ՍԴ ԴԱՏԱՎՈՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ` ԻՐԵՆ ՀՐԱՀԱՆԳ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հետ իր` խարդախության գործով կալանավորման, ինչպես նաեւ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ավետիսյանի գործը Եվրոպական դատարանում անգործության մատնելու թեմաների շուրջ:

Հունիսի 19-ին լիագումար նիստի օրակարգում կլինի ՍԴ անդամի ընտրությունը: Այս անգամ ՀՀ նախագահն առաջարկել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Սա կլինի ՍԴ անդամի ընտրության 5-րդ փորձը: Նախորդ բոլոր դեպքերում առաջադրված թեկնածուները բավարար քվե չեն ստացել պաշտոնը ստանձնելու համար: Վահե Գրիգորյանը նախօրեին հանդիպել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, պատասխանել նրանց հարցերին ու լսել մտահոգությունները: Երեկ Վահե Գրիգորյանը հանդիպեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:
Նիստի ավարտից հետո անդրադարձավ նախկինում արած իր այն պնդմանը, թե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լեգիտիմ չէ: Դիտարկմանը` հետեւաբար, խորհրդարանն էլ է համարվում ոչ լեգտիմ, Վահե Գրիգորյանն արձագանքեց. «Ես քննադատել եմ Արմեն Սարգսյանի` 4-րդ նախագահի ընտրության գործընթացը: Սա պառլամենտական հանրապետություն է, եւ պառլամենտում կա ընդդիմություն: Ընդդիմությունն օրենքի նախագծին դեմ է քվեարկում, օրենքն ընդունվում է, դուրս է գալիս փողոց, խախտում է օրենքը, որովհետեւ դե՞մ է քվեարկել: Ես հավակնում եմ լինել ՍԴ դատավոր: Դատարանի կողմից քննարկվելիք հարցերի մեջ լինելու են հարցեր, բնականաբար, որոնց վերաբերյալ ես փոքրամասնության մեջ եմ լինելու, այսինքն` հատուկ կարծիք եմ ներկայացնելու դրա վերաբերյալ: Ես հրապարակելու եմ հատուկ կարծիք, նշանակում է` ես չե՞մ ճանաչելու մեծամասնության կայացրած դատական ակտի ուժը: ՀՀ նախագահը ՀՀ նախագահ է, թե ոչ, որոշվում է ոչ թե փաստաբան Վահե Գրիգորյանի մեկնաբանություններով, որ ես ժամանակին տվել եմ եւ շարունակում եմ տալ, այլ բոլոր սահմանադրական մարմինների կոնսենսուսով: Եթե ՀՀ նախագահը ՀՀ նախագահ չլինի, էս պառլամենտն էլ չի լինի, էս պառլամենտն ընտրվել է նույն նախագահի հրամանագրով: Իսկ այն հացին, որ ինքը մտերիմ հարաբերություններ ունի իշխանական վերնախավի հետ, եւ գուցե այդ ամենը կաշկանդի իրեն պաշտոնավարման ընթացքում, Գրիգորյանը պատասխանեց. «Ես այդ պաշտոնում ընտրվելու եւ երդում տալու դեպքում… Երդում չեմ տալու, որպեսզի որեւէ խմբավորման ներկայացուցիչ դառնամ»:
«Ժողովուրդ» օրաթերթը եւս մի քանի հարցերի շուրջ զրուցեց Վահե Գրիգորյանի հետ:
-Պարո՛ն Գրիգորյան, մամուլը գրեց այն մասին, թե ինչպես կարող է ՍԴ դատավոր դառնալ մի մարդ, որը նախկինում կալանավորված է եղել խարդախության գործով: Մասնավորապես, Վահե Գրիգորյանի «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ն զբաղվում էր Հյուսիսային պողոտայի, Բյուզանդի 9, 11 եւ 15 հասցեից վտարված բնակիչների դիմում-բողոքներով. 2005թ. հոկտեմբերի 7-ին կալանավորվեց խարդախության եւ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: Ի՞նչ կասեք այս մասին:
-Շատ ճիշտ են ասել, հենց այդպես էլ եղել է, բացի դրանից ես այդ որոշումը կցել եմ բոլոր այն փաստաթղթերին, որը հիմա Ազգային ժողովի կայքէջում դրված է: Այսինքն` ցանկացած քաղաքացի կարող է մտնել նայել եւ իմանալ` ինչի մասին է խոսքը:
-Այսինքն` կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ խարդախության համար կալանավորված անձը չի կարող ՍԴ դատավոր լինել:
-Արդարացվել եմ, կարդացե՛ք որոշումը, որոշումը դրված է, ես դրել եմ, որպեսզի քաղաքացիների համար անհայտ ոչինչ չմնա: Այդ մամուլի շրջանակներում, որ դա հրապարակում էին, ներկայացրին իբրեւ իրենց բացահայտում, այնինչ դա վաղուց` անցած տարվա սեպտեմբերից ես հրապարակային դրել եմ, որպեսզի մարդիկ կարդան:
-Բայց սա միակ դեպքը չէ, որ Ձեր հասցեին մեղադրանքներ են հնչում: 2018թ. օգոստոսին մամուլը գրեց, որ Վահե Գրիգորյանը փաստացի տապալել է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ամենահեռանկարային գործը` Կարեն Պետրոսյանի գերեվարվելու գործը: Այսինքն` Ձեր անգործության պատճառով Հայաստանը կորցրել էր աղմկահարույց գործ Եվրոպական դատարանում:
-Սա բացարձակ զրպարտություն է:
-Հստակեցրե՛ք մեկ բան. հիմա Դուք ՀՔԾ-ին «Մարտի 1»-ի գործով հրահանգ տալի՞ս եք կամ իրենք Ձեզ հրահանգ տալի՞ս են: Ի վերջո, հայտնի գաղտնալսման ժամանակ ՀՔԾ պետը հստակ ասում է` Վահեին կասեք, մի բան կասի, կգրի:
-Իրենք չեն կարող ինձ հրահանգ տալ, ուղղակի մարդիկ, որ այդ տրամաբանության մեջ են տրամաբանում իրենց լսած գաղտնալսումները, ես չեմ հավատում, որ իրենք հավատում են դրան. նրանք կոնկրետ նպատակ ունեն դա անելու համար, բայց ո՛չ ՀՔԾ-ն, ո՛չ որեւէ մեկը չի կարող ինձ հանձնարարություններ տալ իմ կոնկրետ գործերով, դա շատ հստակ է: Երկու մարդ իրար հետ խոսում են մի բանի մասին, որ երրորդը կամ հանրությունը չեն լսում, եւ իրենք ակնկալում են, որ երրորդը կամ հանրությունը չի լսում, եւ նրանք կարող էին շատ այլ արտահայտություններ թույլ տալ, բայց դա ոչինչ չի նշանակում երրորդին բնութագրելու համար: Ես 2018 թվականի երեւի հունիսի վերջից հրապարակավ ասել եմ, որ մենք բաց համագործակցելու ենք Հատուկ քննչական ծառայության, ոչ միայն մենք, տուժող կողմը, այլ նաեւ կոչ եմ արել քաղաքացիներին ամենասերտ համագործակցությունն ունենան ՀՔԾ-ի հետ 2008 թ. «Մարտի 1»-ի գործերի բացահայտման համար. դրա մեջ ոչ մի գաղտնիք չկա:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

