Ինչպես հայտնի է, մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործով օրերս կալանավորվել էր ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանը: Գրել էինք, որ վերջինիս դեմ ցուցմունք է տվել ոստիկանության զորքերի ենթասպաներից մեկը: «Ժողովուրդ» օրաթերթին ենթասպայի ցուցմունքից եւ Գեղամ Պետրոսյանի բանավոր խոսակցությունից որոշ մարամասներ են հայտնի դարձել:
ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով Գեղամ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու` հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:
Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը պատմել էր, որ գործով վկաներից մեկը հայտնել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարարը, այսինքն` Զաքար Հովհաննիսյանը, հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա. «Իբրեւ թե նա փորձել է հարվածել, սա էլ իբրեւ թե կրակել է: Այսինքն` վկան ցուցմունք է տալիս, որ ասում է. «Ես տեսա` ուզում էր խփեր գլխին, արդեն պիտի խփեր գլխին, էդ պահին կա՛մ նա պիտի խփեր, նա մահանար, կա՛մ սա պիտի կրակեր»»:
Ըստ պաշտպանի` ասում են` ատրճանակով կրակել է. «Բայց այդպիսի ատրճանակ չկա, հայտնաբերված չի, նաեւ պարկուճը, գնդակը հայտնաբերված է, հայտնաբերվելուց հետո փորձաքննություն չի նշանակվել, բերեն զենքը հայտնաբերեն, բերեն նույնականացում անեն, տեսնեն` էդ զենքից կարող էր կրակել էդ գնդակը, թե ոչ, եւ այլ լիքը հարցեր կան»:
Ու մինչ պաշտպանական կողմը բողոքարկել է Գեղամ Պետրոսյանի կալանավորման հարցը եւ սպասում է ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմանը, «Ժողովուրդ» օրաթերթին վերոնշյալ քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ոստիկանության զորքերի ենթասպան երբ իր ցուցմունքում նշել է, որ 2008-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ցուցարար Զաքար Հովհաննիսյանը հարձակվել է Գեղամ Պետրոսյանի վրա ու փորձել է հարվածել, իսկ Գեղամ Պետրոսյանը կրակել է, այդ ամենին ականատեսներ են եղել: Մասնավորապես, ըստ մեզ հասած լուրերի` ոստիկանության զորքերի ենթասպան իր ցուցմունքում գրել է, որ այդ տեսարանին ականատես է եղել ոստիկանության զորքերի սպայական կազմը, եւ, ըստ էության, ՀՔԾ քննիչին կոնկրետ անուններ է տվել:
Դատելով իրավիճակից` ՀՔԾ-ն ոստիկանության զորքերի պաշտոնատար անձանց կհրավիրի հարցաքննության, եւ դեռ ավելին` մեզ հասած լուրերի համաձայն` առաջիկայում այլ ձերբակալություններ էլ կլինեն: Ի դեպ, հունիսի 10-ին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե տեսադաշտում կան կասկածյալներ, նշել էր. «Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել»:
Ի դեպ, ՀՔԾ պետը, նաեւ անդրադառնալով այն հարցին, թե Գեղամ Պետրոսյանն ընդունել է, որ հենց ինքն է կրակել ու սպանել Զաքար Հովհաննիսյանին, պատասխանել էր. «Գեղամ Պետրոսյանը ցուցմունքներ չի տալիս»: Չնայած նրան, որ Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տվել, սակայն, մեզ հասած լուրերի համաձայն, անդրադառնալով ոստիկանության զորքերի ենթասպայի կողմից իր դեմ տված ցուցմունքներին` բանավոր կերպով հայտնել է, որ ենթասպային չի ճանաչում, քանի որ իր զորքում մոտ 1500 հոգի են եղել, եւ ինքը դժվար այդքանին հիշի: Սակայն երբ նրան ասել են ենթասպայի անուն-ազգանունը, վերջինս ասել է, որ անձամբ չի ճանաչում նրան եւ որեւէ խնդիր նրան հետ չէր կարող ոնենալ նախկինում, քանի որ ենթասպան ընդամենը մոտ երկու տարի է, ինչ ընդգրկված է եղել ոստիկանության զորքերի կազմում:
Ասել է թե` Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված ենթասպան ընդամենը 2 տարի էր, ինչ աշխատում էր ոստիկանության զորքերում: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ ենթասպան մարտյան իրադարձություններից հետո դուրս է եկել համակարգից:
Հավելենք, որ Գեղամ Պետրոսյանը եւ ոստիկանության ենթասպան դեռեւս չեն առերեսվել քրեական գործի նյութերով, մասնավորապես` Զաքար Հովհաննիսյանի սպանության գործով. առայժմ միայն հարցաքննվել է ոստիկանության զորքերի ենթասպան:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՏԸ ՔԵՐԵԼՈՎ ՓՈՐՁԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից մեկը իր խցակցի հետ միասին քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի 2-րդ հարկի խցի պատը նախապես քանդել է, բետոնը քերել եւ քարն առանձնացնելու միջոցով պատի վրա անցք բացել: Հավանաբար Կոմս Մոնտե Քրիստոյի պատումով տպավորված, այս քայլն անելով` փորձել է փախուստի դիմել, սակայն փորձը ձախողվել է, եւ խցակիցները բռնվել են:
Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ իրավապահ համակարգը քրեակատարողական հիմնարկներում ստուգումներ է իրականացնում: Դեռեւս ապրիլի 25-ին ԱԱԾ-ի կողմից քրեակատարողական հիմնարկում կատարված անսպասելի խուզարկությունների արդյունքում որոշ կալանավորների խցերում` ներկառուցված թաքստոցներում, հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ: Անակնկալ խուզարկությունների արդյունքում նաեւ պարզվել էր, որ կալանավայրի խցերում անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել: Մասնավորապես` բաց են եղել որոշ խցերի կերակրադռներ («ՉՏսփՏՍ»), առանձին կալանավորներ պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի «նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, եւ նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ:
Այս իրավիճակին զուգահեռ իրավապահները մի հետաքրքիր դեպք էլ են բացահայտել: Մասնավորապես, ՔԿՀ-ներից մեկի կալանավորը իր խցակցի հետ մասնաշենքի 2-րդ հարկի խցի պատը նախապես քանդել է, բետոնը քերել եւ քարն առանձնացնելու միջոցով պատի վրա անցք բացել: Այդ ամենն անելով` փորձել են փախուստի դիմել, սակայն փորձը անցել է ապարդյուն եւ նրանք բռնվել են:
Այս առիթով երկու խցերի կալանավորներ Փայլակ Մարտիրոսյանին եւ Էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը ութ տարի ժամկետով):
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԱՐԵԼ
Հունիսի լույս 16-ի գիշերը Իջեւանում կողոպտել են «Բազե» սուպերմարկետներից մեկը, որը գտնվում է «Սուրբ Ներսես Շնորհալի» եկեղեցու հարեւանությամբ: Իջեւանում «Բազե» անվանումով նույն սեփականատիրոջը պատկանող 3 սուպերմարկետ է գործում: Եկեղեցու մոտ գտնվող հանրախանութից նախկինում մի քանի անգամ գողություն է կատարվել: Այս անգամ գողությունը կատարվել է տանիքից, գողացել են մոտ 3 միլիոն դրամ: Ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները բացահայտել են գողությունը, գողոնի մի մասը վերադարձվել է: Ոստիկանները դժգոհում են, որ «Բազե» սուպերմարկետների ցանցի տերը բավարար միջոցներ չի ձեռնարկում, ծախսեր չի կատարում հանրախանութի անվտանգությունն ապահովելու համար, այդ պատճառով այն դառնում է գողերի թիրախ:
Ո. ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ՎԻՐԱՎՈՐ
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Համլետ Արայի Գալստյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ քննչական կոմիտեի կողմից ձեռնարկված լայնածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է տարիներ առաջ ՀՀ ազգային պատկերասրահից գեղանկարների հափշտակության դեպքը: Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ ՀՀ երկու քաղաքացիներ ցանկանում են վաճառել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ից գողացված Մատիաս Բրասաուի «Որսորդը» եւ Իսահակ Լեւիտանի «Էտյուդ. Գարնանային բնանկար» առանձնակի արժեք ներկայացնող կտավները: Ստուգմամբ պարզվել էր, որ դեռեւս 2012թ. հունիսին ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի ցուցասրահից եւ տնօրենի աշխատասենյակից 1951-1992թթ. ընկած ժամանակահատվածում տասը թանգարանային առարկաների, այդ թվում` վերը նշված կտավների գողության դեպքի առթիվ: Սակայն հանցագործությունը չէր բացահայտվել, հափշտակված թանգարանային առարկաները չէին հայտնաբերվել, իսկ քրեական գործի վարույթն էլ կասեցվել էր՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը հայտնի չլինելու հիմքով: Նախաքննությունը շարունակվում է:
ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ
Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող Վ. Մ.-ի եւ Ա. Դ.-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն ու Ա. Դ.-ն օժանդակել են ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն, իսկ Վ. Մ.-ն նաեւ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված գումարը: Վ. Մ.-ն Արամ Հարությունյանի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու դիտավորությամբ ԱՄԷ-ում իր անվամբ բացված հաշվեհամարը եւ անհրաժեշտ մյուս տվյալները փոխանցել է նրան եւ այդ կերպ միջոցներ տրամադրել Արամ Հարությունյանին կաշառքի գումարի մասը` 8 մլն ԱՄՆ դոլարը, նշված եղանակով ստանալու համար: