ՀՀ Վայոց ձորի մարզում առաջիկայում նախատեսվում է գինու գործարան կառուցել, իսկ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը 112 ներդրումային ծրագիր է ներկայացրել կառավարությանը: «Ժողովուրդ» օրաթերթը երկու մարզպետներից հետաքրքրվեց, թե իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում քանի ներդրումային ծրագիր են մարզ բերել:
Տրդատ Սարգսյանն անցած տարվա հոկտեմբերի 10-ին է նշանակվել ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնում:
-Պարո՛ն Սարգսյան, Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում 3-ից 5 ներդրումային ծրագիր կնշե՞ք, որոնք իրականացվել են, որոնք Դուք եք բերել մարզ:
-Դեռ վերջնական չկա, բայց բանակցությունների փուլում են. անասնապահության ծրագիր ենք իրականացնում իրանական կողմի հետ: Խոսքը մոտ 1000 գլուխ խոշոր անասունի մասին է:
-Դուք այդ ներդրումային ծրագիրն անձա՞մբ եք բերել, Ձե՞ր առաջարկն է եղել:
-Իհարկե, եղել է քննարկում, ներդրողի հետ հանդիպել ենք, փորձել ենք մասնագետների միջոցով համոզել, ապացուցել, որ մեր մարզում հնարավոր է պահել, եւ մարզն ունի այդ պոտենցիալը:
-Կմանրամասնե՞ք` ինչ է ներառված ծրագրի մեջ, ովքեր կարող են օգտվել: Որքա՞ն է կազմում ներդրումային արժեքը:
-Կօգտվեն գյուղացիները, ովքեր կմշակեն անասնակեր, նման թվով անասուն պահելու համար բավականին շատ մշակող հող է պետք: Մոտ 1 անասունի հաշվով 1 հա մշակվող հող է պետք, որից կստանան թե՛ խոտ, թե՛ այլ հավելյալ սնունդ:
-Սա թվով մեկ ներդրումային ծրագիր, իսկ երկրո՞րդը…
-Հիմա մշակման փուլում է գտնվում 5000 գլուխ մանր եղջերավոր անասունների վերաբերյալ ծրագիր. խոսքը ոչխարաբուծության մասին է: Սա նախատեսվում է մի քանի ամիսների ընթացքում իրագործել: Կստեղծվի հավելյալ մոտ 50 աշխատատեղ, դա միայն պահելու համար: Նաեւ վերամշակման գործարաններ եթե բացվեն, հավելյալ աշխատատեղեր կլինեն: Իսկ նման քանակի դեպքում, բնականաբար, հետագայում կաթի վերամշակման գործարան է լինելու:
-Երրորդ` ներդրումային ծրագրից էլ կասե՞ք. սանդղակը 3-ից 5-ն ենք գծել…
-Երրորդը գինեգործությունն է. պատրաստվում է խոշոր գործարան կառուցել մոտ կես մլն շիշ արտադրողականությամբ: Եթե հաջողվեց …
-Ի՞նչն է խանգարում:
-Դե, գործընթաց է, որը երկար տեւում է. միայն հողի գյուղատնտեսական նշանակությունը արտադրականի փոխելը մի քանի ամիս է տեւում: Այդ գործընթացը ժամանակատար է:
-Ո՞ր ընկերությունն է պատրաստվում գինու գործարան կառուցել:
-Չեմ ուզում հիմա մանրամասնել, կլինի, բոլորս կտեսնենք:
-Վայոց ձորի մարզում ականատես եղանք պատգամավորի եւ մարզպետի տեղակալի միջեւ տեղի ունեցած միջադեպին: Ըստ էության, նախաքննական մարմինը քրեական գործ չհարուցեց, մինչդեռ ապացույցներ կան. տեսանյութի մասին հայտարարություն եղավ, որ պետք է հրապարակվի: Պատրաստվում եք լռե՞լ:
-Դա իմ որոշելիքը չէր, դա անձնական խնդիր է, եւ տվյալ անձը պետք է որոշի` ինչ անի հետագայում:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը եւս այս պաշտոնին է նշանակվել անցած տարվա հոկտեմբերի 10-ին:
-Պարո՛ն Սանոսյան, ներդրումային ծրագրի 3-ից 5 օրինակ կնշե՞ք, որ իրականացվել են Ձեր ղեկավարած մարզում Ձեր իսկ նշանակումից հետո:
-Սուբվենցիոն ծրագրերը, որոնց մասին մենք շատ խոսում ենք, որոնք շատ հաջողված են, եւ մեր համայնքներում կարողանում ենք երկար տարիներով կուտակված խնդիրներ լուծել: Ոչ բոլոր համայնքներն են, որ ինքնակամ ուզում են այդ ծրագրերը իրականացնել: Կան, իհարկե, համայնքներ, որոնք մեծ ուրախությամբ, հաճույքով ներկայացնում են: Բայց կան եւ եղել են համայնքներ, որոնց համայնքապետերը շահագրգռված չեն երկու պատճառով` մեկը` որոշակի հետաքրքրություն չունեն, որովհետեւ այդ գործընթացը իրենք չեն ղեկավարելու, եւ այդտեղից մրցույթները եւ այլն իրենք չեն կազմակերպելու, եւ երկրորդը` թողնում են, որպեսզի այդ խնդիրները չլուծվի, եւ չլինի այնպես, որ այսքան տարի կար, իրենք երկար տարիներ համայնքի ղեկավար են, եւ ահագին բան փոխվեց եւ լուծվեց: Այստեղ մարզպետի հստակ աշխատանքը կա, ես կառավարություն ներկայացրել եմ 112 ծրագիր, Հայաստանի մարզերից ամենաշատը` 5 մլրդ դրամից ավելի գումար:
– Այդ 112 ծրագրերից ո՞րն է իրականացվել:
-Դրանք այս տարի կիրականացվեն. եթե բոլոր ծրագրերի դեպքում լուրջ խնդիրներ կամ նախագծային սխալներ չլինեն, առնվազն 100-ը կիրականացվի:
-Կնշե՞ք` այդ ծրագրերից որոնք են առաջնայինը:
-Մենք ունենք 3 նոր մանկապարտեզի կառուցման ծրագրեր, համայնքներ, որոնք մինչեւ հիմա մանկապարտեզ չեն ունեցել ընդհանրապես: Խոսքը 3 նոր շենքի կառուցման մասին է: Մենք մի շարք համայնքներում, եթե ընդհանուր թվով ասեմ, 2.5 մլրդ դրամի միայն սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատման աշխատանքներ կան, որ պետք է արվեն: Սա սուբվենցիաների մասին է: Բայց մենք լրացուցիչ 6 մլրդ դրամի մարզում ունենք արդեն այլ ծրագրեր` ճանապարհաշինարարական աշխատանքներ: Շատ են ծրագրերը` խմելու եւ ոռոգման ջրագծերի կառուցման, փողոցների լուսավորության: Մենք բացի սուբվենցիոն 112 ծրագրերից ունենք եւս 16 հրատապ ծրագիր, որտեղ համայնքը մասնակցություն չունի, եւ գումարը ամբողջությամբ տալիս է կառավարությունը:
-Պարո՛ն Սանոսյան, ««Իմ քայլը»` հանուն Գեղարքունքի մարզի» բիզնես-ֆորումին ներկայացված գործարարների մեծ մասը նախկին իշխանությունների օրոք էին իրենց բիզնեսը ստեղծել, բայց վարչապետին այնպես ներկայացվեց, որ թավշյա հեղափոխությունից հետո են սկսել ինչ-որ արտադրություն հիմնել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Ֆորումն ունեցել է 3 բաղադրիչ, ներկայացվել են մարզում հաջողված ծրագրեր, եւ ամեն ընկերություն` մոտ 5-6 ընկերություն, բեմ է բարձրացել, եւ մեկն ասել է, թե ինքը 1996 թվականից է պանիր արտադրում: Այսինքն` որեւէ մեկի կառավարման ժամանակահատվածը չի նշվել, ընդամենը նշվել է, որ տարբեր ոլորտներում ահա այս մարդիկ հասել են հաջողության: Երկրորդ փուլում նշվել են ընթացքի մեջ գտնվող ծրագրեր, որոնց մի մասը վերջին հատվածում է ինչ-որ բան փոխվել, ծրագրերի հետ կապված մի մասը` մինչեւ հեղափոխություն: Եւ քանի դեռ ընթացքի մեջ են, ներկայիս կառավարությունը շատ անելիք ունի, որպեսզի ինչ-որ կերպ օժանդակի այդ գործարարներին տվյալ բիզնեսը կայացնելու հարցում, եւ երրորդ փուլում ներկայացվել են ամբողջովին նոր գաղափարներ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԴԻՐՔԵՐ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է ՏԱԳՆԱՊՈՎ
2016թ. ապրիլի 2-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում` Մարտակերտի դիրքերում, ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայող, վարորդ Հայկ Թորոսյանը ստացել է գլխուղեղի վնասվածք, որի հետեւանքով մարմնի ձախ կողմը թուլացել է: Վերջինս Հայոց բանակում հասցրել էր ծառայել ընդամենը 80 օր:
Նշենք, որ Հայկն ունի երկրորդ կարգի հաշմանդամություն, ստանում է 71 հազար ՀՀ դրամ թոշակ եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից` 26.000 ՀՀ դրամ:
-Ինչպե՞ս իմացաք, որ պատերազմ է սկսվել: Ձեր մտքով առաջինն ի՞նչ անցավ:
-Սկզբից լուրջ չէի ընդունում, մենակ մտածում էի` իրական, լուրջ պատերազմ չլինի:
-Ի՞նչ զգացողություններ կային այդ ժամանակ: Ձեր բարձրանալուց հետո ի՞նչ էր կատարվում դիրքերում:
-Խառը զգացողություններ ու ապրումներ էին մոտս: Ես դիրքեր եմ բարձրացել տագնապով:
-Այդ պահին բավարար քանակությամբ զինամթերք ունեի՞ք Ձեզ մոտ:
-Ինձ մոտ կար այն քանակությամբ զինամթերք, ինչն օրենքով հասնում էր. կա ինչ-որ քանակ, որը հասնում է զինվորին, ու այդ քանակը եղել է իմ մոտ:
-Որքա՞ն ժամանակ պահանջվեց մինչեւ Ձեզ օգնության հասնելը:
-Անկեղծ ասած` ես պատերազմի ամենասկզբից վիրավորվել եմ, օգնություն բան չեմ հիշում, չգիտեմ. երբ ես վիրավորվել եմ, ծառայակից ընկերներս հասել ու փրկել են:
-Ինչպե՞ս եք իմացել: Իրար մեջ խոսելո՞վ եք ինչ-որ բաներ իմացել, թե՞ հրամանատարական անձնակազմը հստակ զգուշացրել է:
-Իրար մեջ խոսելով ենք իմացել, գիտեինք, որ ինչ-որ բան է եղել, բայց որ քո աչքով տեսնում ես, ավելի ստույգ ես պատկերացնում իրավիճակի լրջությունը:
-Երկու տարիների ընթացքում եղե՞լ են այնպիսի պահեր, որ մտածել եք` ամեն ինչ նորից նույն ուժգնությամբ կսկսվի: Ձեր քայլն այդ դեպքում ո՞րը կլինի:
-Չեմ ցանկանա, որ նորից կրկնվի այն ամենն, ինչի միջով որ անցել ենք, բայց եթե հանկարծ պատերազմը կրկնվի, եթե ես օգուտ կտամ ինչ-որ տեղ, անպայման կգնամ: Ես մտածում եմ` եթե պետք է գնամ ինչ-որ բանով խանգարեմ, ավելի լավ է` չգնամ, բայց եթե իմ ներկայությունը ինչ-որ օգուտ կտա, ուրեմն պետք է ապահովեմ իմ ներկայությունը:
-Ինչպես հայտնի է, Ազգային ժողովում ստեղծվել է Ապրիլյան պատերազմը հետաքննող հանձնաժողով: Ձեր կարծիքով, արդյոք դրա անհրաժեշտությունը կա՞ր, եւ ի՞նչ նոր բացահայտումներ կարող է անել հանձնաժողովը:
-Ինձ թվում է` երկաթը տաք-տաք պետք է ծեծել կամ, հակառակը, «լավ է ուշ, քան երբեք»-ի սկզբունքով:
-Այսինքն` արդեն ո՞ւշ է ինչ-որ բացահայտումներ անելու համար:
-Չգիտեմ, եթե գործեր կան, որ պետք է քննվեն, թող քննվեն, պարզապես չգիտեմ` ինֆորմացիայի ստուգությունը, արդիությունը կպահպանվի, թե ոչ:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ 6-ՐԴԻՑ
Իջեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ ծառայության աշխատողները հունիսի 14-ին լրագրողիս դժգոհել են ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների վերաբերմունքից:
Ըստ դժգոհողների` ոստիկանները Իջեւան քաղաքում իրենց բերման են ենթարկել, ոստիկանություն են տարել անսպասելի, տարբեր վայրերից` վերելակից, տաքսի ավտոմեքենայից, ոստիկանությունում ուղղորդել են գրել իրենց կողմից թելադրված ցուցմունքներ, հնարավորություն չեն տվել զանգահարել որեւէ մեկի: Զանգահարեցի ոստիկանության լրատվական ծառայություն, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հայտնեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180 եւ 181 հոդվածների հիմքով նյութեր են նախապատրաստվում: ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց լիազորությունները գերազանցելու մասին «Ժողովուրդ» օրաթերթի հարցն առանց մեկնաբանության թողեց Իջեւան համայնքի ղեկավար Վարդան Ղալումյանը, սակայն ակնարկեց, որ քրեական գործի հարուցումը կարող է կապ ունենալ այս տարի Իջեւանում անցկացվելիք համայնքի ղեկավարի ընտրությունների հետ:
Իջեւանում տեղի է ունենալու համայնքների միավորում, խոշորացված Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ լուրերի, ունենալու է իր թեկնածուն: Քրեական գործի հարուցումը կարող է հանգեցնել այն բանին, որ 2011 թվականից Իջեւանը ղեկավարող Վ. Ղալումյանը այս տարվա սեպտեմբերին կամ դեկտեմբերին նախատեսվող ընտրություններում չառաջադրի իր թեկնածությունը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