Ինչպես հայտնի է, դեռեւս ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցություններին՝ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին», առաջարկել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ընդգրկվելու համար ներկայացուցիչներ առաջադրել: Այդպիսի հայտարարություն նա արել էր խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Եվ նրա այդ հայտարարությունից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն օրենսդրական նախագիծ է ներկայացրել: Մասնավորապես, մայիսի 2-ին Ազգային ժողովի կայքում մուտք են արվել Բագրատյանի նախագծերը` ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», որի համաձայն` 7 անդամից 3-ը պետք է առաջադրի ընդդիմությունը, եւ ««Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», որտեղ էլ 5 անդամներից 2-ը պետք է լինեն ընդդիմադիր խմբակցություններից:
Եվ հետաքրքիր է, որ դրանից օրեր անց` մայիսի 8-ին, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էր համանման նախագիծ ներկայացրել` ավելի փոքր թվով անդամներ առաջադրելու հնարավորություն տալով ընդդիմադիր խմբակցություններին: Եվ քանի որ երկու նախագծերն էլ նույն հարցին էին առնչվում, արդեն մայիսի 30-ին կառավարության նիստում գործադիրը մերժեց Սերգեյ Բագրատյանին` առաջարկելով օրենսդրական նախաձեռնությունները քննարկել միաժամանակ»:
Եվ, ահա, երեկ ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեին Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Բագրատյանի նախագծերը, սակայն հերթը դրանց չհասավ, եւ որոշում կայացվեց նիստը շարունակել երկուշաբթի, իսկ պատճառն այս դեպքում զուտ տեխնիկական էր, քանի որ օրակարգը բավականին երկար էր: Սակայն որքան էլ նախագծերի հետաձգման հարցը տեխնիկական էր, մինչ այդ հետաքրքիր նախապատմություն է առկա:
Մասնավորապես, նիստի ընդմիջման ժամանակ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ փոխնախագահ Աննա Կարապետյանը, որը նաեւ Բագրատյանի նախագծի հարցով հարակից զեկուցողն է, միջանցքում ԲՀԿ-ական պատգամավորին փորձում էին համոզել հանել օրակարգից նախագիծը, քննարկել միայն Արարատ Միրզոյանինը, որի ժամանակ Բագրատյանն իր նախագիծը կներկայացնի որպես առաջարկ: Բագրատյանը համաձայն չէր իշխանական պատգամավորների հետ եւ մինչեւ վերջ պնդում էր, որ իր նախագիծը պետք է անպայման քննարկվի, թեկուզ մերժման հեռանկարով: Պատգամավորներն իրենց զրույցը շարունակեցին արդեն Վարդանյանի աշխատասենյակում, եւ որոշում կայացվեց այդ հարցերը միաժամանակ քննարկել երկուշաբթի:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չհերքեց, որ, ըստ էության, իշխանական խմբակցության պատգամավորներն իսկապես նրան համոզում էին հետ վերցնել նախագիծը եւ միայն թողնել Արարատ Միրզոյանինը, սակայն ինքը չի համաձայնել: Ըստ էության, պատգամավորի համար նաեւ զարմանալի էր, թե ինչու է ԱԺ նախագահը համանման նախագիծ ներկայացրել իր ներկայացնելուց հետո:
«Նմանատիպ նախագիծ ներկայացրել է նաեւ Արարատ Միրզոյանը, եւ խնդիր է դրված այդ նախագծերը համադրել կամ հակադրել: Ես խնդիր եմ տեսնում բովանդակության մեջ նախագծերի, քանի որ Արարատ Միրզոյանի նախագծում նվազեցված է ընդդիմության դերը», – նկատեց Բագրատյանը: ԲՀԿ պատգամավորը հիշեցրեց, որ ինքն այդ հարցը տվել է Նիկոլ Փաշինյանին արդեն վարչապետ եղած ժամանակ, սակայն նախկինում, երբ դեռ վարչապետը «Ելք» խմբակցության պատգամավոր էր, եւս քննարկումներ են ունեցել նման նախագիծ ունենալու վերաբերյալ, սակայն հասկացել են, որ նախկին իշխանությունները դա կմերժեն: Եվ հիմա Բագրատյանը զարմանալի է համարում, որ Արարատ Միրզոյանի կողմից եւս նման նախագիծ կա: Նա այդ մասին ասել է նաեւ երեկ իշխանական խմբակցության պատգամավորներին:
«Եթե նման ցանկություն ուներ Արարատ Միրզոյանը, կարող էր այդ փոփոխությունները վաղուց առաջարկել: Ինձ ներկայացրեցին, որ «Իմ քայլը» խմբակցությունում եւս նման հարց քննարկվել է, սակայն ես չէի կարող իմանալ այդ մասին, իսկ իրենք լսեցին իմ հարցապնդումը, եւ, բնականաբար, ես պնդեցի, որ իմ նախագիծն առաջնահերթություն ունենա: Իշխանության ներկայացուցիչների մոտեցումը սկզբից ճիշտ չէր. իրենք առաջարկում էին իմ նախագիծը հետ կանչել, բայց ես ասացի, որ դա արդարացի չէ», – հավելեց Բագրատյանը` ասելով, որ, ի վերջո, որոշվեց դա համատեղ քննարկել երկուշաբթի:
Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանին` հետաքրքրվելով, թե ինչ խնդիր է առաջացել Սերգեյ Բագրատյանի նախագծի հետ կապված, սակայն Կարապետյանը վստահեցրեց, թե որեւէ խնդիր չի եղել, եւ քննարկումների հետաձգումը միայն կապված է օրակարգի հագեցվածության հետ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒԶԵԼ
Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դիմում է ուղարկել դատավորին, որ վերջինս բացատրի իր քայլը: Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատարանների մուտքը փակելու հայտնի ակցիայի մասին դատավորը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Իմ շատ սիրելի ընկերներ, լսել եմ այսօրվա կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել: Իսկույն ՉԻՇԻԿ խմե՛ք, ասում են` օգնում ա»: Չնայած որոշ ժամանակ հետո դատավորը ջնջել էր գրառումը, բայց տարբեր լրատվամիջոցներ հասցրել էին այն հրապարակել: Հիմա անհարգալից այս գրառման համար դատավորը հայտնվել է պատասխանատվության ենթարկվելու վտանգի առջեւ: Ի դեպ, մայսիս 27-ին դատավորների ժողովի ժամանակ դատավոր Երիցյանը ասել է, թե, իբր, գրառումը վերաբերել է իր որոշ ընկերներին: Վերջինիս հայտարարությանն էլ ի պատասխան` դատավորները նրանից պահանջել էին անուններ տալ:
24 ՏԱՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾԸ
24 տարի իրավապահների կողմից հետախուզվող անձ են բռնել Հայաստանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 1995թ հունիսի 14-ից ՀՀ իրավապահների կողմից հետախուզվել է Թեւան Խաչատրյանը եւ մինչեւ 2019թ. փետրվար ամիսը թաքնվել է քննությունից: 2018թ. դեկտեմբերին ցանկացել է վերադառնալ Հայաստանի Հանրապետություն, անձը հաստատող փաստաթուղթ ստանալու նպատակով դիմել է Ուկրաինայի Խարկով քաղաքում գտնվող ՀՀ հյուպատոսություն եւ ներկայացրել է եղբոր կեղծ անձնագրի պատճենը: 2019թ. փետրվարի 8-ին` ժամը 08:08-ի սահմաններում, Բագրատաշենի հսկիչ սահմանային անցագրային կետով ապօրինի հատելով ՀՀ պետական սահմանը, վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, որտեղ էլ նրան բռնել են:
ԱՃԵԼ ԵՆ
Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակներից մեկի` հացի արտադրության ծավալները գնալով աճում են. այս տարվա չորս ամիսներին աճը կազմել է 2 տոկոս։ Սա, ըստ մասնագետների, վերջին տարիների համար աննախադեպ է, քանի որ հացի արտադրության ծավալները վերջին տարիներին նվազում էին: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվար-ապրիլին արտադրվել է 91 հազար 732 տոննա հաց, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում` 89 հազար 935 տոննա: Կա տեսակետ, որ հացի արտադրության ծավալների անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. ի վերջո, նախորդ տարիներին, երբ մեծ էր արտագաղթը, դրա հետեւանքով տարեկան մոտ 3 տոկոսով նվազում էին հացի արտադրության ծավալները եւս: Իսկ հիմա, ընդհակառակը, առաջին անհրաժեշտության սննդամթերքը սպառողների թիվն ավելացել է: Բայց կա նաեւ այն տեսակետը, որ այդ ցուցանիշների ավելացումը կապված է ստվերից տնտեսվարողների դուրս գալու հետ:
ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ վարչապետը ողջունել է Թոմաս Օպերմանի այցը Հայաստան եւ նշել, որ այն լավ առիթ է շարունակելու հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման երկխոսությունը, որը վերջին շրջանում ունի ինտենսիվ բնույթ:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ անցած մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ իր փոխայցելությունները, Գերմանիա է այցելել ՀՀ Ազգային ժողովի նախագահը, Հայաստան՝ Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահը: Կառավարության ղեկավարը կարեւորել է տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը եւ այս ժամանակահատվածում հատկապես ընդգծել դատաիրավական բնագավառում փոխգործակցության զարգացման կարեւորությունը:
ՀԵՏՄԱՀՈՒ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Թուրքմենստանում ՀՀ դեսպան Գառնիկ Բադալյանին հետմահու «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգեւատրելու մասին: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի` հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի, Դիվանագիտական երկարամյա անբասիր ծառայության համար Գառնիկ Ալեքսանդրի Բադալյանին հետմահու պարգեւատրե՛լ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ
Ուսանողների ուսման վարձը եկամտային հարկով փոխհատուցելու նախագծով սահմանված արտոնությունը կվերաբերի միայն մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի սովորողներին: Նախագիծը ԱԺ կրթության, գիտության հարցերով մշտական հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն եւ կքննարկվի լիագումար նիստում: Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Նախագծի հեղինակ, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի խոսքով` կառավարությունը տվել էր իր հիմնավորումները: «Սակայն մենք խորհրդարանական հանրապետություն ենք, եւ որոշում է խորհրդարանը: Բնականաբար, անտրամաբանական կլիներ, եթե ֆինանսների նախարարության բոլոր բացասական եզրակացություն ստացած նախագծերին խորհրդարանը նույնպես բացասական եզրակացություն տար»,- նշեց նա: