Լուսանկարը՝ համացանցից
Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի խոսքերն են, որոնք փակցված են պատին: Հուսանք՝ կանայք ականջալուր կլինեն թումանյանական այս խոսքերին:
ՀԱՐՑ. Այս տարի ե՞րբ կտոնվի Վարդավառը, եւ ի՞նչ խորհուրդ ունի այն:
Գայանե Ադամյան (19 տարեկան, ուսանող)
ՊԱՏԱՍԽԱՆ. Այս տոնը հայտնի է նաեւ Վարդավառ անունով: Տոնը շարժական է եւ նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում, եւ քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանվում է որպես Քրիստոսի պայծառակերպություն` որպես մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ: Այս տարի այն կտոնվի հուլիսի 28-ին: Ս. Գրիգոր Տաթեւացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչեւ բացվելը թաքնված է իր պատյանի մեջ եւ բացվելով` երեւում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչեւ այլակերպությունն իր մեջ կրում էր աստվածային էությունը եւ պայծառակերպվելով` հայտնեց իր Աստվածությունը: Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք, իսկ հաջորդ օրը, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է ս. Պատարագ եւ կատարվում է հոգեհանգիստ:
Օրհնությամբ` Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը: Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում եւ միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորույթը պահպանվել է նաեւ մեր օրերում:
ՀԱՐՑ. Ամեն տարի դեպի Սեւանա լիճ էլեկտրագնացք է գնում: Խնդրում եմ տեղեկացնել, թե այս տարի երբ է գործարկվելու Երեւան-Շորժա էլեկտրագնացքը:
Մանյա Կարապետյան (64 տարեկան, թոշակառու)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սեւանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Ալմաստ (Երեւան)-Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 14-ից` ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին: Գնացքը Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանին կից համանուն կառամատույցից մեկնում է ժամը 08:30` Սեւանի կայարան ժամանելով 10:28-ին, իսկ Շորժա` 11:28-ին: Հակառակ ուղղությամբ էլեկտրագնացքը Շորժայի կայարանից մեկնում է 17:00-ին, Սեւանից` 18:00-ին` Երեւան վերադառնալով ժամը 20:00-ին: Տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է 600 դրամ մինչեւ Սեւանի կայարան, եւ 1 000 դրամ` մինչեւ Շորժա: ՀԿԵ-ն նման սեզոնային էլեկտրագնացք նշանակում է ամեն ամառ հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու եւ դեպի Սեւանա լիճ տանող ճանապարհները թեթեւացնելու նպատակով:
«Հարավկովկասյան երկաթուղի» ԲԲԸ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզվում է` այս տարիների ընթացքում այդպես էլ չհաջողվեց գնացքի արագությունը բարձրացնել: Ըստ որոշ տեղեկությունների` եթե ձմռանը Երեւանից Շորժա կարելի էր հասնել 2,5 ժամում, ապա այժմ այդ նույն ճանապարհը գնացքն անցնում է 3 ժամում: Բացի այս, զբոսաշրջիկները պարբերաբար դժգոհում են Սեւանի թերակղզու հարակից տարածքում գտնվող գետնանցումի անմխիթար վիճակից. գնացքից իջեցնելուց հետո կայարանի դիմացի մայթում գտնվող լողափ հասնելու համար պետք է անցնել գետնանցումով, սակայն այն լուսավորությունից զուրկ է, աղբով լցված: Էլ չենք խոսում գարշահոտության մասին: Հուսանք` այս խնդրով, ի վերջո, կզբաղվեն պատկան մարմինները, այս դեպքում` Սեւանի քաղաքապետարանը: