Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի ամենամեծ խնդիրն այն է, որ շատ մարդիկ պնդում են՝ եթե նույնիսկ պարզվի, որ հանքի շահագործումն անվտանգ է, միևնույնն է, այն չպետք է շահագործվի: ՀՀ վարչապետ նման կարծիք հայտնեց Ջերմուկի բնակիչներից մեկի բնակարանում ունեցած հանդիպմանը՝ անդրադառնալով բնակչի դիտարկմանը, թե հանքի շահագործումից 10 տարի հետո բացասական հետևանքները ի հայտ են գալու:
«Ամենամեծ բարդությունը սա է, որ խոսակցությանը խանգարում է, որովհետև, եթե Դուք հիմա ասում եք, որ 10 տարի կամ 5 տարի հետո կլինեն շահագործման հետևանքները՝ անկախ նրանից, թե դա կլինի, թե չի լինի. Ձեր մտքում արդեն դա կա: Այս խոսակցության մեջ ամենամեծ բարդությունն այն է, որ կան շատ մարդիկ, ովքեր ասում են՝ կապ չունի, եթե նույնիսկ պարզվի անվտանգ է, ես դեմ եմ: Սա հասկանալի տեսակետ է, բայց սա տեսակետ է, որը այլ բարդությունն է ստեղծում: Մենք ունենք իրողություններ, և այդ իրողությունները առկա են: Այդ իրողությունն այն է, որ մենք ունենք Հայաստանի օրենսդրությամբ սկսված պրոցես: Ունենք պրոցես Հայաստանի օրենսդրությամբ և Հայաստանի օրենսդրությամբ ունենք իրողություն, որ Հայաստանի կառավարությունը հրավիրել է կամ արտոնություն է տվել ընկերության, որ գա այստեղ 400, 500 կամ 600 միլիոն փող ծախսի, և 400 միլիոն արդեն ծախսվել է: Եվ հարց: Եթե պարզվի, որ այդ գործունեությունն օրինական է, եթե այդ գործունեությունը շրջակա միջավայրի համար անվտանգ է, եթե այդ մարդիկ այդ 400 միլիոն դոլարի ներդրումն արել են օրինական ճանապարհով, ինչո՞ւ չենք թողնում, որ աշխատեն: Այս հարցին պետք է պատասխանել»,- ասաց վարչապետը: