«ՓԱԽԱ ԱՅԴ ԶԶՎԵԼԻ ՄԻՋԱՎԱՅՐԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Ժիրայր Գլենց» հեռուստասերիալը` նկարահանված Մկրտիչ Արմենի համանուն ստեղծագործության հիման վրա, հեռուստադիտողին էկրաններից կառչած է պահում ոչ միայն հետաքրքիր սյուժեի, այլեւ դերասանական կազմի խաղի շնորհիվ: Իր խաղով հատկապես առանձնանում է գլխավոր հերոսուհուն մարմնավորող Ռուզան Վիթը: Առաջին հայացքից չոր եւ սառը կին է, բայց ներքուստ անչափ զգայուն եւ ուժեղ է: Իր կերպարի հետ ընդհանրությունների, դասականների գործերն էկրանավորելու կարեւորության, թատրոնում հանդես չգալու պատճառների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասանուհու հետ:

-Ռուզա՛ն, Ձեր կերտած կնոջ կերպարն ունիկալ է իր տեսակով: Ի՞նչ ընդհանրություններ ունեք նրա հետ:
-Գիտե՞ք, բոլոր կերպարները կանանց մեջ առկա են, պարզապես դերասաններին թույլատրված է անցկացնել դրանք սեփական պրիզմայով: Յուրաքանչյուրի մեջ կա ամեն ինչ, եւ բոլոր պատմությունները կարող են պատահել յուրաքանչյուրի հետ: Կերպարիս հետ ընդհանրություն, իհարկե, ունեմ, նա շատ հոգեհարազատ է ինձ: Տիկին Գլենցը անկեղծ կին է ինքն իր, ամուսնու, երեխաների առջեւ: Գիտի` սերն ինչ է` կին-տղամարդ սերը, ապրել է այդ զգացմունքը, բարոյական նորմերի կրող է, հոգով ստրուկ չէ: Գերագույն հաճույքով եմ նկարահանվել սերիալում: Ինձ համար մեծ բախտավորություն էր աշխատել ռեժիսոր Գրիգոր Վահրամյանի հետ: Նա ոչ միայն բեմադրիչ է, այլեւ հոգեբան: Նկարահանման տաղավարում տիրում էր երջանկություն, սեր եւ պրոֆեսիոնալիզմ:
-Փորձը ցույց է տալիս, որ մեր դասականներին եւս կարելի է էկրանավորել ու հաջողություն գրանցել թե՛ որակի, թե՛ վարկանիշի առումով: Որքանո՞վ եք կարեւորում անդրադարձը մեր գրական գանձարանին:
-Կարեւոր է այնքանով, որ նախ պետք է ճանաչել մեր գրողներին այս խառնիխուռն ժամանակների մեջ: Նրանց գործերը մաքուր են, ամբողջական, առանց աղավաղումների, ի վերջո, դիմացել են ժամանակի փորձությանը: Անդրադարձը դասականներին փորձ է մաքրելու, զտելու ու փրկելու մեր հասարակությունը:
-Որքանով տեղյակ եմ, Դուք եւս գրում եք կինոսցենարներ: Դա նախասիրությո՞ւն է, թե՞ մտադիր եք լրջորեն զբաղվել այդ գործով, կյանքի կոչել սցենարները:
-Այո, գրում եմ, բայց ես գրող չեմ, պարզապես ստեղծագործող դերասանուհի եմ, որը չի կարողանում անտարբեր անցնել մարդկային ճակատագրերի կողքով, ու իմ ապրած ամեն մի ցավից ծնվում է ստեղծագործություն: Շատ եմ ուզում` սցենարներս էկրանավորվեն: Գրում եմ 1997-ից, երբ գլխավոր դեր մարմնավորելու հրավերով մեկնեցի Փարիզ: Ապրում էի ֆրանսիական միջավայրում, հայտնի դերասանների կողքին, բայց այնպիսի սաստիկ կարոտ էի զգում, որ պետք է անպայման ինչ-որ կերպ արտահայտեի այն:
-Դուք խաղացել եք Երեւանի Համազգային, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: Այսօր ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում թատրոնում:
-Թատրոններում բավական վատ մթնոլորտ է տիրում: Երբ մեկնեցի Փարիզ, փախա այդ տգեղ ու զզվելի միջավայրից: Որքան էլ պաշտում եմ թատրոնը, իրականությունն այդպիսին է: Երբ վերադարձա Փարիզից, նորից թատրոն մուտք գործելու փորձեր արեցի, բայց էլի հանդիպեցի նույն տգեղ երեւույթներին: Պարզապես գլուխ չդրեցի: Բայց ասեմ, որ կա մի նախագիծ, որը եթե ֆինանսավորվի, կյանքի կկոչենք բեմադրիչ, իմ հին ու լավ ընկեր Նիկոլայ Ծատուրյանի հետ:
-Երբ ասում եք, որ թատրոններում միջավայրը վատն է, նկատի ունեք, որ, օրինակ, դերի կռի՞վ են անում: Ի՞նչ խնդրի մասին է խոսքը:
-Այո, դա էլ: Բայց ես անուններ ու իրավիճակներ չեմ նշի: Ուղղակի կասեմ, որ զզվելի է այդ ամենը: Ես ազատ ստեղծագործող եմ, ու ինձ պետք չէ, որ հայտնվեմ նման միջավայրում, կորցնեմ դրական էներգիաս: Արվեստի մարդը պետք է հեռու մնա այդ ամենից:
-Եվ վերջին հարցը. Ձեր դուստրը Ձեզ հետ միասին նկարահանվում էր «Նռան հատիկ» սերիալում: Հնարավո՞ր է` հետագայում նա բռնի հենց Ձեր մասնագիտական ուղին: Ինքը նման ցանկություն ունի՞:
-Դուստրս տասը տարեկան է, եւ երբ նրան առաջարկեցին նկարահանվել սերիալում, ի դեպ` առանց իմ միջամտության, շատ ոգեւորվեց: Պատճառներից մեկը, որ ինքս ընդունեցի նկարահանվելու հրավերը, դա էր. չցանկացա փոքրիկիս կոտրել: Բացի այդ, ֆինանսապես ձեռնտու առաջարկ էր: Դուստրս արվեստի մարդ է, եւ ես վստահ եմ, որ հետագայում նա հենց արվեստի ուղին էլ կբռնի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԷԻՆ

