ԴԱՏԱՐԱՆԸ` ԿՐԿԻՆ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դատական իշխանությունը հերթական փորձության առջեւ է: Ինչպես հայտնի է, երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցի քննությունը: Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետեւյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել` ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:
Համաձայնեք, որ իրապես աննախադեպ իրավիճակ է. Հայաստանի նախկին ղեկավարը ներկա ղեկավարին դատի է տվել: Եւ այս իմաստով դատավորին` Լիլիթ Սարգսյանին, լուրջ փորձություն է սպասվում: Ու եթե այս գործի ելքը չլինի այնպիսին, ինչի մասին դատարանում հայտարարել էր Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը` ասելով. «Եթե հայտարարվի, որ Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից», ապա իսկապես դատավոր Սարգսյանը լուրջ քննություն ունի հանձնելու` սկսած վեթթինգից, վերջացրած դատական անկախության մասին բարձրաձայնումները:

 

 

 

ՀՅԴ-ն առարկում է իշխանությունների այն նախաձեռնության դեմ, որ պետք է խորհրդարանը քննի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, թե դա բացառապես գործադիրի լիազորությունն է, ու անհասկանալի է, թե գործադիրի լիազորության տակ գտնվող գործառույթը ինչու են փոխանցել օրենսդիրին: «Ու հարց է առաջանում. այսքան անհրաժեշտության պայմաններում ինչո՞ւ գործադիր իշխանությունը չի իրականացնում այդ աշխատանքը, հատկապես երբ խոսում ենք մենք միանշանակ մեծածավալ, պետական հույժ կարեւորության գաղտնիքների մասին: Այդ աշխատանքները, ինչպես ընդունված է միջազգային փորձում, ենթադրում է ծառայողական քննություններ, ռազմագիտական լուրջ ուսումնասիրություններ, որը բնորոշ է բացառապես գործադիր իշխանությանը»,- հայտարարեց Մինասյանը: ՀՅԴ-ականը տարակուսանք հայտնեց, որ սա կարող է ընդամենը շոու լինել, որի դեպքում պետք է ամեն կերպ խուսափել բանակի հեղինակազրկումից:

 

 

 

 

Ինչպես հայտնի է, շաբաթ օրը՝ հունիսի 15-ին, պետք է տեղի ունենար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարը, որի ժամանակ պետք է ընտրվեր կուսակցության վարչության նոր կազմ, ապա նաեւ վարչության նախագահ: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համագումարի օրը փոխվել է, եւ տեղի կունենա ոչ թե հունիսի 15-ին, այլ մեկ օր անց՝ հունիսի 16-ին: Մեր տեղեկություններով` որոշումը տեխնիկական է, եւ վերջին պահին խնդիրներ են առաջացել` համագումարի վայրի անցկացման հետ կապված: Չնայած նախապես հստակեցվել է, որ այն տեղի կունենա «Արմենիա մարիոթ» հյուրանոցի սրահներից մեկում, բայց վերջում սրահի հետ կապված խնդիրներ են առաջացել, եւ հետաձգվել է համագումարը: Ինչո՞ւ նախապես չեն հաշվարկվել նման հարցերը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ՔՊ անդամ, կուսակցության նախկին մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը հաստատեց համագումարի օրվա տեղափոխման լուրը, սակայն այլ մանրամասներ չհայտնելով` միայն նշեց. «Կազմակերպչական աշխատանքների պատճառով համագումարը տեղի կունենա հունիսի 16-ին»:

 

 

 

 

ՀՀ Ազգային ժողովի երկու պատգամավորների մասով ՀՀ Քննչական կոմիտեում երկու քրեական գործ կա հարուցված, ընդ որում` երկուսն էլ վերաբերում են իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: «Պատգամավորների մասնակցությամբ ունենք երկու գործ. Սոֆյա Հովսեփյանի եւ Գայանե Աբրահամյանի նկատմամբ հնչեցրած սպառնալիքներն են, որով քրեական գործեր ենք հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդված հատկանիշներով, եւ իրականացնում ենք նախաքննություն», – նշեց կոմիտեի ղեկավարը: Մեր հարցին` կասկածներ կան, թե ովքեր, ինչու են սպառնացել օրենսդիրներին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահը միայն հայտնեց, որ քննությունը շարունակվում է, եւ այս պահին կասկածյալներ դեռ չկան: Իսկ թե ինչ եղանակով եւ ինչու են սպառնացել օրենսդիրներին, Հայկ Գրիգորյանը չմանրամասնեց:

 

 

 

ՈՉ ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հետաքրքիր մի նախաձեռնությամբ է հանդես եկել, որով առաջարկվում է նաեւ, որ իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, եթե բացակայում են քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը), պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:
Այսինքն` օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլեւ իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: Խաչատրյանի կարծիքով` օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու «Ոստիկանության մասին» օրենքի 38-րդ հոդվածով նախատեսված` ոստիկանության ծառայողի, ինչպես նաեւ իշխանության այլ ներկայացուցիչների իրավական ապահովության երաշխիքների լիարժեք իրացումը:
Իհարկե, նորմալ է, որ իշխանության խորհրդարանական հատվածի ներկայացուցիչը փորձում է պաշտպանել իշխանության գործադիր կողմի շահերը, որպեսզի առավել էֆեկտիվ կառավարման համակարգ ունենանք, առավել եւս մեր ժամանակներում, երբ ատելության քարոզը, թշնամանքը եւ բռնությունների պրոպագանդան շարունակում են զարգանալ ու զարգանալ: Պետական պաշտոնյաները առավել քան երբեք պաշտպանության կարիք ունեն, քանի որ շատ դեպքերում արհեստականորեն լարվածություն է ստեղծվում պետական պաշտոնյաների նկատմամբ:
Բայց, մյուս կողմից, մենք ունենք իրավիճակ, որ ոստիկանները կարող են քաղաքացիական հագուստով մարդ տանել, ծեծել… Ու տարակուսելին այն է, որ դեպքի մասին երբ բարձրաձայնեց ԼՀԿ ներկայացուցիչ Գեւորգ Գորգիսյանը, նրան հակադարձեց «Իմ քայլ»-ից իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ հերքելով, թե նոր Հայաստանում չի կարող նման բան լինել, սուտ է ասում: Սակայն ՀՀ ոստիկանությունը չհերքեց տեղի ունեցածը, եւ ծառայողական քննություն է ընթանում:
Եւ այս իրավիճակում հարցեր են առաջանում. արդյոք միայն օրենքո՞վ է հնարավոր պաշտպանել իշխանության ներկայացուցչին, թե՞ նաեւ իշխանության ներկայացուցիչը պետք է իրեն պատշաճ դրսեւորի, որպեսզի հասարակության մեջ վստահություն ձեռք բերի: Սրանք հարցեր են, որ պետք է յուրաքանչյուրը իրեն տա՝ գիտակցելով, որ ոչ մի օրենք չի կարող իրավիճակ փոխել, թե դա չուզենան անել դրա կիրառողները կամ ազդակիրները:




Լրահոս