Հարցազրույց «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի հետ:
-Պարո՛ն Սուքիասյան, «Հայէկոնոմբանկ»-ն ամփոփում է 2018 թվականը: Ինչպիսի՞ն էր նախորդ տարին բանկի համար, ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ:
-«Հայէկոնոմբանկ»-ի համար 2018-ը նշանավորվեց հիմնական ցուցանիշների շարունակական աճով, օրինակ` նախորդ տարվա համեմատ արձանագրվեց ակտիվների 16% աճ, վարկային պորտֆելի 28% աճ, իսկ շահույթն ավելացավ մեկ երրորդով: 2018թ. ընթացքում բացվեցին «Հայէկոնոմբանկ»-ի երկու նոր մասնաճյուղեր, այս տարի բացել ենք եւս երկուսը` բանկի մասնաճյուղերի քանակը հասցնելով 53: Բանկի հետագա քաղաքականությունը միտված է մասնաճուղային ցանցի է՛լ ավելի ընդլայնմանը: Հատուկ տեղ տալով նորարարական տեխնոլոգիաներին` կցանկանայի առանձնացնել նախորդ տարվա ընթացքում Mobile Banking համակարգի գործարկումը, որը շարունակելու է զարգանալ ու կատարելագործվել այս եւ հետագա տարիների ընթացքում:
2018-ին գրանցված աճը «Հայէկոնոմբանկ»-ն առավել գրավիչ ու վստահելի դարձրեց միջազգային գործընկերների եւ հաճախորդների համար: Բանկը շարունակեց համագործակցությունը ինչպես նախկին, այնպես էլ նոր գործընկերների հետ: Միջազգային ֆինանսավարկային կառույցների հետ կնքվեցին մի շարք խոշոր վարկային պայմանագրեր` ներգրավված ռեսուրսներն ուղղելով միկրո, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը: Նման բիզնեսների վարկավորումը միշտ էլ եղել եւ մնում է «Հայէկոնոմբանկ»-ի առաջնահերթությունների շարքում, քանզի ուղղակիորեն նպաստում է տնտեսության զարգացմանը:
-Ներկայումս ակտիվ քննարկումներ են գնում` կապված Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ. հատկապես թեժ են քննարկումները եկամտային հարկի համահարթեցման շուրջ: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումն այս հարցին:
-Պրոգրեսիվ հարկը տրամաբանական է զարգացած, տնտեսական բարձր ակտիվություն ունեցող երկրներում: Առաջին հայացքից պրոգրեսիվ հարկումը արդարացի մոտեցում է, սակայն իրականության մեջ այն հանգեցնելու է հարկերից խուսափելու նոր սխեմաների եւ դժվար վերահսկման: Կապիտալը փորձելու է գտնել ավելի գրավիչ պայմաններով երկրներ, ինչպիսիք են, օրինակ, Վրաստանը, Բուլղարիան, Լիտվան եւ այլն: Համահարթեցման հարցի շուրջը մեծ քննարկում ենք ունեցել Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միությունում: Բնականաբար, կարծիքները տարբեր էին: Անձամբ ես ողջունում եմ համահարթեցման գաղափարը, քանզի գտնում եմ, որ այն առաջարկվող լավագույն տարբերակն է: Եթե անկեղծ լինեմ, ինձ համար անակնկալ էր, որ պետության կողմից առաջին անգամ ի նպաստ քաղաքացու որեւէ նախագիծ է առաջարկվել. իրապես երկար տարիների ընթացքում չեմ մտաբերում նման նախադեպ: Եկամտային հարկի համահարթեցումը բարենպաստ պայմաններ է ստեղծում աշխատասեր մարդկանց համար` ինքնին նպաստելով տնտեսական ակտիվության աճին: Գործատուն իր հերթին ստիպված չի լինում աշխատել ստվերում եւ ծրարներով աշխատավարձ տալ իր աշխատողներին: Պետությունն իր այս քայլով առաջնահերթ փորձում է նպաստել զբաղվածության բարձրացմանը, փորձում է քաղաքացու մեջ արթնացնել աշխատելու, այլ ոչ թե նպաստով ապրելու գիտակցությունը: Սկզբնական շրջանում համահարթեցումը գուցե եւ հանգեցնի բյուջեի մուտքերի նվազման, սակայն հեռանկարում հաստատ դրական արդյունք կունենանք:
Միգուցե համահարթեցումը լավ հարթակ է քաղաքական շահարկումների համար, սակայն, ի վերջո, բողոքողներն էլ պիտի ընդունեն, որ համահարթեցումը լավագույն տարբերակն է նաեւ իրենց համար: Իրականում այն լուրջ խթան է տնտեսական ակտիվության բարձրացման, ներդրողների ներհոսքի, միջին խավի ավելացման եւ ամրապնդման, աշխատավարձերը ստվերից դուրս բերելու եւ բարձրացնելու համար: Ողջունելի է կառավարության նման հեռատես մոտեցումը՝ մտածել քաղաքացու սոցիալական վիճակի մասին:
Ինչ վերաբերում է բանկային համակարգին, այստեղ աշխատավարձերը բարձր են շուկայում առկա միջին աշխատավարձերից: Կարծում եմ, որ այդ հանգամանքը նպաստել է բանկային համակարգի կայացմանը եւ կայունությանը: Հուսով եմ, որ պետության կողմից ձեռնարկվող քայլերը հնարավորություն կընձեռեն բարձրացնել նաեւ այլ ոլորտներում ներգրավված քաղաքացիների աշխատավարձերը:
-Քանի որ խոսեցինք եկամտային հարկի համահարթեցման մասին՝ որպես տնտեսական ակտիվությանը նպաստող գործոն, ուրիշ ի՞նչ կարեւոր միջոցառում կառանձնացնեիք երկրի հետագա տնտեսական զարգացման առումով:
-Հետագա տնտեսական զարգացման հարցում առաջնային եմ համարում գործող որոշ օրենքների վերանայումը, վերջիններիս արդիականացումը, տարբեր օրենքների միջեւ առկա անհամապատասխանությունների վերացումը, ինչը կհեշտացնի տնտեսվարողների գործունեությունը եւ կնպաստի տնտեսության զարգացմանը:
Տնտեսության զարգացմանը զուգահեռ օրենքները պիտի կատարելագործվեն: Մենք պետք է ժամանակին համընթաց շարժվենք, հակառակ դեպքում ձախողվելու ենք: Հավատացեք, այսօր մեր օրենքներում առկա են բազում թերություններ, անհամապատասխանություններ, ինչը խոչընդոտներ է ստեղծում զարգացման համար: Ուստի պիտի աշխատենք, ուսումնասիրենք այլ երկրների փորձը, օրենսդրությունը, ընտրենք ու քաղենք միայն լավը: Մինչ օրենքը ներդնելը կարեւոր եմ համարում նաեւ տարբեր փորձագետների, մասնագետների միջեւ քննարկումների կազմակերպումը, ինչը թույլ կտա հաշվի առնել բոլոր դրական եւ բացասական հետեւանքները:
-Արդեն մեկ տարի է անցել թավշյա հեղափոխությունից: Ի՞նչ փոփոխություններ եք նկատում եւ ինչպե՞ս եք դրանք գնահատում:
-Փոփոխություններ, իհարկե, առկա են եւ բազում: Թավշյա հեղափոխության թերեւս ամենակարեւոր ձեռքբերումներից մեկը երիտասարդների, նոր սերնդի մեջ քաղաքական գիտակցության արթնացումն էր, նրանց մտածելակերպի փոփոխությունը: Այս հեղափոխությունը հնարավոր դարձավ հենց մեր երիտասարդների շնորհիվ: Հեղափոխության բացառապես խաղաղ բնույթը, արտաքին ուժի միջամտության բացակայությունը եւ հետագայում նաեւ արտաքին քաղաքականության անփոփոխ մնալը թույլ տվեցին կատարել իշխանության փոխանցում եւ ստանձնում` բացառելով երկրի համար վտանգավոր ցնցումները:
-Կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարը, մաքսազերծման գործընթացների դյուրացումը հեղափոխության անհերքելի ձեռքբերումներն են: Կուզենայի հատկապես նշել, որ հեղափոխությունից հետո փոխվել է պետական մարմին-տնտեսվարող սուբյեկտ հարաբերություների ձեւաչափը: Այժմ տնտեսվարողի նկատմամբ ձեւավորված է հարգալից վերաբերմունք:
-Հաջողության հասնելու համար բոլորս պիտի համբերատար լինենք, աշխատենք ու նպաստենք դրական երեւույթների զարգացմանը: Այդ զարգացման թիվ մեկ նախադրյալ եմ համարում առողջ բանավեճը` առանց որեւէ վիրավորանքների կամ անձնական ամբիցիաների: Միանգամայն անընդունելի եմ համարում միմյանց հասցեին հնչեցվող զրպարտանքները, անհարգալից արտահայտությունները:
Զրուցեց ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ
ՎՆԱՍՆԵՐԸ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԵ՞Ն
