ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎԱՏ Է ԶԳՈՒՄ, ՈՐ ՊԱՐՏՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների եւ նախագահի ընտրություն, որի ժամանակ կուսակցության պատվիրակները ընտրել են 21 հոգանոց նոր վարչություն: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը նախորդ վարչության կազմում ընդգրկված էր, ինչպես նաեւ համարվում է կուսակցության հիմնադիրներից մեկը, դուրս է մնացել վարչության կազմից:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է Հովիկ Աղազարյանի հետ` հասկանալու համար, թե ինչն էր պատճառը, որ վերջինս չընդգրկվեց վարչության նոր կազմում:
-Պարո՛ն Աղազարյան, որպես ՔՊ վարչության նախկին անդամ` ինչպե՞ս եք գնահատում այսօրվա նոր ձեւավորված վարչությունը, արդյոք այն լիովին արտահայտո՞ւմ է կուսակցության «պատկերը»:
-Նախ` կուսակցության վարչության ընտրությունը ես գնահատում եմ որպես աննախադեպ քայլ, որը մեր Հայաստանի նորօրյա պատմության մեջ լիովին նոր գործընթաց էր: Իսկապես նոր ձեւավորված վարչությունը նոր շունչ ունի, ես կարծում եմ, որ իսկապես լավ վարչություն է ձեւավորվել:
-Իսկ, ըստ Ձեզ, ինչո՞ւ վարչության անդամ չընտրվեցիք` լինելով կուսակցության հիմնադիրներից մեկը. փաստորեն, այլեւս վարչության հետ որեւէ առնչություն չեք ունենալու:
-Երեւի իմ գործընկերները, կուսակցության իմ ընկերներն ու բարեկամները գտել են, որ հաշվետու ժամանակահատվածում ես ինչ-որ չափով չեմ արդարացրել իրենց սպասումները:
-Նեղացած չե՞ք Ձեր կուսակցության անդամներից:
-Ես նեղացած չեմ, բայց ես վատ եմ զգում, որ պարտվել եմ, թե չէ ինչո՞ւ պետք է նեղանամ: Բացարձակապես, ուղղակի ես անգամ եթե շախմատը, ֆուտբոլը պարտվում եմ, ես ինձ շատ վատ եմ զգում, բայց նեղացվածություն բացարձակ չկա. այնտեղ ուրիշ նրբություններ կան, որ ես եմ տիրապետում այդ իրավիճակին, որ, ասենք, անսպասելի չէր ինձ համար: Մենք դեռեւս մեր մտքերն արտահայտելու մեծ դաշտ ունենք, այնպես չէ, որ ամեն ինչին վերջ: Ինձ համար դա սպասելի էր:
-Այսինքն` Ձե՞ր մեղավորությունն է եղել, որ այսօր ՔՊ վարչությունում չեք:
-Բնականաբար: Ես մի բան եմ ուզում շեշտել, որ նոր վարչությունը ձեւավորվել է երիտասարդներով, բոլորը իրար այնտեղ ճանաչում են, բավական երկար ճանապարհ են միմյանց հետ անցել, ու ես կարծում եմ, որ իրենք շատ հաջողված են, մենք էլ շատ հաջողված վարչություն ունենք:
-Բայց տեսակետ կա, որ կուսակցությունում ներքին պայմանավորվածություն է եղել վարչության կազմի հարցում: Արդյոք չե՞ն ցանկացել կուսակցությունում, որպեսզի Դուք կրկին ընդգրկվեք վարչության կազմում:
-Այդպիսի բան չկա, պայմանավորվածություն, որպես այդպիսին, չկա, որովհետեւ ընտրության այս ձեւը եւ քարոզարշավը, որ մենք իրականացրել ենք, նմանատիպ հանգամանքների տեսակարար կշիռը մոտեցնում է զրոյի: Այսինքն` եղել են մարդիկ, ովքեր հենց քարոզարշավի ընթացքում եղել են հայտնություն եւ իրենք ընտրվել են:
-Քաղաքական դաշտում անհասկանալի էր նաեւ Սասուն Միքայելյանի` վարչության կազմից դուրս մնալը: Ինչո՞ւ կուսակցությունը չցանկացավ ավելի շատ փորձ ունեցող անձանց ընդգրկել վարչություն: Ի՞նչ միտում եք տեսնում:
-Եթե ես ուղղակի ենթադրեմ, ապա ուղղակի պետք է ասեմ, որ Սասուն Միքայելյանը, լինելով ԵԿՄ նախագահ, փաստորեն զբաղվածության շատ մեծ աստիճան ունի, ու հետեւաբար կարող է պատահի, որ որոշ մարդիկ հաշվի են առել այդ հանգամանքը: Կարող է մտածել են, որ ինքը կդժվարանա համատեղել, ու գուցե դա էական դեր է կատարել, որովհետեւ Սասուն Միքայելյանն ու ես չընտրվեցինք, այսպես ասած, եզրային ձայներով, ու մի քանի ձայնը կարող էր էական լինել: Յուրաքանչյուրն իր կարծիքն ունի. ով գնահատում է այս կամ այն թեկնածուին, ընտրելու ժամանակ մտածում է` ինչքանով դա ճիշտ քայլ կլինի, որքանով այն իրատեսական կլինի եւ այլն: Ես ենթադրում եմ, որ սա կարող է այդ ամենի հիմքը հանդիսանալ: Մեր օգտակարության ռեսուրսը չի կորելու այս ամենով, մենք ընդգրկված ենք խմբակցությունում, որտեղ մենք էլի մեր դիրքորոշումը հայտնելու ենք, ու ես այն կարծիքին չեմ, որ մեր ռեսուրսը մենք չենք ներկայացնելու: Մեկը մյուսին չի խանգարում:
-Ս. Միքայելյանն ու Դուք հեղափոխություն իրականացնողներից եք:
-Այո, դա որեւէ մեկը չի հերքում, ուղղակի Հայստանում տեղի է ունցել կուսակցության թափանցիկ վարչության անդամների ու ղեկավարի ընտրություն: Կուսակցությունում ցանկալի, անցանկալի մարդիկ չկան, սա իմ դիրքորոշումն է: Ինձ մոտ դա համոզմունք է, որ ընտրողը ինքը պետք է ընտրի, թող սխալվի, բայց ինքը պետք է ընտրի, հետո ինքը կուղղի իր սխալը: Եթե մենք ընտրությունները դիտարկում ենք թափանցիկ ու արդար, ապա այդ մոդելը պետք է դնենք նաեւ մեր կուսակցության վարչության ընտրության դեպքում, եթե մենք այդ սկզբունքով չենք առաջնորդվում, ապա ինչպե՞ս ենք ժողովրդին ասելու` եկեք այդ սկզբունքով առաջնորդվեք: Դա մեզանից պետք է սկսենք ու տարածենք հանրության դաշտ: Ինձ համար շատ ընդունելի է նաեւ վարչության նախագահի ընտրությունը. հավատացե՛ք, Սուրեն Պապիկյանը բացարձակ պատասխանատվության զգացում ունի: Իսկապես մեր վարչությունը ընտրվել է թափանցիկ, բաց ու արդար: Ես կարծում եմ` շատ լավ աշխատանք է սպասվում մեզ:

 

 

 

 

ՈՍՏԻԿԱՆԻ ՎՐԱ ԹՔԵԼԸ ՊԻՏԻ ՊԱՏԺՎԻ ՕՐԵՆՔՈՎ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն տեղեկացրել էր, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի կողմից շրջանառության մեջ դրած ու «հանած» «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագիծը խմբակցությունում դեռ շարունակում են բուռն քննադատել: Բանն այն է, որ պատգամավորը չի տեղեկացրել խմբակցությանը իր նախաձեռնության մասին, ինչի համար այն խմբակցության ներսում քննադատության է արժանացել:

Մեր տեղեկությունների համաձայն` պատգամավորի հետ այդ թեմայի շուրջ զրուցել են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ տեղեկացրել, որ նախագիծն իրենց սրտով չէ, ու պետք չէ խմբակցությանը ներքաշել նման քննադատական քննարկումների մեջ: Հավանաբար դա է եղել պատճառը, որ Ա. Խաչատրյանը ստիպված է եղել հետ կանչել նախագիծը, բայց այն ակնկալիքով, որ այն քննարկումներից հետո կրկին կներկայացվի խորհրդարանի «դատին»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` պատգամավորը հակված չէ շատ փոփոխություններ կատարել նախագծում, բայց ինչ-որ բաներ փոխելով` այն կրկին շրջանառության մեջ է դնելու: Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվում է իրավական ապահովության երաշխիքներ սահմանել ոչ միայն ոստիկանության ծառայողների, այլեւ իշխանության բոլոր ներկայացուցիչների համար: Առաջարկվում է քրեականացնել իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: Մեր տեղեկություններով` պատգամավորը նպատակ ունի նախագիծն ամեն գնով կյանքի կոչել:
Նշենք նաեւ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը տեղյակ չէ նախագծից, իսկ հարցին, թե պետք է քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելը, ասել էր. «Անձամբ ես գտնում եմ, որ ոչ. ես չեմ կարծում, որ դրա կարիքը կա»:
Երեկ Արմեն Խաչատրյանը չցանկացավ նախագծի հետ կապված հարցերին պատասխանել` նշելով, որ առաջիկայում ամեն ինչ կհստակեցվի, ու ինքը կտեղեկացնի նախագծի մասին բոլոր մանրամասները:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԿԲԱՐՁՐԱՆԱ
ՀՀ արդարադատության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության մեջ դրել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար կավելանա 2000, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով: Բանն այն է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009 թվականից փոփոխություններ չեն կրել: Ավելին, դրան հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետեւանքով չեն բավարարում անձնական հիգիենայի եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար: Օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33 տոկոս: Սա լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ նախագծի ընդունման արդյունքում այս տարվա 6 ամիսների հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228 մլն 942 հազար դրամ: Այն կիրականացվի ՀՀ 2019թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության եւ աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:

 

 

 

ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը, նշել էր, թե չի ողջունում այդ փաստը:
«Ի վերջո, որեւէ երկրի դեսպան կարող է քաղաքական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպել, սակայն այստեղ ուրիշ բան կա։ Այն հոդվածներն ու մեղադրանքները, որոնք ներկայացված են Քոչարյանի դեմ, մի փոքր դուրս են դնում նրան մաքուր քաղաքական դաշտից։ Այսինքն` այնտեղ շատ այլ որակների եւ շահագրգռությունների մասին է խոսքը, ինչի համար էլ չեմ ողջունում այդ հանդիպումը»,-ասաց Միրզոյանը։ Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում դեսպանի եւ նախկին նախագահի հանդիպման մասին հարցը բարձրաձայնել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանից հետաքրքրվելով, թե ինչպես են գերատեսչությունում վերաբերվում այդ հանդիպմանը: «Դիվանագիտական արարողակարգի եւ նորմերի շրջանակներում դեսպանը որեւիցե սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի լինել կամ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից», – ասել է փոխնախարարը, ինչին ի պատասխան` հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը եւս չի ողջունել հանդիպումը: Հետաքրքիր է, որ այսպիսի կարեւոր հարցում արտաքին գերատեսչության եւ ԱԺ ղեկավարության կարծիքները չեն համընկնում:




Լրահոս