Երեկ` հունիսի 12-ին, կայացավ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի, հավաքականի մարզիչ Արմեն Մալխասյանի, ըմբշամարտի` Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Հրաչյա Մարգարյանի, մրցանակակիրներ Մհեր Մարկոսյանի, Արման Անդրեասյանի եւ Արման Ավագյանի ասուլիսը: Ասուլիսից անմիջապես հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Եվրոպայի չեմպիոն Հրաչյա Մարգարյանի հետ:

Ասուլիսի ընթացքում ամփոփվեց հունիսի 5-ից 10-ը Իսպանիայի Պոնտեւեդրա քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները վատ հանդես չեկան եւ թիմային հաշվարկով զբաղեցրին 6-րդ հորիզոնականը: Մեր հավաքականի մարզիչների խոսքերով` մարզիկների մրցելույթները հաջող էին, սակայն նրանցից սպասվում էր ավելին. այդ մասին խոսեց Ավետիք Վարդանյանը. «Ընդհանուր առմամբ գոհ ենք տղաներից, սակայն սպասելիքները ավելի մեծ էին, բայց ունենք այն, ինչ ունենք»:
Բրոնզե մեդալակիր Արման Անդրեասյանը նշեց, որ կիսաեզրափակիչ փուլը չկարողացավ հաղթահարել ավելորդ լարվածության պատճառով. «Ափսոս, որ չկարողացա ավելի բարձր տեղ զբաղեցնել: Մի փոքր լարված էի կիսաեզրափակչում ռուսաստանցի մարզիկի հետ գոտեմարտելիս»:
Մեր մյուս բրոնզե մեդալակիրը` Արման Ավագյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ մեդալը իր համար շատ սպասված էր. «Ուրախ եմ բրոնզե մեդալակիր դառնալու համար: Սա շատ սպասված մեդալ էր: Ամեն ինչ կանեմ աշխարհի առաջնությունում ավելի լավ հանդես գալու համար»:
Իր տպավորություններով կիսվեց նաեւ արծաթե մեդալակիր Մհեր Մարկոսյանը. «Ավելի լավ կլիներ, եթե կարողանայի դառնալ Եվրոպայի չեմպիոն, սակայն չստացվեց: Հիմա կենտրոնացած եմ աշխարհի առաջնության վրա եւ մարզիչների հետ կքննարկեմ, կհասկանամ սխալներս եւ աշխարհի առաջնությունում կփորձեմ նվաճել ոսկե մեդալ»:
Ըմբշամարտի` Եվրոպայի երիտասարդների նորընծա չեմպիոն Հրաչյա Մարգարյանը մեզ հետ զրույցում խոսեց իր զգացողություններից, որը ապրել է հաղթանակից հետո, ինչպես նաեւ թուրք ըմբիշի հետ գոտեմարտից. «Տպավորությունները շատ լավն են, իսկ այդ զգացողությունները բառերով նկարագրել չեմ կարող: Մինչեւ թուրք ըմբիշի հետ գոտեմարտելը մրցել եմ ուժեղ մարզիկների հետ, բայց թուրք մարզիկի հետ գոտեմարտը ավելի պատասխանատու էր, քանի որ կիսաեզրափակիչն էր, իսկ նրա ազգությունն ինձ ավելի էր պարտավորեցնում: Բարդ գոտեմարտեր էին բոլորն էլ, միայն եզրափակիչը հեշտ ստացվեց: Այդ հաղթանակը ես նվիրում եմ սահմանին կանգնած մեր զինվորներին»,- ասաց Մարգարյանը:
Մեր չեմպիոնը նաեւ ավելացրեց, որ շատ լավ տրամադրությամբ եւ տրամադրվածությամբ է պատրաստվում առաջիկա աշխարհի առաջնությանը. «Այս հաղթանակից արդեն մտածում եմ աշխարհի առաջնությունում հաղթելու համար: Այս ամենը ինձ ավելի ոգեւորեցին, եւ ամեն բան կանեմ հաղթանակ տոնելու համար»:
Հավելենք, որ Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 10-ից 15-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալինում:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