Դիլիջան համայնքի մաս կազմող Հաղարծին եւ Հովք գյուղերում ավարտում են հունիսի 4-ի երեկոյան տեղացած կարկուտի վնասների հաշվարկումը: Հաղարծին համայնքի վարչական ղեկավար Գեւորգ Թամրազյանն ասաց, որ այդ օրը` ժամը 19-ից 20-ի սահմաններում, մոտ 10 րոպե տեղացած շատ խոշոր կարկուտից, եւս 40 րոպե տեղացած մանր կարկուտից վնասվել են տների, շինությունների տանիքներ, գյուղատնտեսական ցանքեր: Վնասվել է Հաղարծնի գյուղապետարանի շենքի տանիքը, 10 առանձնատան տանիք, հենապատ է քանդվել, վնասվել են մոտ 7,5 հեկտար կարտոֆիլի ցանքեր: Գյուղատնտեսական մշակաբույսերի վնասները մեծ են նաեւ Հովք գյուղում: Գեւորգ Թամրազյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ վնասների մասին տվյալները կներկայացնեն կառավարություն, սակայն ինքը չգիտի՝ վնասների համար պետությունից աջակցություն կամ փոխհատուցում կլինի, թե ոչ:
ՔՈՒՅՐ ՈՒ ԵՂԲԱՅՐՈՎ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Ջեմմա եւ Վահան Մանուկյանների դատավարությունը: Մեղադրյալի աթոռին Երեւան քաղաքում` նույն հասցեում բնակվող հարազատ քույր եւ եղբայր են: 1980թ. ծնված Ջեմմա Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, իր եղբոր` Վահան Մանուկյանի հետ նախնական համաձայնությամբ, Ռաֆայել Ճաղարյանին համոզելու եղանակով դրդել են կատարել խոշոր չափի կաշառք տալու փորձ, այնուհետեւ պաշտոնական դիրքն օգտագործելով` վերջինիս գույքը խարդախությամբ հափշտակելու դիտավորությամբ չարաշահել են Ռաֆայել Ճաղարյանի վստահությունը եւ խաբեությամբ հափշտակել են իբրեւ կաշառքի առաջարկ հանդիսացող նրա ընդհանուր 486 հազար 788 դրամը:
Տեղեկացնենք, որ 1992թ. ծնված Վահան Մանուկյանը ծառայում է ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում: Ջ. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-32-312 հոդվածի 2-րդ մասով («Խոշոր չափով կաշառք տալու հանցակցությունը») եւ 178 հոդվածի 2-րդ մասի 1.1 կետով (Խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով), Վ. Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդված 2-րդ մասով («Խոշոր չափով կաշառք տալու փորձին հանցակցությունը») եւ 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»):
Ջեմմա եւ Վահան Մանուկյանների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՀՆԱՐԱՎՈՐ Է ԼՈՒԾԱՐՎԻ «ՍԱՆԻՏԵՔ»-Ի ՀԵՏ ԿՆՔԱԾ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Երեկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ Երեւանում աղբահանությունը լուրջ կվերահսկվի:
«Մեքենաների տեխնիկական վիճակը գրեթե հասել է 0-ի: Նրանց խոսքով` իրենք օրական 12-18 մեքենա են հանում, բայց այդ մեքենաների մեծ մասը ճանապարհի կեսից խափանվում է»,- հայտարարեց քաղաքապետը: Քաղաքապետը որպես օրինակ բերեց նաեւ աղբամանները` հիշեցնելով, որ, ըստ պայմանագրի, պետք է լինի 8000 աղբաման, սակայն այսօր առկա է 5000-ը` այն էլ վատ վիճակում: Հարցին` «Սանիթեքի»-ի հետ պայմանագիրը լուծարվելու է, Հայկ Մարությանն արձագանքեց. «Գիտեք, ժամանակը ցույց կտա, երբ վերջնական ստեղծենք բյուջետային հիմնարկը, պետք է գնահատենք այդ պահի իրավիճակը, քանի որ կարող է իրենք մեկ ամսվա մեջ 50-ից ավել մեքենա են բերում: Բայց եթե չեն կարողանում պատշաճ կատարել աղբահանությունը, որը բխում է միայն պայմանագրից, իսկ պայմանագրով ունենք բազմաթիվ կետեր, որոնցով կարող ենք լուծարել այդ պայմանագիրը»:
Ի դեպ, քաղաքապետը փոխանցեց, որ յուրաքանչյուր ամիս «Սանիթեքը» տուգանվում է թերի կատարած աշխատանքի համար: Այս ամիս տուգանքը կազմել է 26 մլն դրամ, նախորդ ամսում ընկերությունը տուգանվել է 13 մլն-ով: Քաղաքապետը հայտարարեց նաեւ, որ հունիսի վեջին Հայաստան կգան նոր մեքենաներ: