ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԷՎԱՅԻՆ ԲԱԺԻՆ ՀԱՍՆՈՒՄ «հՁժՀԹԸ» ԿԵՐՊԱՐՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Երեւանի պետական կամերային թատրոնի արտիստուհի, մի շարք հեռուստասերիալներից եւ ֆիլմերից հայտնի դերասանուհի Էվա Խաչատրյանն է: Այժմ Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրվում է «Ժիրայր Գլենց» սերիալը, որտեղ Էվան եւս ընդգրկված է: Մենք զրուցել ենք նրա վառ կերպարի մասին: Դերասանուհին խոստովանել է, որ բոլորովին ընդհանրություններ չունի նրա հետ. ինքն իրական կյանքում սիրո հարցում իրեն հաջողակ է համարում: Էվան անդրադարձել է նաեւ բեմական կյանքի նորություններին` տեղեկացնելով, որ շուտով թատրոնի անձնակազմը մասնակցելու է անչափ կարեւոր մի փառատոնի Լեհաստանի Գդանսկ քաղաքում:

-Էվա՛, «Ժիրայր Գլենց»-ում նկարահանվելու հրավերը հե՞շտ ընդունեցիք: Ինչպե՞ս է պատահում, որ Ձեզ հաճախ բաժին են ընկնում սրտակեր կանանց դերեր:
-Հեշտությամբ ընդունեցի հրավերս, քանի որ աշխատելու էի ինձ հարազատ թիմի հետ: Ռեժիսոր Գրիգոր Վահրամյանի հետ համագործակցել եմ դեռեւս ուսանող տարիքից: Նախկինում նրա հետ համագործակցել եմ «Եղբայրներ», «Մամա», «Խաչվող հետքեր», «Քարտ բլանշ» եւ այլ նախագծերի շրջանակում: Վստահ էի, որ այս անգամ էլ մեր համատեղ աշխատանքը դրական արդյունք էր տալու: Ինչ վերաբերում է կերպարիս, նա խարակտեր ունեցող կին է: Ինձ հետ որեւէ ընդհանրություն չունի: Այնպես չէ, որ իմ կերտած բոլոր կերպարները նման են իրար, չէի ասի: Բայց, այո, հաճախ եմ կտրուկ բնավորությամբ կանանց դերեր խաղում: Բայց բոլոր այն հեռուստադիտողները, որոնք կշտապեն որակումներ տալ իմ կերպարին, հետո կարող են հիասթափություն ապրել, քանի որ կերպարս կտրուկ շրջադարձեր է ունենում, սպասվում են անսպասելի լուծումներ: Երեւի հեռուստադիտողները կբնորոշեն իմ կերպարը որպես «րՑպՐՉՈ», բայց դա այդքան էլ արդարացի չէ. այդ կնոջ պահվածքն էլ բացատրություն ունի: Նա մեկն է, ով ունեցել է բազում չստացված հարաբերություններ, կուտակել է ագրեսիա: Կերպարս ուզում է բոլոր տղամարդկանց գերել, որպեսզի ինքն իրեն ապացուցի, որ ուժեղ է: Հոգեբանական խորը շերտեր կան, բայց հեռուստադիտողները բոլոր այս երեւույթները մեկ բառի, մեկ որակման տակ են ծածկում:
-Ասացիք, որ նմանություն չունեք Ձեր կերպարի հետ: Կարելի՞ է ենթադրել, որ սիրո հարցում հաջողակ եք:
-Այո, իհարկե, ես ինձ այդ հարցում համարում եմ հաջողակ: Երբեւէ հակառակը չեմ մտածել: Աշխարհի բոլոր կանանց պես ես էլ ունեցել եմ էմոցիոնալ ամենատարբեր դրսեւորումները: Ես էլ կին եմ, որն ունի սիրելու եւ սիրվելու ցանկություն: Դերասանի կյանքը հետաքրքիր է հենց դրանով. մենք ունենք ուրիշների կերպարների մաշկի տակ մտնելու հնարավորություն: Ու թեեւ ես ու կերպարներս շատ տարբեր ենք, նրանցից յուրաքանչյուրն, այնուամենայնիվ, մի մասնիկ ունի ինձնից:
-Էվա՛, Կամերային թատրոնը ե՞րբ կանցնի արձակուրդի: Բեմական ի՞նչ նորություններ կան, որոնց մասին կցանկանաք պատմել:
