ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՀԻՇԵՑՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության համակարգի մասին հայաստանյան մի շարք հասարակական-քաղաքական շրջանակների կողմից վերջին շրջանում ասպարեզ բերվող հայտարարություններին հետեւելիս ակամայից կարելի է հանգել այն մտքին, որ երկրում ունենք ոչ թե դատարաններ ու դատավորներ, ոչ թե արդարադատության համակարգ, այլ զուտ գերբնական ու սակրալիզացված մի «սրբազան կով», որի անունն անգամ չի կարելի տալ, էլ ուր մնաց թե դրա նկատմամբ «վեթինգ» կամ «անցումային արդարադատություն» կիրառել: Քաղաքական որոշ ուժեր, անհատներ ու գործիչներ այնպիսի մանկական (իսկ ավելի ճիշտ՝ Բաղամի ավանակի) ամեղությամբ են բորբոքվում եւ պահանջում չմիջամտել դատական իշխանության գործերին, որ ակամայից ապշում ես նրանց «պետական մտածողության» մասշտաբներից: Սակայն, ցավոք, իրականությունը շատ ավելի դժգույն է:

Այսօր դատարաններին «սրբազան կով» հռչակած շրջանակները երբեւիցե առիթը բաց չեն թողել այս համակարգում իրենց կայուն ներկայությունն ապահովելու համար: Ընդ որում` չեն խորշել անդամ երկրի բարձրագույն դատական ատյանը՝ Սահմանադրական դատարանը, ոտնատակ տալուց, երբ իրենց կուսակցին բերում եւ դարձնում էին Սահմանադրական դատարանի նախագահ: Անգամ սա է, սակայն, չարյաց փոքրագույնը:
Ընդամենը մեկ տասնամյակ առաջ հայաստանյան դատարանների մի ստվար հատվածը ուղղակիորեն եւ ամենակոպիտ կերպով վերածվել էր քաղաքական իշխանության մամլիչի, իսկ դատավորները՝ հասարակ մահակի, որով «ջարդուփշուր» էին արվում իրավունքն ու արդարադատությունը: Թերեւս հարկ է հիշեցնել, որ մեր դատարանները երբեք էլ չեն եղել այն «սրբազան կովը», ինչպես այսօր ներկայացվում են: Պետք է հիշեցնել, որ այսօր դատական համակարգում են գտնվում տասնյակ դատավորներ, որոնք 2008 թվականի մարտիմեկյան իրադարձություններից հետո աջուձախ մեղադրական վճիռներ էին կայացնում իշխանության կողմից ծեծված, հալածված ու գնդակահարված քաղաքացիների, հասարակ ցուցարարների ու քաղաքական գործիչների նկատմամբ: Արդյոք կարո՞ղ են Ալեքսանդր Ազարյանը, Վազգեն Ռշտունին, Ռուբեն Խալաթյանը, Արմեն Դանիելյանը եւ տասնյակների հասնող այլ դատավորներ իրապես դառնալ հայաստանյան արդարադատության «հենասյուները», այն դատավորները, որոնց վճիռներով տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քաղաքացիներ դարձել են քաղբանտարկյալ նույն «Մարտի 1»-ի գործերով (անունները լավ գիտեք, գիտեք նաեւ, որ մի քանիսը ՄԻԵԴ-ում հաղթել են իրենց բողոքը՝ Ալեքսանդր Արզումանյան, Մուշեղ Սաղաթելյան եւ այլք), խեղվել են ճակատագրեր, ու ծանր հարվածի տակ է դրվել երկրի վարկանիշը, ինչի մասին են վկայում ՄԻԵԴ-ից եկող դատավճիռները, որոնց ամբողջ պատասխանատվությունը ընկնում է պետության եւ քաղաքացիների վրա: Այսօր ամեն անպատեհ առիթով այս դատավորներից ոմանք աջուձախ հարցազրույցներ են տալիս` ի դեպ, հենց դրանով խախտելով դատավորի տարրական կարգապահական նորմերը, հեգնում են ու խոսում արդարադատության, օրենքների ու իրավունքների մասին: Եվ, իհարկե, վերջիններիս «պաշտպանությամբ» հանդես են գալիս «մահակ» դարձածները, իրենց կերպարն ու բնութագիրն աղճատողները:
Արդյոք նման դատավորներով հնարավո՞ր է ունենալ անկախ, վստահելի եւ վերջապես արդար դատարան: Արդյոք այդ դատավորները կարո՞ղ են իրենց մեջ ուժ գտնել եւ հեռանալ կամ էլ իրապես ծառայել իրենց կոչմանը: Այս հարցին պատախանելու համար մեր դատավորներն ունեին շուրջ մեկ տարի ժամանակ, եւ այն, ինչ-կատարվում է այս օրերին, ցույց է տալիս, որ պատասխանը բացասական է: Ուստի ներկայումս առավել քան օրհասական է ազատել ու մաքրել մեր արդարադատությունը կոռումպացված, քաղաքական պատվեր ու վճիռներ կայացրած, իշխանության ձեռքում մահակ ու գործիք օգտագործված բոլոր դատավորներից ու պաշտոնյաներից: Եվ այստեղ պետք է շեշտել, որ վերջիններս արգելակ են մեր հանրության, պետականության եւ երկրի հետագա զարգացման համար:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

 

 

ՈՐՔԱ՞Ն ԱՐԺԵ ՀԱՆԳԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐՈՒՄ
Ամառային այս օրերին Երեւանում եւ մարզերում գործող գրեթե բոլոր հյուրանոցները լեփ-լեցուն են` չնայած դրանց ոչ այնքան մատչելի լինելուն: «ժողովուրդ» օրաթերթը մի քանի հյուրանոցներում իրականացրած հարցախույզի արդյունքում փորձեց պարզել, թե հայաստանյան հյուրանոցներում ինչպիսի գնային քաղաքականություն է տիրում:
Մասնավորապես, «Գրանդ հոթել Երեւան» հյուրանոցի այցելուների մեծամասնությունը օտարերկրացիներ են, իսկ մեր քաղաքացիները զբաղեցնում են մի մասը: Հյուրանոց հիմնականում այցելում են Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից եւ Եվրոպայից: Ինչպես հյուրանոցի աշխատակիցը նշեց, գները հիմնականում պայմանավորված են սենյակների շքեղությամբ եւ սեզոնով:
«Մեր հյուրանոցն ունի տարբեր գնային փաթեթներ. ունենք փաթեթ, որի մեջ ներառված է միայն նախաճաշը կամ լանչն ու ընթրիքը: Հունիսի 1-ից մինչեւ 31-ը մեկ տեղանոց սենյակն արժե 96.000 ՀՀ դրամ, իսկ երկտեղանոցն արժե 114.000 ՀՀ դրամ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է գերթանկարժեք սենյակներին, ապա դրանք ներկայացնում են հետեւյալ գնային սանդղակով. փոքր լյուքս սենյակն արժե 159.000 ՀՀ դրամ, մեծ լյուքսն արժե 193.000 ՀՀ դրամ, փոքր նախագահականն արժե 394.000 ՀՀ դրամ, իսկ մեծ նախագահականն արժե 538.000 ՀՀ դրամ:
«Բոլորը գները նախատեսված են միայն մեկ օրվա համար, ներառում են նախաճաշը եւ ավելացված արժեքի հարկը: Հավելենք, որ նախորդ տարվա համեմատ գնային աճ տեղի չի ունեցել»,- նշեց հյուրանոցի աշխատակիցը:
Իսկ «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի մենեջերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ այս տարի զբոսաշրջիկները, նախորդ տարվա համեմատ, ավելի ակտիվ են: Ըստ մեր զրուցակցի` ստանդարտ համարներն արժեն 60.000 ՀՀ դրամ, իսկ դելուքսն արժե 72.000 ՀՀ դրամ: Հավելենք, որ հայաստանյան հյուրանոցների եւ հանգստի վայրերի մատուցած ծառայությունների թանկ եւ ոչ բոլորին հասու լինելու մասին շատ է խոսվել: Հատկապես դա ակնառու է դառնում, երբ եղած ծառայությունները եւ գները համեմատում ես արտերկրի հյուրանոցների մատուցած ծառայությունների արժեքի հետ:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

ՈՒԶՈՒՄ Է ՏԵՂԵԿԱՆԱԼ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հունիսի 10-ին կարգադրություն է արել «ՀՀ Տավուշի տեղեկատվության շրջանառության եւ ստորաբաժանումներից ներքին տեղեկատվական հոսքերի արդյունավետ ապահովման համակարգման մասին»: Մարզպետը մարզպետարանի վարչությունների պետերին, բաժնի վարիչներին կարգադրել է ներկայացնել տեղեկատվություն` համապատասխան ոլորտում իրականացվող ծրագրերի, միջոցառումների, այդ ոլորտի զարգացման տեսլականի եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, այդ բնագավառում առկա միջազգային փորձի, քաղած դասերի, զարգացմանը նպաստող ծրագրերի հաջողված օրինակների, աշխատանքային փորձի ընթացքում հանդիպած կամ գործընկերներից ավանդաբար փոխանցված, ոլորտի հետ կապված դեպքերի, իրադարձությունների, պատմությունների, նաեւ զվարճալի եւ զավեշտալի դեպքերի վերաբերյալ: Մարզպետը, մասնավորապես, կարգադրել է մարզպետարանի ՏԻՄ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետին. «Առաջարկե՛լ համայնքների ղեկավարներին ներկայացնել համայնքների առաջնահերթ խնդիրները, ծրագրերը, համայնքների կյանքում կարեւորված օրերը, պատմությունները, հետաքրքիր մարդկանց, պատմամշակութային հուշարձանները, վայրերը, նաեւ զվարճալի եւ զավեշտալի դեպքերը, առաջարկե՛լ լուսաբանման թեմաներ, իսկ լրատվամիջոցների հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպումների ժամանակ իրազեկե՛լ»: Ստացվում է, որ քաղաքացիների կողմից ընտրված համայնքի ղեկավարները որեւէ թեմայի կամ հիմնախնդրի վերաբերյալ լրատվամիջոցի կամ լրագրողի հայտնելիս պետք է տեղյակ պահեն Տավուշի մարզպետին: Դա ինչքանո՞վ է համապատասխանում ՀՀ օրենքներին, մասնավորապես` ՏԻՄ օրենսդրությանը:
Ինչո՞ւ եք նման որոշում կայացրել, որ համայնքի ղեկավարները Ձեզանից պետք է թույլտվություն վերցնեն լրատվամիջոցի հետ շփման համար: Արդյոք խոսքի ազատության սահմանափակում չէ՞, ինչո՞ւ եք արգելում մարդկանց շփվել լրագրողների հետ:
Հայկ Չոբանյանն, ի պատասխան մեր հարցերին, արձագանքեց. «Չկա այդպիսի կետ: Ես նման հրահանգ չեմ տվել: Դուք կարող եք այդ փաստաթուղթը նայել, դա վերաբերում է ներքին տեղեկատվական շրջանառությանը եւ որեւէ հրահանգ չկա: Դա նպատակ ունի, որպեսզի այդ տեղեկատվությունը մեր տեղեկատվական բաժինը կարողանա մշակել: Դա ներքին օգտագործման համար գործընթաց է, եւ չի կանոնակարգում որեւէ համայնքապետի գործունեություն, առավել եւս չի հրահանգավորում թույլտվություն խնդրել: Այդպիսի բան չկա: Դա կա՛մ մեկնաբանություն է որեւէ համայնքի ղեկավարի կողմից, եթե այդպիսին եղել է, կա՛մ էլ հերյուրանք է, որիշ ոչ մի բան»:

 

 

 

ՄԱՆՐ ՁԿՆԵՐԻՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՐԵԼ ԵՆ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակ գյուղի բնակիչ, 1985 թ. ծնված Մարատ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ձկներ արդյունահանելու շուրջ նախնական համաձայնության գալով համագյուղացի, 1960թ. ծնված Լեւոն Ղազարյանի հետ, էլեկտրահարմամբ ապօրինի արդյունահանել են 129 հատ 3,3 կգ քաշով ձկներ` պետությանը պատճառելով 3300 դրամի նյութական վնաս: Մ. Մովսիսյանին եւ Լ. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 292 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս