ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության կողմից ներկայացված Հարկային օրենսգրքի շուրջ ակտիվ քննարկումները չեն դադարում: Չնայած հունիսի 7-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ժամանակ Հարկային օրենսգրքի փաթեթն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, եւ երկրորդ ընթերցումը պետք է կայանա արդեն հունիսի 18-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստում, սակայն մինչ այդ դեռեւս քննարկումներ են ընթանում: Մասնավորապես, երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որը համարվում է այս օրենսգրքի հարցով գլխադասային հանձնաժողով, քննարկում է ունեցել պատգամավորների, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների, ՀՀ ԿԲ-ի ներկայացուցիչների, տնտեսության բնագավառի գիտնականների եւ փորձագետների մասնակցությամբ, եւ հիմնական հարցը վերաբերել է եկամտահարկի համահարթեցմանը:

Ինչպես հայտնի է, Ընտրական օրենսգրքի ընդունվելու դեպքում եկամտային հարկը կդառնա 20 տոկոս՝ նախկին 23, 28 եւ 36 տոկոսի փոխարեն: Մասնագետները հակասական գնահատականներ են տալիս այս որոշմանը, եւ երեկվա քննարկումները կրկին ընդհանուր տեսակետը հասկանալու միտում ունեին: Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, թե քննարկումներին հրավիրվել են հենց այն մասնագետները, որոնք հիմնականում դեմ են արտահայտվել եկամտահարկի համահարթեցմանը, եւ քննարկումների նպատակը եղել է կրկին փորձել հասկանալ լավ ու վատ կողմերը: Ինչպես հայտնի է, առաջինից երկրորդ ընթերցում բազմաթիվ փոփոխություններ են կատարվելու, եւ երեկվա քննարկումներից հետո այլ փոփոխություններ եւս կարող են լինել: Մինչ լիագումար նիստում ընդգրկվելը մեկ անգամ եւս տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում հունիսի 14-ին կներկայացվի նախագծի լրամշակված տարբերակը:
Երեկ կազմակերպված քննարկումները բավականին թեժ էին, եւ ներկաներն ամեն կերպ փորձում էին փոխնախարարներին ապացուցել, որ եկամտահարկի համահարթեցումն այնքան էլ արդյունավետ չի լինելու: Օրինակ` «Քաղաքական դիսկուրս» հանդեսի համախմբագիր Վահրամ Սողոմոնյանը կարծիք էր հայտնել, թե եկամտահարկի համահարթեցումը հակասահմանադրական է, քանի որ բարձր աշխատավարձը քիչ է հարկվում, իսկ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողներինը՝ շատ: Քննարկումներին հրավիրված է եղել նաեւ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, որը առաջարկեց ներդնել եկամտահարկի հայտարարագրման համակարգ, եւ այս տեսակետին կողմ է արտահայտվել նաեւ փորձագետ Հովհաննես Ավետիսյանը, որն առաջարկել է 20-21 տոկոս հարկման շեմ սահմանել մինչեւ 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար:
Ինչպես հայտնի է, այժմ Հայաստանում հետեւյալ սկզբունքն է գործում. ով ավելի շատ աշխատավարձ է ստանում, նա ավելի շատ հարկ է վճարում։ Հարկային սանդղակում երեք կետ կա (23%, 28% ու 36%), ընդ որում` 36%-ը սահմանված է ավելի քան երկու միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար։ Պաշտոնապես հանրապետությունում մի քանի հարյուր մարդ է այդքան բարձր վարձատրվում (600 հազար վարձու աշխատողներից)։ Հարկային սանդղակը կարող էր ավելի բազմաշերտ լինել` կախված աշխատավարձերից։ Բայց փոխարենն ուզում են դրանից ընդհանրապես հրաժարվել, եւ բոլորը հարկվեն նույնկերպ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ընդհանուր առմամբ, կառավարության անդամները գոհ են եղել քննարկումներից, եւ հնարավոր է հասցնեն փոփոխություններ անել մինչեւ այն կրկին ներկայացնելը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ամեն դեպքում, իշխանությունների ներսում քննարկումներ են եղել, որպեսզի այնպես անեն, որ ռեֆորմները շատ ցավոտ չընդունվեն քաղաքացիների կողմից, եւ աստիճանաբար գնան կոշտ լուծումների: Եվ հենց դա է պատճառը, որ ի սկզբանե հայտարարված փոփոխություններից ոչ բոլորը տեղ գտան նախագծում: Մասնավորապես, նախապես նպատակ է եղել էականորեն բարձրացնել գրավատների եւ փոխանակման կետերի գործունեության համար պետական տուրքերի դրույքաչափերը՝ սահմանելով դրանք համապատասխանաբար 6 եւ 3 միլիոն դրամ, սակայն կրկին քննարկումների արդյունքում փոխհամաձայնություն է կայացվել, ըստ որի՝ նախատեսված դրույքաչափերը որոշակիորեն կնվազեցվեն: Այդ դրույքաչափերի բարձրացումն ամենաաղմկահարույց որոշումներից է եղել, որը նաեւ բազմաթիվ բողոքի ակցիաների պատճառ էր դարձել, եւ այս փուլում իշխանությունները որոշել են այդպես կտրուկ քայլի չդիմել, սակայն չի բացառվում, որ հետագայում դրույքաչափը կրկին կբարձրացվի:
Հավելենք, որ փաթեթի ընդունման դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2020 թվականից:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

0 ԲՆԱԿԻՉՆԵՐՈՎ ՀԱՄԱՅՆՔ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի` պահանջելով, որ դատարանը պարտավորեցնի, օրենքով սահմանված կարգով, անցկացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ` հասկանալու համար, թե ինչ է իրականում կատարվում: Մեր հարցին ի պատասխան` մարզպետը նշեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոմանք, որպեսզի հայտնի դառնան, անընդհատ իրենց անունը շոշափվի, նման հայցեր կամ դիմումներ են գրում: Իրականում ամեն ինչ շատ պարզ է. ՀՀ-ում կա քաղաքական որոշմամբ ստեղծված Արծվաշեն համայնք: Բոլորս գիտենք, որ այն մեր համայնքն էր, եւ մենք կորցրել ենք Արցախյան պատերազմի ժամանակահատվածում, եւ քաղաքական որոշմամբ ստեղծվել է Արծվաշեն համայնք, որը Գեղարքունիքի մարզի համայնքներից է համարվում, եւ ունենք համայնքի ղեկավար, քարտուղար: Եվ հայցում նշվում է, որ պարտավորեցնեն ինձ, որպեսզի ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրություններ անցկացվի: Նախ` երբեք չի եղել նման բան, որովհետեւ Արծվաշեն համայնքի դիմաց գրված է՝ բնակչություն` 0: Այսինքն` ովքե՞ր պետք է ընտրեն համայնքի ղեկավարին: Դրա համար եմ ասում` ոմանք շոու են անում»:

 

 

 

ՉԵՆ ԶԻՋԵԼ
Ազգային ժողովում շարունակվում են 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումները: Հունիսի 5-ին Ազգային ժողովում պետք է տեղի ունենար ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի փակ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվեր պաշտպանության նախարարության բյուջեի կատարողականը: Սակայն ինչպես հայտարարվեց այդ օրը, նախարար Դավիթ Տոնոյանը գործուղման էր մեկնել, ուստի նա Աժ-ում այսօր կներկայացնի 2018թ. բյուջեի կատարողականը: Բայց պարզվում է, որ օրվա տեղափոխությունը նախապատմություն ունի: Մասնավորապես, հունիսի 5-ին Ազգային ժողովում է եղել պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը եւ իշխող խմբակցության հետ լուրջ խոսակցություն է ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Գաբրիել Բալայանն ասել է, որ ինքը կարող է ներկայացնել 2018թ. բյուջեի կատարողականը, սակայն նրան բացատրել են, որ նման բան չի կարող լինել, քանի որ վարչապետի կողմից ասվել է, հրահանգվել է, որ առաջին դեմքերը պետք է ներկա լինեն քննարկումներին:
Նկատենք, որ վարչապետի հրահանգից «վախեցած» անգամ արձակուրդի մեջ գտնվող Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն էր երեկ ներկայացել ԱԺ ու անձամբ մասնակցել 2018թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումներին:
Միայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդպես էլ ԱԺ չեկավ բյուջետային քննարկումների:

 

 

 

ԱԶԱՏՎԵՑ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտակ Զեյնալյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի` հասարակայնության հետ կապերի վարչությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Արտակ Զեյնալյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»,- նշված է հրամանագրում: Իսկ արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նունե Խաչատրյանն ազատվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:

 

 

 

ԽԱԽՏՈՒՄՈՎ ՉԷ
«Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքը թույլ է տալիս, որ Լեւոն Մնացականյանը նշանակվի ԼՂՀ ոստիկանապետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Բաբայանը հավաստիացրեց` նշանակումը օրենքի խախտմամբ չի եղել: «Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» ԼՂՀ օրենքում կան հոդվածներ՝ 4,13, 14-ը, որոնք հավաստում են, որ որեւէ խախտում չի եղել»,- ասաց Բաբայանը՝ վկայակոչելով օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը: Նշենք, որ մամուլում հրապարակումներ են տարածվել, թե Լեւոն Մնացականյանի նշանակումը Արցախի ոստիկանապետի պաշտոնում օրենքի խախտմամբ է եղել:

 

 

 

ՀՐԱՎԻՐՎԵՑ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն Աբովյանի քաղաքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պետի մեքենայի հրկիզելու գործով հրավիրվել է հարցաքննության: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: «Գագիկ Ծառուկյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ ծանուցում է ուղարկվել»,- ասաց Նաիրա Հարությունյանը: Հարությունյանը նշեց, որ հարուցված քրեական գործով դեռեւս կասկածյալներ չկան:

 

 

 

ԱՎԱԳ
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահվել է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին: «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեւորգ Դանիելյանը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին»,- ասված է ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ։

 

 

ՆՈՐ ՆԱԽԱԳԻԾ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը գործընկերների հետ կներկայացնի օրենսդրական նախագիծ, որով ՀՀ քաղաքացիները բջջային հեռախոսի հավելվածի միջոցով վայրկյանների ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը կկարողանան փոխանցել իրավախախտման վերաբերյալ էլեկտրոնային հաղորդագրություն՝ լուսանկար, տեսանյութ: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

 

 

 

ԿՈԿՈՐԴԻԼՈՍԸ ԺԱՄԱՆԿԻՆ ԹՌԵԼ Է
Արարատի մարզում կոկորդիլոս բուծելու եւ զուգահեռ էկոայգի կառուցելու ներդրումային ծրագիրը չի չեղարկվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Ըստ նրա՝ ներդրողին ծրագրի հետ կապված աղմուկը չի խանգարում, ավելին՝ մտադիր է կյանքի կոչել։ Գարիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ ծրագիրը կյանքի չի կոչվել, քանի որ հատուկ ընթացակարգեր կան՝ կապված հողի փորձաքննության եւ այլնի հետ։ Դիտարկմանը, որ կոկորդիլոսի թռչուն լինելու հարցը շեշտադրվել է հենց իր կողմից ֆեյսբուքյան գրառումների միջոցով, մարզպետը կատակով արձագանքեց. «Հարցն այն է եղել, թե կոկորդիլոսների նախնիներն ավելի շատ կենդանիների որ խմբին են պատկանել։ Կոկորդիլոսն իր կառուցվածքով մոտ է թռչուններին: Նա չունի ստամոքս, ունի քարաճիկ, պատկերացնո՞ւմ եք: Ինչ-որ ժամանակ նրանք թռել են»։




Լրահոս