-Դեռ մեկուկես ամիս կա մինչեւ արձակուրդը: Մեզ մոտ աշխատանքները միշտ բուռն են: Հուլիսին մեկնում ենք Լեհաստանի Գդանսկ քաղաք, հյուրընկալվելու ենք Շեքսպիրյան թատրոնում եւ մասնակցելու ենք հրաշալի մի փառատոնի: Ասեմ, որ այդ կառույցն ինձ համար կոթողի պես մի տեղ է: Ավելի վաղ մեր թատրոն էին այցելել շեքսպիրագետներ, դիտել էին «Ռոմեո եւ Ջուլիետը», որի շրջանակում ես եւս ընդգրկված եմ, անչափ տպավորվել էին, եւ ստացվեց այնպես, որ հրավիրեցին մասնակցելու փառատոնին: Դա մեզ համար մեծ իրադարձություն է:
-Իսկ որոշե՞լ եք` որտեղ եք անցկացնելու ամառային հանգիստը եւ ինչ ֆորմատով:
-Դեռ ոչ: Կարծում եմ` շատ քիչ ժամանակ կունենամ հանգստանալու համար: Հուսամ` ամեն դեպքում, կստացվի որոշ ժամանակով կտրվել առօրյայից: Տեսնենք` ինչպես կստացվի:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Ո՞ՒՐ Է ԿՈՐԵԼ ՍԵՐԳԵՅ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Հայկական շոու-բիզնեսում վառ անհատականությունների պակաս, անշուշտ, կա: Օրեցօր շատացող աստղերի կողքին հեռուստադիտողը կհիշի անչափ ոճային մի երգչի, որն աչքի էր ընկնում թե՛ իր տարբերվող երգերով, թե՛ արտաքինով եւ բեմական կերպարով: Խոսքը երգիչ Սերգեյ Գրիգորյանի մասին է, որն արդեն տեւական ժամանակ է՝ հանդես չի գալիս նոր երգերով եւ տեսահոլովակներով: «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ որտեղ է նա եւ ինչով է զբաղված, ինչու՞ չի երեւում էկրաններին: Սերգեյը տեղեկացրեց, որ կրկին երաժշտական ոլորտում է գործունեություն ծավալում, պարզապես մի փոքր շեղել է ուղղությունը. «Զբաղվում եմ հեռուստատեսային երաժշտական նախագծերի երաժշտական պրոդյուսինգով, շատ վաղուցվանից դասավանդում եմ Երգի պետական թատրոնում, միջազգային երաժշտական մրցույթներում հանդես եմ գալիս որպես ժյուրիի անդամ: Ես ինձ լավ եմ զգում, ռեալիզացված: Ինձ բավարարում է այն, ինչ ունեմ»,-ասաց նա:
Հարցին, թե չի մտահոգվում, որ երգչի կարիերան մղվել է երկրորդ պլան, Սերգեյը պատասխանեց. «Իհարկե, կարոտում եմ բեմը, բայց ես այն մարդկանցից եմ, որոնք հավատարիմ են իրենց սիրելի գործին, ուղղությանը: Այսօր ակտուալ է 6/8-ը, բայց ես դա չեմ երգի, չեմ կլկլացնի: Դա էլ է արվեստ: Չեմ ասում, թե չեմ կարող, բայց դա իմը չէ: Ոլորտում կան երգիչներ, որոնց մոտ դա իսկապես լավ է ստացվում, թող նրանք կլկլացնելով զբաղվեն: Տեսահոլովակ նկարահանելու իմաստ չեմ տեսնում այս փուլում: Երբ նման բան ես անում, պետք է ակնկալես, որ շահույթը կկարողանաս հետ բերել: Բայց այսօր շատ որակյալ հոլովակներ դիտումներ չեն ապահովում: Դիտումների, լայքերի հարցն էլ հարաբերական է: Այսօր դրանք հեշտությամբ կարելի է գնել, ընդ որում՝ էժան գներով: Ինձ դա պետք չէ»:
Սերգեյն այն համոզման է, որ ինքը շոու-բիզնեսում հերթականներից չէ, եւ հանդիսատեսը, հեռուստադիտողը հիշում է իրեն. «Կարծում եմ՝ կերպարս հիշվող է, նոր սերունդն էլ ինձ «տեղն է բերում»: Դա արդեն լավ է, քանի որ իմ սերնդակիցներից շատերը այսօր մոռացվել են»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս