Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 25-ամյա Խորեն Գ.-ն, 26-ամյա Ծովակ Ա.-ն, 26-ամյա Սամսոն Հ.-ն, 27-ամյա Արթուր Պ.-ն, 29-ամյա Ֆրոնտիկ Ս.-ն, 25-ամյա Ֆրունզիկ Պ.-ն, 29-ամյա Անդրանիկ Հ.-ն, 25-ամյա Արսեն Ե.-ն, 25-ամյա Վահե Հ.-ն, 27-ամյա Էդգար Հ.-ն և 32-ամյա Հայկ Շ.-ն թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն: Վիրավորներից մի մասին ավտոմեքենայից դուրս են բերել զինծառայողները, մի մասին էլ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։