ԳՈՐԾԱԴԻՐԻ «ԳՈՐԾԸ» ՏՎԵԼ ԵՆ ՕՐԵՆՍԴԻՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:

-Պարո՛ն Մինասյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորով խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: Ի՞նչ դիրքորոշում ունի այս հանձնաժողովի վերաբերյալ ՀՅԴ-ն:
-Նախ սկսենք նրանից, որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյայի պատճառահետեւանքային կապերի վերլուծությունը, հնարավոր բոլոր թերությունների, սխալների բացահայտումը, շտկումը անհրաժեշտություն է, եւ դրա արդիականությունը միշտ կա: Սակայն չափազանց կարեւոր է, որ այս գործողության հիմքում պետք է ընկած լինի բանակի մարտունակությունը է՛լ ավելի բարձրացնելը, հայրենիքին իրենց ծառայությունները մատուցած կամ մատուցող անձանց թե՛ հանրային հեղինակության բարձրացումը, թե՛ նաեւ նրանց սոցիալական կարգավիճակի պաշտպանության մակարդակի մեծացումը: Բացի դա շատ կարեւոր է, որպեսզի Ապրիլյան քառօրյայի դասերը նաեւ պրակտիկ կյանքում վերածվի պաշտպանական համակարգի ուժեղացման: Որեւէ ձեւով, որեւէ ուսումնասիրություն չպետք է իր հիմքում նպատակ ունենա վարկաբեկելու կամ նվաստացնելու ազգային բանակում տեղ գտած տարբեր տիպի թերությունները: Ընդ որում, չափազանց կարեւոր է, որ մենք դիտարկենք այս հարցը, բոլոր հնարավոր տեղեկատվությունը ամբողջ ծավալով ուսումնասիրելու տարբերակը: Իսկ դա բացառապես գործադիր իշխանության գործառույթ է, այլ կերպ ասած` Սահմանադրությամբ ամրագրված` զինված ուժերի ղեկավար կազմի պատասխանատվությունը: Ուստի հարց է առաջանում. այսքան անհրաժեշտության պայմաններում ինչո՞ւ գործադիր իշխանությունը ինքը չի իրականացնում այդ աշխատանքը, հատկապես երբ խոսում ենք մենք միանշանակ մեծածավալ, պետական, հույժ կարեւորության գաղտնիքների մասին: Այդ աշխատանքները, ինչպես ընդունված է միջազգային փորձում, ենթադրում է ծառայողական քննություններ, ռազմագիտական լուրջ ուսումնասիրություններ, որը բնորոշ է բացառապես գործադիր իշխանությանը: Այլ կերպ ասած` անհրաժեշտությունը կա, եւ դա պետք է իրականացվի, սակայն ինչո՞ւ ԱԺ-ում: Այստեղ է, որ մենք առարկում ենք, չենք ընդունում այս մոտեցումը:
-Այսինքն` համարում եք, որ պետք չէ՞ր քննիչ հանձնաժողովն իրականացներ ուսումնասիրությունը…
-Այո, մի քանի պատճառով: Առաջինը` ԱԺ-ն ինքը քաղաքական հրապարակային մարմին է, եւ իր գործառույթն է հրապարակայնությամբ աշխատելը. ինչո՞ւ է գործադիր իշխանության ղեկավար եւ, ընդհանրապես, գործադիր մարմինը իր այս պարտականությունը տեղափոխում օրենսդիր մարմնին, այդ ի՞նչ օրենքներ է, որ պետք է հետեւի ԱԺ-ն, արդյոք կատարե՞լ է գործադիրը, թե՞ ոչ: Չէ՞ որ դա հենց գործադիր մարմինը ինքը պետք է իր ներսում այդ հսկողությունը իրականացնի, բացահայտի թերությունները, եւ եթե կա օրենքի կարգավորման անհրաժեշտություն, հանդես գա Աժ-ում համապատասխան օրենսդրական նախաձեռնություններով: Եթե նպատակը իսկապես վերը նշված ուղղության աշխատանքն է` ուժեղացնել եւ մեծացնել հայոց բանակի դերակատարությունը մեր կյանքում, ապա բացարձակ անընդունելի է այդպիսի գործողության ձեռնարկումը պառլամենտում: Պատճառը, թե մենք ինչու ենք առարկում եւ ինչու ենք թերահավատորեն մոտենում պառլամենտում համապատասխան հանձնաժողովի ստեղծմանը: Տեսեք, քննիչ հանձնաժողովի ստեղծումը, որպես կանոն, դա ընդդիմության գործիքն է, այլ ոչ թե իշխանության: Ի՞նչ է տեղի ունեցել մեր իրականության մեջ. փաստորեն ընդդիմության գործիքը իշխանությունը վերցրել է եւ որոշել է այդ գործիքով իրականացնի գործողություններ, ընդ որում` առանց ընդդիմության հետ խորհրդակցելու, ուստի եւ բնականոն հարց է առաջանում. եթե դա ընդդիմության գործիքն է, եւ եթե ընդդիմությունը չի պնդում, չի պահանջում պառլամենտական ուսումնասիրության անհրաժեշտությունը, ինչո՞ւ է իշխանությունը նախաձեռնում: Սա հանգեցնում է մի կարեւոր հետեւության, որ, ըստ էության, քաղաքական նպատակադրման գործողություն է ձեռնարկվում, որը ընդունելի չէ օրվա իշխանությանը. օրվա պատասխանատուներին դատափետելու լավ տարբերակ ճիշտ չի ընտրված բանակը: Մեր առարկության մյուս պատճառը. եթե ուշադիր ենք նայում, թե ինչ հանգամանքներ են ուսումնասիրվելու, տեսնում ենք, որ այստեղ ձեւակերպված են հարցեր, որոնք հանձնաժողովը թե՛ իր մասնագիտական կարողությունների, թե՛ իր Սահմանադրական լիազորությունների եւ թե՛ կարողականության սահմաններում ի վիճակի չի անելու: Ուրեմն կա՛մ այստեղ շոուն է իշխելու, կա՛մ քաղաքական գնահատականներն են լինելու: Ես ողջունում եմ Սասուն Միքայելյանի` հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու հայտարարությունը: Ինչ-որ արվելու է, այսպես ասեմ, դա արվելու է օրենքից դուրս հարցաքննություն կազմակերպելուն: Երբ նույն բանը կարելի է անել գործադիր իշխանության պայմաններում գործադիր իշխանության ամբողջ համակարգի եւ ծառայողական քննության իրականացման արդյունքում, ինչո՞ւ է ընտրվում հրապարակայնության սկզբունքով աշխատող պառլամենտական հանձնաժողովի ստեղծում: Մյուս կարեւոր հանգամանքը, մեր կարծիքով, որեւէ բան չէր խանգարում նույն քաղաքական մեծամասնությանը, եթե հարցեր է առաջանում այդ նույն քննության առարկա հարցերի շրջանակում, իրենք հանգիստ այսօրվա պաշտպանության մշտական հանձնաժողովի միջոցով գրավոր ուղարկեին կառավարությանը հարցումներ, ստանային պատասխաններ եւ եզրակացության գային: Ինչո՞ւ է ընտրվում մի տարբերակ, երբ անպայման շոուի տարրեր պարունակող հրապարակային հրավերներ են ուղարկվելու սպայական կազմին, բանակի զինվորականությանը: Ի վերջո, նույն ԱԺ կանոնակարգ օրենքը, Սահմանադրական օրենքը նշում է, թե որ դեպքում կարող է այդ մարդը չգալ հանձնաժողով. երբ մարդը այս պահին այլեւս պաշտոնատար անձ չէ, եւ նրան ներկայացվող պահանջը չի եղել ավելի վաղ, քան նրա ազատումն էր: Ուստի հարց է առաջանում. իսկ այն անձինք, այն սպաները, այն զինվորականները, այն ղեկավար կազմը, որը որ այլեւս պաշտոնի չի, նրանց հրավիրի եւ նրանք, օգտվելով օրենքի այդ դրույթից, չգան հանձնաժողով, ի՞նչ գնահատականի են արժանացնելու: Էլի այն գնահատականին, որոնց մենք փողոցում հաճախ հանդիպում ենք: Եթե այսպիսին է լինելու վարքագիծը, սա ուղիղ ճանապարհ է մեր բանակը հեղինակազրկելու: Եթե նպատակը, այնուամենայնիվ, հենց սկզբում նշած մոտեցումն է` ուժեղացնելու մեր բանակը, բարձրացնելու հեղինակությունը, մարտունակությունը եւ այլն, ապա ԱԺ քննիչ հանձնաժողովի գործառույթը բացառապես ճիշտ ընտրված գործիքը չէ: Մեկ այլ կարեւոր հանգամանք. գործող օրենսդրության համաձայն` քննիչ հանձնաժողովն իրավունք ունի պահանջել տեղեկատվություն, եւ այդ տեղեկատվությունը բոլոր պետական մարմինները պարտավոր են տրամադրել, եթե դրանք օրենքով արգելված չեն: Բայց նույն «Պետական գաղտնիքի մասին» օրենքով` այն տեղեկատվությունը, որի ծավալը ներկայացվում է, այն հանդիսանում է պետական գաղտնիք եւ ենթակա չէ ներկայացման: Հարց է առաջանում. գաղտնիության ի՞նչ ռեժիմի պայմաններում եւ պատգամավորների ո՞ր հատվածը` այս հանձնաժողովում ընդգրկված, իրավունք ունի ծանոթանալու այդպիսի գաղտնիության աստիճան տեղեկություններին: Մենք ունեցել ենք դեպքեր, երբ նույն պաշտպանության հանձնաժողովում թեեւ գաղտնի, փակ նիստի միջոցով տեղեկատվություն է տրամադրվել, բայց երկրորդ պահին տեսել ենք, որ գաղտնի տեղեկատվությունը սպրդել է դուրս: Պառլամենտն այն տեղը չէ, որ այդ կարեւորության գաղտնի տեղեկությունը ենթակա է ներկայացման, հրապարակման: Ի վերջո, պատգամավորի գործառույթը քաղաքական օրենսդիր անդամ լինելն է, այլ ոչ թե ռազմական փորձագետ լինելը: Այդպիսի գնահատականներ տալու համար հանձնաժողովը կարող է դիմել փորձագետի: Ստացվում է, որ մենք ներգրավում ենք երրորդ անձի այս աշխատանքի մեջ: Դե եթե կարար մեր գործադիր իշխանությունը դա աներ, ինչո՞ւ է տրվում օրենսդիր մարմնին:
-Դուք իշխանություն եք «կիսել» այդ ժամանակ, արդյոք Ձեր մեղքը կա՞ այդ պատերազմում:
-Ես բացառում եմ նման բան. նախ` ՀՅԴ-ն որեւէ ձեւով ներգրավված չէ բանակի կազմում:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

