Նախօրեին` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին ընտրված վարչության կազմը շատերի համար իսկապես անակնկալ էր: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ պատկերը կարելի էր սպասել` հաշվի առնելով վերջին իրողությունները, քարոզարշավը, թեկնածուների եւ կուսակիցների կողմից ուղարկված մեսսիջները:
Նախ նշենք, որ համաժողովի արդյունքներով ընտրված 21 հոգուց բաղկացած վարչության կազմից բացակայում են վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը, որը եղել է նախորդ երկու վարչություններում, նաեւ կուսակցության նախագահը եւ Հովիկ Աղազարյանն ու Զարուհի Բաթոյանը, որոնք էլ եղել են առաջին` հիմնադիր վարչության կազմում: Սակայն այս անուններից զատ անակնկալ էր, օրինակ, պատգամավոր Հայկ Սարգսյանի` վարչությունում չհայտնվելը, ինչպես նաեւ մի քանի արդյունքներ. օրինակ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միայն 18-րդն էր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ միայն չորրորդը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ՝ 10-րդը, սակայն ամեն ինչի մասին` սկզբից:
Մեսսիջները
ՔՊ վարչության այսօրվա կազմի պատկերն իրականում կամաց-կամաց է ուրվագծվել, եւ հիմք են հանդիսացել կուսակցության տարբեր նիստերը, այնտեղ հնչող մեսսիջները, այդ թվում` ՀՀ վարչապետի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` տարբեր ելույթներում նաեւ վարչապետի կողմից մեսսիջներ են եղել, թե ինչպիսի վարչություն ունենալու ցանկություն է առկա, որից հետո էլ հենց այդ ուղղությամբ է լոբբինգ տարվել:
Քվեարկության արդյունքներն, օրինակ, զարմանալի են եղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար, որը չէր սպասում, որ լինելու է չորրորդը` Սուրեն Պապիկյանից եւ Արայիկ Հարությունյանից հետ մնալով: Այդ հանգամանքը նրան շատ է զայրացրել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչության կազմի ընտրվելուց հետո, երբ կարճատեւ նիստ է արվել վարչության նախագահի թեկնածու որոշելու համար, ընդամենը մեկ անձ է առաջարկել Արարատ Միրզոյանի թեկնածությունը: Մեր տեղեկություններով` երեք հոգի առաջարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեծամասնությունն էլ եղել է հենց Սուրեն Պապիկյանի կողմից: Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ինքնաբացարկ է հայտնել, Միրզոյանը եւս որոշել է ինքնաբացարկ հայտնել` տեսնելով ընդհանուր պատկերը եւ այն հանգամանքը, որ Սուրեն Պապիկյանից է քիչ ձայներ հավաքել:
Երեկվանից քննարկվում է վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանի` վարչությունում չընդգրկվելը, ինչը եւս, ամեն դեպքում, վերջին շրջանի լոբբինգի արդյունքն է: Թեեւ կուսակցության անդամները դա պատահականություն էին համարում, շատերի աչքից չվրիպեց նաեւ այն հանգամանքը, որ համաժողովի ընթացքում` Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ, բազմաթիվ մարդիկ ցուցադրաբար լքեցին դահլիճը եւ վերադարձան միայն նրա ելույթից հետո:
Ապագա պատկերը
Իրականում համաժողովի արդյունքները նաեւ կանխորոշելու են ապագա քաղաքական զարգացումները: Սա նաեւ բաշխեց ապագա քաղաքական դերակատարությունները, եւ ելնելով արդյունքներից` ակնհայտ է, որ Արարատ Միրզոյանն առաջիկայում ավելի պասիվ դիրքերում կլինի, ամեն դեպքում նա միայն չորրորդն էր, Տիգրան Ավինյանն առհասարակ վերջին շրջանում ավելի պասիվ է, եւ այդ մասին եւս շատ է խոսվում, որ, կարծես թե, չի մասնակցում կուսակցական որոշումներին: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միայն 18-րդը լինելը եւս պատահական չէր. սա եւս մեկ ապացույց էր, որ նրան կուսակցությունում այնքան էլ չեն ընդունում: Եվ համեմատության համար պարզապես նշենք, որ, օրինակ, 2016 թվականին տեղի ունեցած վարչության անդամների ընտրություններում նա եւս հազիվ ընտրվեց` միայն 10-րդն էր: Շատերի համար զարմանալի էր, օրինակ, պատգամավորներ Արման Բոշյանի, Արփի Դավոյանի հայտնվելը ցուցակում, սակայն դա էլ լավ արված լոբբինգի հետեւանք է:
Ինչեւէ, երեկ տարբեր զրույցներում վարչության կազմում այս կամ այն մարդկանց չընդգրկվելը տարբեր մեկնաբանություններով էր բացատրվում: Օրինակ` պատգամավոր Մարիա Կարապետյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դա բացատրեց կուսակիցների շրջանում իր նորեկ լինելով` հույս հայտնելով, որ երեք տարի անց պատկերը կփոխվի: Իսկ, օրինակ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի համար թեեւ պատկերը սպասելի էր, սակայն դժգոհեց Սասուն Միքայելյանի` վարչությունում չընդգրկվելու շուրջ ասեկոսեներից:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԲԴԽ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ
Օրերս Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Գրիգոր Բեքմեզյանը, անդրադառնալով ԲԴԽ հրաժարականների շարքին, հայտնել էր. «Այսինքն՝ եթե իրենք էլ հասկանային, որ իրենք լավ էին աշխատել եւ արդյունավետ, չէր լինի այս հրաժարականների շարանը, բացի այդ չէր լինի այս կոնֆլիկտը, որ եղավ դատարանների եւ ԲԴԽ-ի միջեւ»: ԲԴԽ թեկնածուի այս հայտարարությունը դատական համակարգում զարմացրել է բոլորին, թե ինչու Բեքմեզյանը միանգամից ցեխ շպրտեց ԲԴԽ նախկին անդամների գործունեության վրա: Ավելին, անգամ ԲԴԽ նախկին անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն էր արձագանքել ԲԴԽ թեկնածուի հայտարարությանը` նշելով. «Ինձ տեղյակ են պահում, որ Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուն արդեն այս փուլում մեր հրաժարականները բացատրում է վատ աշխատանքով: Ինչ կարող եմ ասել, հանգիստ եմ վերաբերում եւ իրեն մաղթում եմ մեծ հաջողություններ …»:
ԶՈՀԻ ՀԱՅՐԸ
2019 թվականի հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանում վիճաբանություն էր տեղի ունեցել, որի հետեւանքով սպանվել էր տաքսու վարորդ Սարգիս Ավագյանը: Հրապարակվեց տեղեկություն այն մասին, որ Սարգիս Ավագյանը «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն էր: Հարուցված քրեական գործով իրավապահները փնտրում էին Զորիկ Մանուկյանին, Գրիգոր Բողջողջյանին: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները հայտնաբերել են «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հոր սպանության գործով հետախուզվող Գրիգոր Բողջողջյանին, իսկ, ահա, Զորիկ Մանուկյանին փնտրում են: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչ ցուցմունք է տվել Գրիգոր Բողջողջյանն իրավապահներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Գրիգոր Բողջողջյանը իրավապահներին պատմել է, որ ինքն ու ընկերը` Զորիկ Մանուկյանը, Էրեբունի վարչական շրջանի տարածքից որոշել են նստել տաքսի, սակայն տաքսու վարորդը բավականին ուժեղ երաժշտություն էր միացրել: Ըստ Գրիգոր Բողջողջյանի ցուցմունքի` ինքը եւ ընկերը հորդորել են տաքսու վարորդին ցածրացնել երաժշտության ձայնը, ինչն էլ դարձել է վիճաբանության պատճառ: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Գրիգոր Բողջողջյանը ընդունել է իր մեղքը:
ՀԱՍՏԱՏՎԵՑ
Երեկ տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ, որի ժամանակ հաստատվել է այսօր մեկնարկող քառօրյա նիստերի օրակարգը: «Ժողովորդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդի նիստն անցել է առանց ինտրիգների, տեւել ընդամենը 7 րոպե, եւ օրակարգն էլ հաստատվել է միաձայն: Եվ թերեւս խորհրդի նիստը հանգիստ է անցել, սակայն օրակարգում բավականին հետաքրքիր հարցեր են ընդգրկված` Սահմանադրական դատավորի թեկնածուի ընտրություն, Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրություն, Հարկային օրենսգրքի քննարկում եւ 2018 թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկում:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Հունիսի 17-ին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում, որին «Դաշնակցության» կողմից մասնակցել են ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը եւ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` անդրադարձ է կատարվել ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին ու ընթացիկ զարգացումներին: Կողմերը ծանոթացել են քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ երկուստեք առկա դիրքորոշումներին: ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը՝ հանրային հետաքրքրություն ներկայացնող եւ երկրի հասարակական ու քաղաքական կյանքի համար կարեւոր հարցերի համատեքստում:
ԱԶԴԱԿ
Արցախի եւ ԱՄՆ-ի միջեւ, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկու երկրների հետ տարբեր մակարդակներով ուղղակի պաշտոնական շփումների միջոցով երկխոսությունը բազմակողմանի քննարկումների եւ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության վերջնական լուծման ուղիներ գտնելու համար նպաստավոր պայմաններ կստեղծի եւ Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում կարեւոր ներդրում կդառնա։ Այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանը՝ ի պատասխան «Ապառաժ» գործակալության հարցի. «Ինչպե՞ս կմեկնաբանեք կոնգրեսական Ֆրենկ Փալոունի` հունիսի 13-ին ԱՄՆ Կոնգրեսում արած հայտարարությունը այն մասին, որ անհրաժեշտ է վերացնել ԱՄՆ պաշտոնատար անձանց համար Արցախ այցելելու արգելքը»: «Բարձր ենք գնահատում ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հետեւողական գործունեությունը՝ ուղղված Արցախի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղիղ կապերի հաստատմանը, ինչը, կարծում ենք, Արցախի մեկուսացման անընդունելիության մասին ազդանշան կդառնա»:
ԸՆԴՈՒՆԵՑ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր: Գաբրիելա Բատաինի-Դրագոնին նախագահ Սարգսյանին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է աջակցություն ցացաբերել Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումներին: Նախագահ Սարգսյանը գնահատելի է համարել Եվրոպայի խորհրդի շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործում: Նա միաժամանակ ընդգծել է, որ բարեփոխումների վերջնական նպատակը քաղաքացիների վստահության ձեւավորումն է այդ ինստիտուտների նկատմամբ: