Բարձրագույն դատական խորհրդում հրաժարականի դիմումների շարքը շարունակվում է: Երեկ հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, Սնանկության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը: Այսքանով, սակայն, դիմումների շարքը չի դադարի:
Ինչպես հայտնի է, մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որից հետո` հունիսի 7-ին, պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց Գեւորգ Դանիելյանը: Սակայն այսքանով դիմումների շարքը չի դադարում: Երեկ հրաժարական տվեց Արմեն Խաչատրյանը: Մեզ հասած լուրերի համաձայն` չի բացառվում, որ առաջիկայում հրաժարական տան ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը եւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը: Ըստ դատական համակարգում տարածված լուրերի` հրաժարականների շարքը պայմանավորված է նրանով, որ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո ԲԴԽ անդամների հարաբերությունները լարվել են: Ասել է թե` տան տիրոջ գնալուց հետո մեկը մյուսին չեն ենթարկվում:
«Ժողովուրդ» օրաթերթը Արմեն Խաչատրյանի հրաժարականի եւ առաջիկայում սպասվող հնարավոր հրաժարականների մասին զրուցեց ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի հետ:
-Պարո՛ն Չիչոյան, ի՞նչ է կատարվում Բարձրագույն դատական խորհրդում. արդեն երրորդ անձն է հրաժարական տալիս: Արմեն Խաչատրյանն էլ հրաժարական տվեց:
-Ես ինքս չեմ զրուցել իր հետ, ամեն մեկն իր անձնական կարծիքն ունի, իրենք են որոշում` շարունակեն աշխատեն, թե ոչ:
-Արմեն Խաչատրյանը չցանկացավ աշխատել Ձեզ հետ:
-Մենք լավ գործընկերներ ենք եւ բարիդրացիական աշխատում ենք եւ նման խնդիր չենք ունեցել, որ իմ փոխարինելու ժամանակ, որ դա պատճառ հանդիսանա հրաժարականի:
-Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` ԲԴԽ անդամների միջեւ կռիվ է ընկել: Հայկ Հովհաննիսյանից բոլորն են դժգոհում` դատավորներից սկսած, ԲԴԽ անդամներից վերջացրած, ու հրաժարականներ են մեկը մյուսի հետեւից տալիս:
-Չկա նման խնդիր, ես կարդացի Ձեր հոդվածը՝ կապված Հայկ Հովհաննիսյանի հետ, նման խնդիր չի եղել եւ ոչ էլ որեւէ անդամի հետ: Շատ համերաշխ մթնոլորտ է, հրաժարականների դիմումները մթնոլորտի հետ կապ չունեն, դա մարդկանց անձնական խնդիրն է աշխատեն, թե չշարունակեն աշխատեն:
-Սնանկության դատարանը դատական համակարգը համարում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից ընտրված ցանկալի դատավորների դատարան, եւ տեսակետ կա, որ հաշվի առնելով, որ Գագիկ Հարությունյանը գնացել է, Արմեն Խաչատրյանը այդ պատճառով է դիմում գրել:
-Չի կարելի այդպես ասել, բայց կարծում եմ, որ այդ հարցը պետք է տաք Արմեն Խաչատրյանին, բայց եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, չեմ կարծում, որ նման խնդիր կար:
-Իսկ Խաչատրյանը չի՞ կիսվել Ձեզ հետ` ինչու որոշեց նման բան անել:
-Չէ՛, չի կիսվել ինձ հետ, ընդամենը դիմումը թողել է գրասենյակում եւ հեռացել է:
– Ասում են` հաջորդը Դուք եք:
-Այս պահին չունեմ նպատակ հրաժարականի դիմում տալու, հետագայում չեմ կարող պատասխանել` կունենամ, թե ոչ:
-Իսկ Արմեն Բեկթաշյանի հրաժարականի մասին տեղեկություն ունե՞ք:
-Տեղեկություն չունեմ, այսօր Արմեն Բեկթաշյանը չի ներկայացել ԲԴԽ, միգուցե Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում նիստեր ունի, դրա համար չի եկել այստեղ:
-Պետք է գար ու չի՞ եկել:
-Չէ, չունեինք ծրագիր, մեզ մոտ երկուշաբթի ու հինգշաբթի օրերն է հիմնականում նիստերը լինում, մնացած օրերը աշխատանքային են: Դուք գիտեք, ԲԴԽ-ում դատավոր անդամները 25 տոկոս գործ են քննում այնտեղ, իսկ 75 տոկոսը այստեղ է:
-Ի՞նչ է լինելու ԲԴԽ-ի ճակատագիրը, եթե այսպես հերթով բոլորը գրեն ու գնան:
-Լավ է լինելու:
-Իսկ իրավիճակը այլ բան է ասում:
-Լավ է լինելու:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՄԱՐԶՊԵՏԸ ՏԵՂՅԱԿ Է, ՈՐ ՍԻԳԻ ՊԱՀԱԾՈ Է ԱՐՏԱԴՐՎԵԼ
Օրեր առաջ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարել է, որ պիլոտային ծրագիր է մշակել, համաձայն որի` այս տարի թույլատրելու են Սեւանա լճից 150 տոննա սիգ արդյունագործական նպատակով որսալ:
Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ:
-Պարո՛ն Սանոսյան, ո՞ւմ կողմից է վերահսկվելու սիգի որսը:
-Գլխավոր վերահսկող կառույցը «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ն է, իսկ բնապահպանական խախտումներն արձանագրողը բնապահպանական տեսչական մարմինն է: Քանի որ այդ ամբողջ գործառույթը մեր մարզում է, մենք` որպես աջակցող գործընկեր ենք հանդես գալիս, որպես այդպիսին վերահսկողի դերակատարում մենք չունենք: Այդ ծրագիրը` 150 տոննայի հետ կապված, պիլոտային է, քանի որ մենք ունենք լճում ձկան քանակի որոշակի աճ: Այդ միջոցով ուզում ենք մեր գործընկերների հետ համատեղ կարգավորել ձկան որսը:
-Այնուամենայնիվ, պարո՛ն Սանոսյան, ինչպե՞ս եք պատկերացնում գործընթացը. արդյոք «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչը ձկնորսի հետ նավակով լճում պտտվելու եւ կշռելո՞ւ է բռնած ձուկն ու արձանագրելու թվերը: Ինչպե՞ս է դա իրականացվելու:
-Նախ` պետք է մարդիկ գնան դիմեն Բնապահպանության նախարարություն եւ որոշակի չափաքանակներով ստանան թույլտվություն: Կգույքագրվեն նրանց ձկնորսական միջոցները, լողամիջոցները, եւ նրանց համար կսահմանվի հատուկ մուտքի եւ ելքի տեղեր, թե որտեղից պետք է մտնեն լիճ, որտեղից դուրս գան, որպեսզի դուրս գալուց ազգային պարկի աշխատողը կարողանա ֆիքսել, թե քանի կիլոգրամ կամ քանի տոննա ձուկ են դուրս բերել:
-Բացառո՞ւմ եք, որ հանցավոր համաձայնության կգան ձկնորսն ու տեսուչը: Կոռուպցիոն գործարքներից խուսափելու համար ո՞վ է վերահսկելու ե՛ւ տեսուչին, ե՛ւ ձկնորսին:
-Քանի որ Սեւանա լճի եւ ձկնորսության խնդիրները շատ ավելի բազմազան են, հաճախ դրան խառնվում է նաեւ ոստիկանությունը, այնպես որ, կփորձենք բոլորով կարգավորել: Բայց ինձ համար կարեւոր է այն, որ ձկնորսներն իրենք են ուզում կարգավորվի ոլորտը, ինչ որ իմաստով ձկնորսներն իրենք մեկմեկու կվերահսկեն, եւ ոլորտը կկարգավորվի:
-Պարո՛ն Սանոսյան, արդյոք տեղյա՞կ եք, որ, չնայած սիգի որսի արգելքին, Սեւանում սիգի պահածո է արտադրվել, ապա արտահանվել:
-Դա մեր տիրույթում չէ, բայց տեղյակ եմ:
-Իսկ ո՞ր ընկերության կողմից է արտադրվել:
-Մանրամասներին չեմ տիրապետում, բայց, ինչքան գիտեմ, ե՛ւ մարզում կա նման բան, ե՛ւ մարզից դուրս:
-Այսինքն` սիգի պահածո՞ են անարգել արտադրում եւ արտահանում:
-Նույնիսկ խանութներում է վաճառվում: Դա պետք է բերել օրինական դաշտ, թող մարդիկ օրինական ճանապարհով ձուկը որսան, կուզեն կպահածոյացնեն, կուզեն այլ մեթոդով կվաճառեն:
-Սեւանա լճում խեցգետնի պաշարները զգալի նվազել են: Ի՞նչ է արվում խեցգետնի պաշարների վերականգնման համար:
-Գրեթե ոչինչ չի արվում մեկ շատ պարզ պատճառով` խեցգետինը մեր Սեւանա լճի էնդեմիկ տեսակներից չի համարվում: Այն այնտեղ հայտնվել է պատահական սկզբունքով եւ կենսաբանական առումով լճին պետք չէ: Այսինքն` իր այնտեղ լինել-չլինելը բնապահպանական, կենսաբանական առումով այդքան կարեւոր չէ: Այ, ուրիշ բան, որ կողակի եւ բեղլուի պաշարներն է պետք վերականգնել:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
2018թ. հունվարի 9-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում ընթանում էր ոստիկանության Իջեւանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, Գանձաքար գյուղի 37-ամյա բնակիչ Գերասիմ Մարդանյանի դատավարությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. հոկտեմբերի 4-ին ոստիկանության Իջեւանի բաժնի շենքում խոշտանգել է Ժորա Սիմոնյանին: Նրա նկատմամբ քրգործ է հարուցվել ՀՀ քր. օր. 309.1 հոդվածի 1-ին մասով («Խոշտանգումը»): Գ. Մարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Մարդանյանն իրեն առաջադրված մեղադրանքում մեղավոր չի ճանաչում` ասելով, որ չի խոշտանգել Ժ. Սիմոնյանին, քրգործը սարքել են, քանի որ ինքը պայքարել է ապօրինի անտառահատումների դեմ, որով զբաղվել են նաեւ քրգործով տուժող, Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչ Ժորա Սիմոնյանը եւ վերջինիս հայրը` Գարսիկը:
2019թ. փետրվարի 6-ի նիստում Գ. Մարդանյանի պաշտպան Ռոբերտ Ամիրխանյանը հայտարարեց, որ Գ. Մարդանյանի գործողությունները եղել են օրինական, բխել են իր պարտականություններից, օրենքի պահանջներից, նպատակ են հետապնդել հայտարարված ծառահատման դեմ պայքարի շրջանակներում հայտնաբերել անտառախախտներին. Մարդանյանը կարող էր մեղադրյալի աթոռին նստած չլիներ, եթե շատերի նման նա էլ ընդառաջեր կամ զիջեր իրեն դիմած անձանց անօրինական խնդրանքին կամ տեղի տար նրանց սպառնալիքներին, ընդուներ Սիմոնյանների «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենան ու այդ ընտանիքի տղաներին ոստիկանության բաժնից դուրս հանելու առաջարկը: Այդ օրը դատավոր Զոյա Զաքինյանը վճռեց Գ. Մարդանյանին ՀՀ քր. օր. 309.1 հոդվածի 1-ին մասով արդարացնել եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, Գ. Մարդանյանի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցումը վերացնել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը եւ քրգործով մեղադրող Վարդգես Սարգսյանը վերաքննիչ բողոք են ներկայացրել` խնդրելով բեկանել եւ փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019թ. փետրվարի 6-ի դատվճիռը, Գ. Մարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր. 309.1 հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ` նշանակելով համաչափ պատիժ: Հունիսի 18-ին քրեական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանում այդ գործով դատական հերթական նիստ կկայանա:
Մինչ դատախազն ու տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը Գ. Մարդանյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ են պահանջում, Գարսիկ Սիմոնյանի ընտանիքը շարունակում է ապօրինի անտառահատումներով զբաղվել: Ոստիկանության Իջեւանի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 11-ին Իջեւանի բաժնի ոստիկանները Այգեհովիտ գյուղում գտնվող Գ. Սիմոնյանի այգում հայտնաբերել են մոտ 4 խմ ապօրինի պատրաստված վառելափայտ, որի կապակցությամբ վերջինիս պատկանող «ԳԱԶ-66» ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջեւանի բաժին: Այդ կապակցությամբ ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