին տեղեկություններ ստանալու համար:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանն առողջական վիճակի պատճառով դատական նիստին չէր մասնակցում։