«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի արտիստուհի, «Կարգին սերիալ», «Երե1», «Ստոպ», «Դոմինո» եւ այլ հումորային հաղորդումներից հայտնի դերասանուհի Ելենա Վարդանյանը: Նա անդրադարձել է իր բնավորության` քչերին հայտնի գծերին, նախասիրություններին ու հետաքրքրություններին: Ելենան խոստովանել է, որ պատրաստ է հրաժարվել ամեն ինչից` հանուն ընտանիքի: Նա նշել է, որ ամուսնությունից հետո ավելի պատասխանատու է դարձել: Դերասանուհին ունի որդի, բայց դուստր ունենալու երազանքն էլ չի մոռացել: Ասում է` եթե Աստված կամենա, այն եւս իրականություն կդառնա:
-Ելենա՛, կա՞ մի կարգախոս, լոզունգ, որով ամբողջ կյանքում առաջնորդվել եք:
-Այո, իհարկե, այն է` «Կյանքը հրաշալի է…»: Ուրիշ ի՞նչ լոզունգ կարող էր լինել (ժպտում է):
-Շարունակե՛ք միտքը. «Կյանքը կարճ է, բայց…»
-Սիրուն է ու հետաքրքիր:
-Միշտ Ձեր կողքին ունեցել եք մարդիկ, որոնք…
-Մտերիմ են եղել ինձ հետ, սիրել են ինձ, ես էլ` իրենց:
-Ո՞վ է Ձեր լավագույն խորհրդատուն, եթե այդպիսի մեկը կա, իհարկե:
-Ծնողներս են միանշանակ:
-Պատրաստ եք հրաժարվել շատ բաներից հանուն…
-Ընտանիքի:
-Ի՞նչ եք կարծում, մեր երկրի առաջընթացն ինչի՞ հետ է կապված:
-Այն կախված է ամեն մեկիցս: Եթե յուրաքանչյուրը լավ անի իր գործը, ճիշտ ապրի, կունենա առաջընթաց:
-Ո՞րն է Ձեր սիրելի միրգը:
-Բոլորը, թեպետ ավելի շատ հատապտուղներ եմ սիրում:
-Թաքնված տաղանդ ունե՞ք, մի շնորհ, որի մասին քչերը գիտեն:
-Այո, հրաշալի պատրաստում եմ խոհանոցում: Եթե ցանկանայի, կարող էի խոհարար դառնալ:
-Միշտ ձգտում եք շփվել մարդկանց հետ, որոնք…
-Ունեն բարձր ինտելեկտ, բազմակողմանի զարգացած են:
-Ձեր բնավորության ո՞ր գիծն է Ձեր ամուսինը գովում, եւ հակառակը` որի՞ց է դժգոհում:
-Նա հիանում է իմ իմաստությամբ եւ նախատում է ինձ շտապողականության համար:
-Բացի Երեւանից ո՞ր քաղաքում կցանկանայիք ապրել:
-Երեւանն իմ կյանքի եզակի քաղաքն է, միակ վայրը, որտեղ ցանականում եմ ապրել ամբողջ կյանքում: Գիտե՞ք, շատ տեղերում եմ ապրել, բայց միայն Երեւանն է ինձ հոգեհարազատ: Չեմ պատկերացնում ինձ որեւէ այլ քաղաքում: Սա ամենաբարի ու ամենահարմարավետ քաղաքն է:
-Ո՞րն է Ձեզ համար ամենահարազատ բույրը:
-Հենց Երեւանի բույրը, հատկապես` անձրեւից հետո:
-Հետաքրքիր է` հիասթափության պարագայում լուռ հեռանում եք, թե տեսարաններ եք սարքում:
-Ամեն բան կախված է իրավիճակից: Առհասարակ, ես հավասարակշռված անձնավորություն եմ, ասել, թե բռնկուն եմ, սուտ կլինի, բայց եթե փորձեն ինձ հունից հանել, իմ կողմից շատ դաժան պատասխան կստանան:
-Ամուսնությունից հետո ի՞նչ նոր որակներ ձեռք բերեցիք:
-Ավելի պատասխանատու եմ դարձել: Կյանքս փոխվել է դեպի լավը:
-Դուք ունեք որդի. հիշում եմ, որ ժամանակին երազում էիք դուստր ունենալու մասին: Այդ երազանքը էլի փայփայու՞մ եք:
-Այո, իհարկե, տա Աստված, էլի երեխա ունենամ:
-Ո՞րն է այն վեպը, որին պարբերաբար անդրադառնում եք, որը վերադարձնում է Ձեզ իր մոտ:
-Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան»:
-Ի՞նչ ազդեցություն է ունեցել Ձեր անունը Ձեր ճակատագրի վրա, երբեւէ ցանկացե՞լ եք այն փոխել:
-Ոչ, ես շատ եմ սիրում անունս: Որքանով տեղյակ եմ, այն նշանակում է լուսավոր: Անունս միայն դրական ազդեցություն է ունեցել կյանքիս վրա:
-Ընկերներ շա՞տ ունեք:
-Ոչ, քիչ են, բայց արժեքավոր:
-Տարիքի հետ հասկանում եք, որ…
-Պետք է քիչ փնտրտուքների մեջ ընկնել, հարկավոր է վայելել կյանքի ամեն մի վայրկյանը, անել այնպես, որ հարազատներդ իրենց լավ զգան, այլապես դու չգիտես, թե վաղը ինչ կլինի: Պետք է ապրել այնպես, որ հետո չզղջաս:
-Մարզվելու համար ժամանակ ունե՞ք, ֆիզիկապես ակտի՞վ եք:
-Ոչ, բայց թատրոնը պահանջում է որոշակի ֆիզիկական պատրաստվածություն, այնպես որ, փորձերի ժամանակ եմ ակտիվ լինում:
-Կինը երբեք չպետք է մոռանա, որ…
-Որ ինքը կին է, որ աշխարհ է եկել սիրելու եւ սիրվելու համար: Նա պետք է մի քիչ ավելի սիրի, շատ ժամանակ տրամադրի ինքն իրեն:
-Իսկ կենցա՞ղը, օրինակ` Դուք ինչպե՞ս եք գլուխ հանում:
-Ես կենցաղում եմ այնքան, որքան ընտանիք ունեցող միջին վիճակագրական կինը…
-Գերի չեք դառնում…
-Ոչ, ես ոչ մի բանի գերի չեմ դառնում:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ԵԹԵ ՉԵՍ ԿԱՐՈՂ ՄՈՒՐՃԸ ԽՓԵԼ ՍԵՂԱՆԻՆ, ԳՆԱ՛»
«Դիտում էի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունն, ու տպավորությունս այնպիսին էր, որ մեղադրյալը դատավորն էր: Քոչարյանը դատավորին ասաց.
«Ձեր յախան թա՛փ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս»: Այ մարդ, այս ի՞նչ է կատարվում: Դատավո՛ր, դիմում եմ քեզ, ինչո՞ւ ես կուռկուռի ձագ դարձել. եթե ամորձիներ չունես, որ մուրճդ խփես սեղանին, ուրեմն հրաժարական տո՛ւր, գնա՛: Պետք է ավելի խիստ լինել, որ հասկանան՝ ով ով է»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը` խոստովանելով, որ կիսատ է թողել դիտումը` չկարողանալով հանդուրժել դատարանում տիրող իրավիճակը:
Նրա խոսքով` արդարադատության հաստատման համար երբեմն ցանկություն է առաջանում ավելի կտրուկ միջոցների կիրառման ականատեսը լինել, բայց, միեւնույնն է, բոլորը պետք է շարժվեն օրենքի սահմաններում. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարյուր անգամ ասել է, որ չի կարող գնալ նախկինների ճանապարհով, եւ դա ճիշտ է: Որքան էլ մեզ զայրացնեն ինչ-ինչ երեւույթներ, հարկավոր է օրենքի ճանապարհով գնալ»,-ասաց նա:
Երգահանը հույս ունի, որ, այնուամենայնիվ, արդարությունը կհաղթի` կլինի դա դատավորին, մյուս կադրերին փոխելու, անցումային արդարադատություն հաստատելու, թե մեկ այլ ճանապարհով:
Որոշ ժամանակ առաջ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լեւոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ինքը միլիարդատեր չէ, միլիոնատեր` միգուցե: «Ես համարում եմ, որ երկրորդ նախագահի եւ, առհասարակ, նախկին ռեժիմի օրոք եղել է ոչ թե սովորական գողություն, այլ համակարգված թալան: Ընդ որում, նախկին իշխանության պարագլուխներն իրենց փրկելու համար ուզում են, որ ստորին օղակների մաս կազմողները պատժվեն, բայց, ի՞նչ է, ծաղրո՞ւմ են մեզ: Իրենց օրոք է այդ ամենը տեղի ունեցել, ուրեմն իրենք պետք է պատժվեն, գողոնն էլ պետք է վերադարձվի ժողովրդին»,-եզրափակեց երգիչ, երգահան Զորիկյանը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ
«Բանանց» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որտեղ տեղեկացնում է, որ երկկողմանի հայտարարությամբ խզվել է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետ պայմանագիրը: Հայտարարության մեջ գրված է հետեւյալը. «Ցանկանում ենք տեղեկացնել, որ երկկողմանի համաձայնությամբ խզվել է «Բանանց» ՖԱ-ի եւ ակումբի ակադեմիայի գլխավոր մարզիչ, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար Ռաֆայել Նազարյանի միջեւ գործող պայմանագիրը: Շնորհակալություն ենք հայտնում Ռաֆայել Նազարյանին կատարված աշխատանքի համար եւ մաղթում հաջողություն հետագա կարիերայում»:
ԵՎՍ ՄԵԿ ՏՐԱՆՍՖԵՐ
«Ռեալի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը գնել է ճապոնական «Տոկյոյի» ֆուտբոլիստ Տակեֆուսա Կուբոյին: Կիսապաշտպանը մադրիդյան գրանդի հետ կկնքի 6 տարվա պայմանագիր: Նշվում է, որ երիտասարդ ֆուտբոլիստը հաջորդ մրցաշրջանում կխաղա «Ռեալի» երկրորդ թիմում` «Կաստիլիայում»: Ճապոնացուն իրենց կազմում ցանկանում էին տեսնել նաեւ «Մանչեսթեր Սիթին» ու ՊՍԺ-ն: Հավելենք, որ Կուբոն այժմ Ճապոնիայի հավաքականի հետ պատրաստվում է «Կոպա Ամերիկային»: Ինչպես նաեւ հիշեցնենք, որ սա մադրիդցիների 6-րդ տրանսֆերն էր այս ամռան ընթացքում: Մինչեւ այս սերուցքայինները ձեռք են բերել նաեւ Միլիտաուի, Ռոդրիգոյի, Յովիչի, Մենդիի եւ Ազարի տրանսֆերները:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