ՔՊ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԻՆՏՐԻԳՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ընտրված վարչության կազմը շատերի համար իսկապես անակնկալ էր: Քվեարկության արդյունքները զարմանալի են եղել անգամ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար, որը չէր սպասում, որ լինելու է չորրորդը` Սուրեն Պապիկյանից եւ Արայիկ Հարությունյանից հետ մնալով: Նա իր զայրույթը մտերմիկ շրջապատում արտահայտել է՝ ասելով, թե չհասկացավ՝ ինչու այդպես ստացվեց:
«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ վարչության նորընտիր կազմով գրանցած առաջին նիստից որոշ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես՝ երբ արդյունքները հաշվարկվել են, եւ գումարվել է վարչության անդրանիկ նիստը վարչության նախագահ ընտրելու համար, այդ արդյունքներից անակնկալի եկած ներկաներից մի քանիսը ինքնաբերաբար առաջարկել են ՔՊ վարչության նախագահ ընտրել Նիկոլ Փաշինյանին: Ներկաների մեծ մասը առաջարկել է վարչության նախագահ ընտրել Սուրեն Պապիկյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդամենը մեկ անձ է առաջարկել Արարատ Միրզոյանի թեկնածությունը՝ որպես ՔՊԿ նախագահ:
Նիկոլ Փաշինյանը անմիջապես ինքնաբացարկ է հայտնել: Արարատ Միրզոյանն էլ, տեսնելով, որ ընտրվելու շանս չունի, նաեւ հաշվարկելով, որ Սուրեն Պապիկյանից անհամեմատ քիչ ձայներ է հավաքել, ինքնաբացարկ է հայտնել: Այսպիսով, Պապիկյանը միաձայն ընտրվել է ՔՊ վարչության նախագահ:

 

 

 

 

Հունիսի 14-ին Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Մեծարգո՛ հայրենակիցներ, հայտնում եմ, որ եկել է աշխատանքային լիազորություններս դադարեցնելու պահը»: Սա բոլորի կողմից ընկալվեց որպես պատգամավորական մանդատից հրաժարվելու հայտարարություն: Սակայն «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ այժմ խմբակցությունը եւ, հետեւաբար, նաեւ Ազգային ժողովի ղեկավարությունը պատգամավորի կողմից մանդատից հրաժարվելու մասին որեւէ դիմում չի ստացել. նման դիմումի մասին որեւէ տեղեկություն առկա չէ նաեւ ԱԺ պաշտոնական կայքում, որտեղ սովորաբար դրանք պարտավոր են լինել առկայության դեպքում: Ավելին, մեր տեղեկություններով` պատգամավորի այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ական պատգամավորներից շատերն են փորձել կապի դուրս գալ նրա հետ, զրուցել, սակայն Տիգրան Ուրիխանյանը որեւէ կերպ չի արձագանքել ոչ ոքի, այլ շարունակում է իր էջում տարբեր մեկնաբանություններ գրել: Մեզ եւս չհաջողվեց կապվել Ուրիխանյանի հետ:

 

 

 

 

Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով օրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Ըստ քննութան` նա հրազենով սպանել է Զաքար Հովհաննիսյանին: Վերջինիս դեմ ցուցմունք է տվել ոստիկանության զորքերի ենթասպաներից մեկը: «Ժողովուրդ» օրաթերթին ենթասպայի ցուցմունքից որոշ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ոստիկանության զորքերի ենթասպան իր ցուցմունքում նշել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանը հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա ու փորձել է հարվածել, իսկ Գեղամ Պետրոսյանը կրակել է, եւ այդ ամենին ականատես է եղել ոստիկանության զորքերի սպայական կազմը, եւ կոնկրետ անուններ են տրվել: Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տվել, սակայն բանավոր կերպով հայտնել է, որ ենթասպային չի ճանաչում, քանի որ ենթասպան ընդամենը մոտ երկու տարի է, ինչ ընդգրկված է եղել ոստիկանության զորքերի կազմում:

 

 

 

 

2016թ. ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում` Մարտակերտի դիրքերում, ռազմական գործողությունների հետեւանքով ժամկետային զինծառայող, վարորդ Հայկ Թորոսյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետեւանքով մարմնի ձախ կողմը թուլացել է: Վերջինս Հայոց բանակում հասցրել էր ծառայել ընդամենը 80 օր: Նշենք, որ Հայկն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, ստանում է 71 հազար ՀՀ դրամ թոշակ եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից` 26.000 ՀՀ դրամ: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց, որ պատերազմը սկսելու մասին իմացել են իրար մեջ խոսելով միայն, բայց արդեն դիրքեր բարձրանալուց տագնապով են բարձրացել: Անդրադառնալով Ազգային ժողովում ստեղծված Ապրիլյան պատերազմը հետաքննող հանձնաժողովի գոյությանն ու հնարավոր բացահայտումների թեմային` Թորոսյանը դա ուշացած քայլ համարեց` ընդգծելով. «Եթե գործեր կան, որ պետք է քննվեն, թող քննվեն, պարզապես չգիտեմ` ինֆորմացիայի ստուգությունը, արդիությունը կպահպանվի, թե ոչ»:

 

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
ՀՀ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի երեկվա նիստը, կարելի է ասել, քաղաքական յուրօրինակ մշակույթի դրսեւորում էր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համանման նախագծեր էին ներկայացրել հանձնաժողովականների քննարկմանը: Բագրատյանն առաջարկում էր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որի համաձայն` 7 անդամից 3-ը պետք է առաջադրի ընդդիմությունը, եւ «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխությունները, որտեղ էլ 5 անդամներից 2-ը պետք է լինեն ընդդիմադիր խմբակցություններից: Իսկ Արարատ Միրզոյանը նախագծով առաջարկում էր ավելի փոքր թվով անդամներ առաջադրելու հնարավորություն տալ ընդդիմադիր խմբակցություններին:
Իհարկե, հնարավոր է պատգամավորները տեղյակ չլինեն միմյանց նախաձեռնություններից, եւ միաժամանակ նույն թեմայի մասով օրինագծեր մշակվեն: Կյանք է, կպատահի: Բայց երբ մամուլը գրեց, որ Արարատ Միրզոյանի հավատարիմները` ի դեմս նրա քավոր Վլադիմիր Վարդանյանի եւ նախկին գրասենյակի ղեկավար Աննա Կարապետյանի, փորձել են Բագրատյանին համոզել հետ կանչելու նախագիծը, սակայն չի ստացվել, արդեն մտահոգիչ է:
Ինչեւէ, երեկ երկու նախագծերն էլ մտան հանձնաժողով. Բագրատյանի նախագիծը մերժվեց, ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունների ներկայացուցիչներ դուրս եկան դահլիճից, եւ ԱԺ նախագահի ներկայացրած օրինագիծը քննարկվեց եւ հավանության արժանացավ բացառապես իշխանական պատգամավորների մասնակցությամբ: Համաձայնեք, այնքան էլ հետաքրքիր տեսարան չէր. իշխող ուժը միայնակ քննարկում է իր ԱԺ նախագահի օրինագիծը եւ հավանություն տալիս:
Մինչդեռ կարելի էր մի կողմ դնել նկրտումները, ընդ որում` երկու կողմերն էլ, եւ հանդես գալ միասնական նախագծով: Ինչո՞ւ. որովհետեւ շարքային ընտրողի համար միեւնույնն է` օրինագիծը ով կներկայացնի, քանի կողմ կամ դեմ ձայներով կքվեարկվի, կամ ովքեր կլինեն այդ կողմ ձայների «տերերը»: Կարեւոր է, որ ընդունված օրինագծերը բխեն բացառապես հասարակության շահերից:
Բայց քաղաքական մշակույթի տեսանկյունից կարեւոր է, որ օրենսդիր մարմնում իշխի համերաշխությունը, առավել եւս, երբ մի կողմում այդ մարմնի ղեկավարն է: Եւ որպեսզի այս բաղձալի կոնսենսուսը կայանա, ընդհանրապես, աշխարհում կա մի տարածված եւ էֆեկտիվ գործիք` երկխոսություն անունով: Շատ կարեւոր է այդ գործիքի իմացությունն ու կիրառումը: Եւ եթե այդ գործիքը լայնորեն կիրառվի նաեւ մեր օրերում, դժվար թե ատելության, թշնամանքի այս մթնոլորտը շարունակի ծաղկել: Գուցե արժե՞ սկսել մտածել այդ գործիքի մասին, որը հաստատ արդյունքներ կտա:




Լրահոս