ՔՐԵԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը, որը մեծ աժիոտաժ է առաջացրել անգամ խմբակցությունում: Ըստ մեր տեղեկությունների` Ա. Խաչատրյանը ինքնաբուխ է նախաձեռնել այդ նախագիծը, ու, կարելի է ասել, խմբակցությանը տեղյակ չի պահել:

Հիշեցնենք, որ պատգամավորն առաջարկում է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը եւ դրա համար պատժել տուգանքով կամ կալանքով: Ըստ Խաչատրյանի նախագծի` իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը պետք է պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանական խմբակցությունում այդքան էլ հակված չեն, որ քրեականացվի իշխանության ներկայացուցչի հրապարակային վիրավորումը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:
-Տիկի՛ն Մակունց, Ձեր ղեկավարած խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկվում է իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով: Դուք կո՞ղմ եք պատգամավորի նախագծին:
-Խմբակցությունում տեղյակ չենք այդ նախաձեռնության մասին, ես կխոսեմ պարոն Խաչատրյանի հետ, այնուհետեւ ես լրացուցիչ տեղեկություն կտրամադրեմ Ձեզ:
-Բայց, որպես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար, ի՞նչ դիրքորոշում ունեք Ա. Խաչատրյանի այն տեսակետի հետ կապված, որ պետք է իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը քրեականացնել:
-Անձամբ ես գտնում եմ, որ ոչ, ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա, բայց, անկեղծ ասած, ես ծանոթ չեմ նախագծին, ինչի համար էլ չեմ ցանկանում այսպես կանխակալ վերաբերմունք ցույց տալ, որովհետեւ գուցե նախագծում ինչ-որ մանր բաներ կան, որը բոլորովին այլ բանի մասին է խոսում: Բայց այն, ինչի մասին Դուք հարցրեցիք, ես այդ ամենին կողմ չեմ: Բայց կխոսեմ պարոն Խաչատրյանի հետ ու կհասկանամ, այդ ժամանակ արդեն կկարողանամ հստակ պատասխանել Ձեր հարցերին:
-Իսկ ինչ-որ վտանգ զգո՞ւմ եք Հայաստանում, արդյոք իշխանության ներկայացուցիչները «վախեր» ունե՞ն, ինչո՞ւ են ուզում իրենց պաշտպանելու համար օրենք ընդունել: Ինչի՞ց պետք է վախենա այսօրվա իշխանության ներկայացուցիչը:
-Ես չգիտեմ` ինչ շեշտադրումների մասին է խոսքը, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի մակարդակով ամենաանվտանգ երկրներից է. դա իմ կարծիքն է, եւ դրա համար այսօր կան որոշակի վիճակագրական տվյալներ: Իսկ պարոն Խաչատրյանի նախագծի վերաբերյալ, կրկնում եմ, տեղյակ չեմ նախագծի բովանդակությունից. կտեղեկանամ, հետո նոր կկարողանամ տեսակետ հայտնել:
-Տիկի՛ն Մակունց, Ձեր խմբակցությունը հանդիպում է ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ. ի՞նչ դիրքորոշում ունի խմբակցությունը, արդյոք Գրիգորյանի հետ հանդիպումը արդյունավե՞տ էր:
– Վահե Գրիգորյանը կլինի մեր թեկնածուն, թե ոչ, մենք դրա մասին քննարկում չենք ունեցել, բայց խմբակցությունն ուներ դրական տպավորություն հանդիպումից: Շատ տարբեր հարցեր են քննարկվել, հարցադրումներ եղել են թե՛ նրա կենսագրությունից, թե՛ մամուլում շրջանառվող հարցեր, որոնք պարբերաբար հնչեցվել են, այդ թվում նաեւ` ՀՀ նախագահի հետ կապված, այսինքն` շատ բաց ու տարաբնույթ հարցեր են հնչեցվել: Բոլոր հարցերը հնչեցվել են, ու կարծում եմ, որ դրանք կհնչեցվեն նաեւ լիագումար նիստի ժամանակ, ու հանրությունը նույնպես հնարավորություն կունենա բաց տեղեկանալ, թե ինչ դիրքորոշում ունի այդ հարցերի վերաբերյալ Վահե Գրիգորյանը: Ես զերծ կմնամ այս պահին Վահե Գրիգորյանի մասին տեսակետ հայտնելուց, որովհետեւ նախ այս պահին ընդհանուր խմբակցության դիրքորոշում չեմ հայտնում:
-Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ պարտադրվել է Ձեր խմբակցության բոլոր անդամներին կողմ քվեարկել Վ. Գրիգորյանի թեկնածությանը: Կա՞ իրականում նման բան:
-Պարտադրանքի որեւէ հանգամանք չկա, ես նախկինում էլ նշել եմ` պարտադրանք չկա, մենք հնչեցնում ենք մեր հարցերը եւ ըստ այդմ կողմնորոշվում, թե ինչքանով է նպատակահարմար այս կամ այն թեկնածուին քվեարկելը: Նախկինում եղել է ազատ քվեարկություն, եւ պատգամավորները ազատ կամքով դրսեւորել են գաղտնի քվեարկության կարգով. կա՛մ տվել, կա՛մ էլ չեն տվել իրենց քվեն այդ թեկնածուներին: Խմբակցությունում այլ հարց չենք քննարկել:

 

 

 

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԹԵԺ ՕՐԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` խորհրդարանում թեժ օրեր են սպասվում, քանի որ հայրենի կառավարությունը որոշել է արտահերթ նիստեր հրավիրել, որի ժամանակ էլ պահանջվում է պատգամավորներից անպայման ներկա գտնվել նիստերին: Երեկ խորհրդարանի պատգամավորները քննարկում էին այն հարցը, թե ինչ զբաղված են լինելու ու, ի վերջո, երբ կկարողանան արձակուրդ մեկնել:

Բանն այն է, որ երեկ կառավարությունը առաջարկեց արտահերթ նիստ հրավիրել հունիսի 28-ին` ժամը 11:00-ին: Ըստ կառավարության օրակարգի` նիստը կհրավիրվի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ու մի շարք այլ նախագծեր քննարկելու համար:
Մեր տեղեկությունների համաձայն` կառավարությունը նպատակ ունի նաեւ հուլիսին արտահերթ նիստ հրավիրել, որից հետո նոր պատգամավորներին կթույլատրեն արձակուրդ մեկնել: Իսկ արդեն հունիսի 18-ին կմեկնարկի Ազգային Ժողովի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկվելու է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը, ինչպես նաեւ իշխանությունների համար կարեւոր դարձած Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը: Վերջինս պետք է հուլիսի 1-ին ուժի մեջ մտնի, իսկ այս անգամ այն ներկայացնելու են երկրորդ եւ վերջնական ընթերցման:
Ի դեպ, արդեն խորհրդարանի իշխանական ներկայացուցիչներին հորդորել են անպայման ներկա գտնվել նիստերին ու քննարկումներին: Թե արդեն ինչ տեղի կունենա խորհրդարանի արտահերթ եւ հերթական նիստերին, ցույց կտա ժամանակը:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԵՐԿԱՐԱՁԳԵՑԻՆ
Հունիսի 10-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Տեղեկացանք, որ նախագծում ամրագրված են այն երեք ուղղությունները, որոնցով առաջիկա երեք տարիների ընթացքում կառավարությունը պայքար կտանի: Նախագծից տեղեկանում ենք, որ, որպես կոռուպցիայի դեմ պայքարի երեք ուղղություն, ամրագրված են կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը եւ հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը: Եվ հունիսի 10-ից այս նախագիծը դրված էր իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում, որպեսզի հանրային քննարկումներ տեղի ունենան: Ի սկզբանե որպես ժամկետ էր ամրագրված 30 օրը, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դիմել են նախարարությանը ժամկետը երկարաձգելու համար: Վերջիններս որոշել են ընդառաջ գնալ քաղաքացիական հասարակությանը, եւ հանրային քննարկումների համար սահմանվել է 40-օրյա ժամկետ: Նշենք, որ իշխանությունները թավշյա հեղափոխությունից հետո կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել են իրենց առաջնահերթություններից մեկը, եւ այս ծրագիրը նպատակ ունի կանոնակարգել առաջիկա տարիների աշխատանքը:

 

 

 

 

ՈՒԺԵՂԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրավապահ մարմիններին հանձնարարել էր ոչ թե թավշյա, այլ երկաթյա հակահարված տալ բռնության քարոզ հնչեցնող ուժերին, որոնց թվում են նաեւ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողները: Վաչապետի այս հայտարարությունից հետո իրավապահ համակարգը կարծես թե ոտքի է կանգնել: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ահազանգած բնակիչներից մեկը հայտնեց, որ արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանները քաղաքացիական հագուստով անձանց ուղեկցությամբ ստուգում են տարօրինակ վայրերում, մութ անկյուններում գտնվող մեքենաները` հասկանալու համար` արդյոք մեքենայի մեջ մարդ կա, թե ոչ: Բնակիչներից մեկը հայտնեց, որ իր մեքենան քաղաքի մի մութ անկյունում է կայանված եղել, մոտեցել են երեք անձինք, ներկայացել ոստիկան, հայտնել են, որ ուժեղացված հսկողություն են իրականացնում, որից հետո հարցուփորձ են արել քաղաքացուց, թե մեքենայում տարօրինակ ինչ իրեր կան, եւ խնդրել են անձնագիր ներկայացնել: Քաղաքացին ներկայացրել է անձնագիրը, եւ ոստիկանության աշխատակիցները, հավաստիանալով, որ որեւէ խնդիր չկա, գնացել են:
«Ժողովուրդ» օրաթերթը ոստիկանությունից փորձեց հասկանալ, թե ինչ է կատարվում, ի պատասխան` հայտնեցին, որ ոստիկանությունը իրականացնում է իր ամենօրյա աշխատանքը լիազորությունների շրջանակում. նման ստուգումներն ունեն մեկ նպատակ` կանխել, նախականխել եւ բացահայտել հանցագործությունները:




Լրահոս