 

ՀԱՆԴԻՊԵՑ
ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը սկսել է հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների հետ: Երեկ Վահե Գրիգորյանը հանդիպել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ. սա թեկնածուի առաջին հանդիպումն էր ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումն ավելի քան մեկ ժամ է տեւել, որի ընթացքում պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել Վահե Գրիգորյանին: Ընդ որում, տեղեկացանք, որ հանդիպման ընթացքում ընդդիմադիր խմբակցության պատգամավորները չեն թաքցրել, որ Վահե Գրիգորյանի առաջադրման հետ կապված խնդիր են տեսնում՝ կապված Սահմանադրության հետ: Բացի այդ, պատգամավորները մտահոգություն են հայտնել նաեւ` կապված նրա եւ գործող իշխանության հետ մտերիմ կապերի հետ: Մասնավորապես, կարծիք են արտահայտել, թե կապերը կարող են կաշկանդել Վահե Գրիգորյանին: Հավելենք, որ վաղը Վահե Գրիգորյանը կհանդիպի իշխանական «Իմ քայլը» խմբակցության հետ:

 

 

 

ԴԺԳՈՀԵԼ Է
Ուղիղ մեկ շաբաթ Ազգային ժողովում ընթանում էին 2018 թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները: Եվ շատ հաճախ, կախված ոլորտային քննարկումներից, դրանք շատ էին երկարում, ինչը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, առաջացրել է կառավարության անդամների դժգոհությունը: Բանն այն է, որ բյուջեի քննարկումները սկսվում էին առավոտյան ժամը 10:00-ին, սակայն, կախված գերատեսչությունից, տվյալ պաշտոնյայի հերթը կարող էր հասնել, օրինակ, ժամը 13:00-ին: Եվ, ահա, պաշտոնյաները դժգոհել են, թե խորհրդարանը կարող է զգուշացնել այդ փաստի մասին, որպեսզի նրանք էլ կարողանան կանոնակարգել իրենց գրաֆիկը եւ ժամեր շարունակ «գերի չմնան» ԱԺ-ում: Օրինակ` նման խնդրի օրեր առաջ բախվել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, որը վաղ առավոտից խորհրդարանում էր, սակայն շատ ուշ սկսեց ներկայացնել կատարողականը. երեկ էլ նման դեպք գրանցվեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի պարագայում:

 

 

 

ՄԻԼԻՈՆՆԵՐ ԿՀԱՏԿԱՑՆԻ
Հայաստանի կառավարությունը առաջիկայում նախագահի աշխատակազմին եւ ՀՀ քննչական կոմիտեին գումար կհատկացնի: Վերջինիս կտրամադրվի 144 մլն 174 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նշված գումարով տարվա ընթացքում պետք է կապիտալ նորոգվեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի, Լոռու մարզային քննչական վարչության եւ Վեդիի քննչական բաժնի վարչական շենքերը: Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմին կհատկացվի 34.1 մլն դրամ: Բանն այն է, որ մարտի 1-ից նախագահի աշխատակազմը Մաշտոցի պողոտա 47 հասցեից տեղափոխվել է Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1 հասցե, եւ էներգետիկ, կոմունալ ծառայությունների ծախսերի ավելացման պատճառով առաջացել է լրացուցիչ գումարի անհրաժեշտություն: Բացի այդ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եւս 5 մլն դրամ կհատկացվի նախագահի աշխատակազմին հունիսի 7-9 Երեւանում եւ Դիլիջանում Արմեն Սարգսյանի հովանու ներքո անցկացված «Մտքերի գագաթնաժողովին» մասնակցած հյուրերի ընդունելություն համար, թեպետ հասկանալի է, որ այդքան գումարով դժվար թե սահմանափակվեն մեծաքանակ հյուրերի ընդունելության ծախսերը:




Լրահոս