 

 

16 ՏԱՐԻ ԱՆՑ ԿՐԿԻՆ ՄԱՐԴ ՍՊԱՆԵՑ
«Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հորը` Սարգիս Ավագյանին սպանած անձը նախկինում կրկին մարդ է սպանել եւ ազատազրկման դատապարտվել:
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2019 թվականի հունիսի 10-ին` ժամը 13:05-ին, մարմնական վնասվածքներով երկու անձ են տեղափոխվել հիվանդանոց, որոնցից մեկը` 55-ամյա Սարգիս Ավագյանը, մահացել էր: Հրապարակվեց այն մասին, որ Սարգիս Ավագյանը «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն էր:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Գրել էինք, որ, հասած լուրերի համաձայն, միջադեպը, ըստ նախնական վարկածի, սկսվել է մեքենան հետուառաջ տանելու շուրջ: Դեպքի ականատեսները իրավապահներին պատմել են, որ բակում վիճաբանության ձայներ են լսել, տեսել են, որ անծանոթ երկու տղաներ մեքենան հետուառաջ տանելու շուրջ վիճում են տաքսու վարորդ Սարգիս Ավագյանի հետ: Ավելին, ականատեսները պատմել են, որ այդ ժամանակ Սարգիս Ավագյանը ասել է. «Դուք ինձ ճանաչո՞ւմ եք, որ նման բաներ եք ասում»: Բնակիչներից մեկը, տեսնելով, որ ծեծում են Ավագյանին, իջել է օգնության, եւ այդ ժամանակ 1995 թվականին ծնված երիտասարդին ու Ավագյանին դանակահարել են, որից հետո Սարգիս Ավագյանը հիվանդանոցում մահացել է:
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահները միջադեպի տարածքի ողջ տեսախցիկները առգրավել են, որտեղ երեւում է, որ Սարգիս Ավագյանին դանակահարած անձինք չեն օգտվել տասքի ծառայությունից, եւ ոչ էլ միջադեպը կարող է կապ ունենալ մեքենայում ծխելու հետ: Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները պարզել են, թե ովքեր են դանակահարել Սարգիս Ավագյանին. վերջիններս եղել են երկու հոգի: Նրանցից մեկը Զորիկ Մանուկյանն է, մյուսը` Գրիգոր Բողջողջյանը: Մեզ հայտնի դարձավ, որ Գրիգոր Բողջողջյանը 1993 թվականին զենքի գործադրմամբ սպանել է մի քաղաքացու, որի համար ազատազրկման է դատապարտվել 10 տարի ժամկետով: Դատարանը նրան 2003 թվականին պայմանական ազատ է արձակել: Եվ, ահա, 16 տարի անց Գրիգոր Բողջողջյանին կրկին մարդ սպանելու համար մեղադրանք առաջադրվեց, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Ասել է թե` իրավապահները չեն կարողանում գտնել սպանության համար նախկինում դատապարտվածին:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ՓՈՐՁԵԼ Է
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` քիչ առաջ Կոտայքի մարզի Աբովյանի նստավայրում սպանության գործով դատական նիստի ժամանակ մեղադրյալը փորձել է փախուստի դիմել: Վերջինս ամեն կերպ փորձել է ճողոպրել, սակայն ոստիկանների միջամտության արդյունքում փախուստի փորձը կանխվել է:

 

 

 

 

ՀԱՅՑ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ» գործով Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը պահանջեց 650 հազար դրամ դատական ծախսերի համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայտարարեց հայցից հրաժարվելու մասին, որից հետո անդրադարձ կատարվեց դատական ծախսերին: Փաշինյանի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը նշեց, որ իր վստահորդի միակ եկամտի աղբյուրը աշխատավարձն է, եւ դատավարության ընթացքում ծախսել է 650 հազար դրամ՝ վճարելով փաստաբաններին ծառայության համար: «Կարծում եմ, որպեսզի հետագայում կանխվեն նմանատիպ անհիմն հայցերը իմ վստահորդի դեմ, ապա, այո, հետամուտ ենք լինում, որպեսզի այդ հարցը լուծվի, եւ այն մարդիկ, ովքեր անհիմն հայց կներկայացնեն իմ վստահորդի դեմ, պետք է վճարեն դրա համար»,- ասաց Գյոզալյանը: Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն այդ գումարը ողջամիտ չի համարում եւ նշեց, որ դատավարություն փաստացի տեղի չի ունեցել: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ հայցով դատական ակտ կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի հունիսի 24-ին:

 

 

 

 

ԱՆԴԱՄԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ
Մանվել Գրիգորյանի նկատմամբ սիստեմատիկ կերպով պետական լիազոր մարդկանց կողմից կատարվում են անօրինականություններ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ԵԿՄ նախկին նախագահ Մ. Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։ Փաստաբանը տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել բժիշկների կոնսիլիում, որին մասնակցել են ինչպես «Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի, այնպես էլ Առողջապահության նախարարության կողմից լիազորված մասնագետներ. «Արդյունքում տրվել է եզրակացություն, որ եղած ծանր հիվանդություններին, որոնք մոտ 30-ին չափ էին, ասեմ, որ այս հիվանդությունները ձեռք են բերվել կալանքը կրելու ընթացքում, գումարվել է եւս 3 հիվանդություն։ Նոր հայտնաբերված հիվանդությունները ծանր են, բայց այդ հիվանդություններից մեկի տեսակն այն է, որ կարող է լինել անդամահատություն»։




Լրահոս