 

3-ՐԴ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ
Կայացավ «ԵՎՐՈ 2020»-ի նախընտրական փուլի 4-րդ տուրի Հունաստան-Հայաստան հանդիպումը: Մեր ընտրանին, չլինելով ֆավորիտ, կարողացավ սենսացիոն հաղթանակի հասնել հույների նկատմամբ (3:2): Մեր ընտրանու կազմում գոլերի հեղինակ դարձան Ալեքսանդր Կարապետյանը, Գեւորգ Ղազարյանն ու Տիգրան Բարսեղյանը: Մրցակցից աչքի ընկան Զեկան եւ Ֆորտունիսը: J խմբի մյուս երկու խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները.
Իտալիա-Բոսնիա եւ Հերցեգովինա – 2:1
Լիխտեյնշտեյն-Ֆինլանդիա – 0:2:
Այս հաղթանակից հետո մեր ընտրանու ֆուտբոլիստները վաստակեցին 6 միավոր եւ հայտնվեցին 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ազգային հավաքականը այժմ 3 միավորով հետ է մնում երկրորդ հորիզոնականում գտնվող Ֆինլանդիայից: Առաջատարը վաստակած 12 միավորով շարունակում է մնալ Իտալիան: Հույներն ու բոսնիացիները ունեն 4-ական միավոր, իսկ Լիխտեյնշտեյնը իր ակտիվում գրանցած միավոր չունի:

 

 

 

ՇՆՈՐԱՀՎՈՐԵԼ Է ԽԱՂԸՆԿԵՐՆԵՐԻՆ
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը բաց է թողել Հայաստանի հավաքականի Լիխտեյնշտեյնի եւ Հունաստանի դեմ հանդիպումները, իր ֆեյսբուքյան էջի օգնությամբ շնորհավորել է խաղընկերներին. «Շնորհավորում եմ մեր տղաներին ու ՀՖՖ-ին Հունաստանում տարած մեծ հաղթանակի կապակցությամբ»,- գրել է մեր ընտրանու հարձակվողը: Հիշեցնենք, որ Մովսիսյանը բաց էր թողել նաեւ Բոսնիայի եւ Հերցեգովինայի ու Ֆինլանդիայի դեմ հանդիպումները:

 

 

 

28 ՄԼՆ ԵՎՐՈ
Ինչպես տեղեկացնում են լոնդոնյան մի շարք պարբերականներ, չինական «Դալիան Իֆանի» բելգիացի ֆուտբոլիստ Ֆերերիա Կարասկոն կարող է դառնալ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը: Նշվում է, որ չինական ակումբը բելգիացու համար պահանջում է 28 մլն եվրո: Նշվում է, որ լոնդոնցիները կարող են ֆուտբոլիստի տրանսֆերի գումարը վճարել մաս-մաս, որպեսզի կարողանան իրականացնել նաեւ այլ տրանսֆերներ: Հավելենք, որ Կարասկոյի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Մյունխենի «Բավարիան»:

Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս