Երեւանում կան գծանշումներ, որոնց ներկն արդեն ջնջվել է, կան նաեւ գծանշումներ, որոնց վրա նորն է ներկվել: Այդ կիսատ-պռատ գծանշումները շատ հաճախ խցանումների եւ վթարների պատճառ են դառնում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՃՈ Ճանապարհային երթեւեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ Կոնստանտին Կոստանյանի հետ:
-Պարո՛ն Կոստանյան, Երեւանում կան փողոցներ, որտեղ գծանշումները գրեթե բացակայում են կամ ջնջված են: Բացի այդ, հետիոտնի անցնելու համար նախատեսված դեղին գծերը եւս ջնջված են: Խնդրում եմ տեղեկացնել, թե դա որ կառույցի կողմից է վերահսկվում: Ո՞ւմ գործառույթների մեջ է մտնում դրանք մաքրելը, ներկելը, եւ ինչո՞ւ դա չի արվում:
-Երեւանում գծանշումները կատարվում են ճանապարհային ոստիկանության կողմից, մնացած մարզերում, քաղաքներում գծանշումները կատարվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Երեւանում հերթական փողոցները, որտեղ ճաքալցումներ են, որոնք վերանորոգվում են, այսինքն` ասֆալտը քերվում է, եւ նոր ասֆալտ է արվում, դրանից հետո Երեւանի քաղաքապետարանը մեզ տվյալներ է տալիս, թե որ փողոցը պետք է վերանորոգվի, եւ վերանորոգումից երկու-երեք օր հետո տվյալ փողոցը գծանշվում է անմիջապես ճանապարհային ոստիկանության կողմից, հսկվում են աշխատանքները եւ գծանշումը: Այսինքն` մենք սպասում ենք Երեւանի քաղաքապետարանը ասֆալտապատման աշխատանքները կատարի, ապա նոր գծանշում ենք: Քաղաքապետարանն էլ, գիշեր-ցերեկ աշխատելով, անընդհատ հասցնում, տալիս է տվյալները, բայց ծավալները մեծ են, դրա համար Դուք տեսնում եք, որ որոշ փողոցներ դեռ գծանշված չեն: Բայց շատ շուտով աշխատանքները կկատարվեն, եւ կտեսնեք, որ ողջ Երեւան քաղաքը գծանշված է:
-Գուցե ներկի որակից է, որ այն շուտ մաքրվում է, ջնջվում. գծանշումներն անելուց կարճ ժամանակ անց դրանք արագ մաքրվում են:
-Ներկի որակը համապատասխանում է ԳՕՍՏ ստանդարտներին, այն պահանջներին, որոնք տրված է ճանապարհային ոստիկանության կողմից, եւ գծանշումները կատարվում են շատ բարձր որակի: Սակայն այն փողոցները, որտեղ ասֆալտ եւ ճաքալցումներ են կատարվում, մեքենաների անիվների հետ ասֆալտի մազութը գալիս է գծանշված, գծված հատվածների վրա, թվում է, թե այդ հատվածում գծանշումները լավ չեն կատարված, կամ ներկը որակ չունի:
-Պարո՛ն Կոստանյան, ինչպե՞ս վարվեն այն վարորդները, որոնք գծանշումների բացակայության պատճառով տուգանվել են: Այդ տուգանքներն ինչպե՞ս է հնարավոր չեղարկել:
-Այն հատվածներում, որտեղ գծանշումները լավ չեն երեւում, այդտեղ կան նաեւ ճանապարհային նշաններ, որոնք որ վարորդին ուղղորդում են, թե որ ուղղությամբ պետք է երթեւեկել: Մյուս կողմից` ձմռանը եթե ձյուն է գալիս, գծանշումը չի երեւում, ուրեմն ոչ ոք չպետք է իմանա, թե ինչպես են մեքենա վարում: Ճանապարհային նշանները բոլոր հատվածներում տեղադրված են, եւ այդ նշաններով էլ պետք է մեր վարորդները ուղղորդվեն: Իսկ ինչ վերաբերում է այն հատվածներում, որտեղ վիճելի խնդիրներ կան, եւ ճանապարհային նշաններ կամ գծանշումներ չկան, ապա դա շատ արագ վերականգնվում է, վարորդները տուգանվում են, բողոքարկում են, բողոքը քննարկվում է ու բեկանվում է ՃՈ-ի կողմից:
-Բայց գծանշումների բացակայության խնդիր կա ոչ միայն Երեւանում, այլեւ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին:
-Այդ հատվածները միջպետական ճանապարհներ են, եւ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է զբաղվում:
-Հասարակական տրանսպորտի հետ կապված` վարորդների կողմից դժգոհությունններն ավելանում են. միկրոավտոբուսները, ավտոբուսները ոչ թե հաճախ, այլ գրեթե միշտ կանգառից դուրս են կանգառ կատարում: Ի՞նչ ճանապարհ կա, ի վերջո, ինչպե՞ս է պետք զսպել ավտոբուսների վարորդներին:
-Ավտոբուսների, միկրոավտոբուսների վարորդներին Երեւանի քաղաքապետարանի, Տրանսպորտի, կապի նախարարության համապատասխան վարչության աշխատակիցների հետ միասին տեղեկացնում ու զգուշացնում ենք նմանատիպ խախտումներ չկատարել: Հիմնականում նման հատվածներում տեղադրված են նկարահանող սարքեր, եւ մարդիկ տուգանվում են: Այդ միտումը կնկատեք, որ քչացել է, բայց չի վերացել:
-Այսինքն` ավտոբուսների վարորդները մշտապես տուգանվո՞ւմ են:
-Իհարկե, եթե խախտում են կատարում, ոչ մի նշանակություն չունի` ավտոբուսի, թե միկրոավտոբուսի վարորդ է:
-Տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ թավշյա հեղափոխությունից հետո ճանապարհային ոստիկանների թիվը կտրուկ նվազել է աշխատավարձի ցածր լինելու պատճառով:
-Թավշյա հեղափոխությունից հետո ոստիկանների թիվը չի կրճատվել, նույնն է մնացել:
-Այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ վարորդները քաղաքում շատ քիչ են նկատում ճանապարհային ոստիկանների:
-Այն վարորդները, որոնք որ քիչ են տեսնում ճանապարհային ոստիկանների, նշանակում է, որ քիչ են խախտում կատարում: Իսկ այն վարորդները, որոնք շատ են տեսնում, ապա խախտում են կատարում:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԵՆՔ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑԱՇԱՐԻՑ
Շուտով կմեկնարկեն Եվրոպական երկրորդ խաղերը: Այդ խաղերում Հայաստանը ներկայացուցիչ կունենա նաեւ Բադմինթոն սպորտաձեւում: Այդ թեմայի եւ Բադմինթոնի մասին այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի» գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանի հետ:
Հրաչյա Պողոսյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց այն փաստը, որ Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերում Հայաստանը կունենա ներկայացուցիչ. «Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերում մենք կունենանք ներկայացուցիչ Բադմինթոն սպորտաձեւում: Սա արդեն մեծ նվաճում է: Լիլիթ Պողոսյանը Մինսկում կլինի մեր ներկայացուցիչը»:
Պարոն Պողոսյանը նշեց նաեւ, որ այս օրերին ինքն իր թիմի հետ գտնվում է Սերբիայում, որտեղ Հայաստանը մասնակցում էր պատանեկան մրցաշարի տարբեր տարիքային խմբերում: Ցավոք, նա մեզ տեղեկացրեց, որ Սերբիայում կայանալիք մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները այդքան էլ լավ արդյունքներ չգրանցեցին. «Կարծում եմ` կարող էինք ավելի լավ արդյունքներ ունենալ, սակայն պարտություններ կրեցինք: Մենք ունեինք 4 ներկայացուցիչ` երկուսը` մինչեւ 13 տարեկանների խմբում, մեկը` մինչեւ 14 տարեկանների խմբում, մեկն էլ մինչեւ 17 տարեկանների խմբում: Մեր լավագույն արդյունքը եղավ 1/8 եզրափակիչ դուրս գալը»:
Ֆեդերացիայի գործադիր տնօրենն ասաց, որ հիմա շեշտը դրված է սպորտաձեւի զարգացման վրա. «Մենք ամեն ինչ կանենք, որ սպորտաձեւը գնալով ավելի զարգանա եւ տարածվի Հայաստանում: Հուսանք, որ Լիլիթ Պողոսյանից հետո կունենանք նաեւ այլ անուններ»:
Մեզ հետ զրույցում Պողոսյանը նշեց, որ ուսումնամարզական հավաքներ չեն իրականացվում, քանի որ չկան ֆինանսական բավարար պայմաններ: Նա խոսեց նաեւ պետության աջակցության մասին. «Պետության կողմից ֆինանսավորումը 7 մլն ՀՀ դրամ է: Կարելի է ասել, որ շատ գումարներ ծախսվում են ճանապարհի վրա, որովհետեւ կան երկրներ, որտեղ մենք ուղիղ չվերթով հասնել չենք կարող: Շատ ծախսեր էլ կատարում է հենց ֆեդերացիան»:
Պողոսյանը ընդգծեց նաեւ, որ հիմա թիմը պատրաստվում է առաջիկայում տարբեր տարիքային խմբերում կայանալիք մրցաշարերին, որտեղ նա սպասելիքներ ունի Լեհաստանում կայանալիք մինչեւ 17 տարեկանների մրցաշարից. «Իհարկե, սպասելիքներ ունեմ առաջիկայում կայանալիք մրցաշարերից, մասնավորապես կնշեմ, որ հույսեր ունեմ Լեհաստանում կայանալիք մինչեւ 17 տարեկանների մրցաշարից: Հուսանք, որ մեր մարզիկները կկարողանան անցնել ինչ-որ փուլ: Դեռեւս պարզ չէ, թե ում հետ ենք մրցակցելու, եւ այդ պատճառով ավելի հստակ բան ասել չեմ կարող»:
Հիշեցնենք, որ Եվրոպական երկրորդ խաղերը կկայանան հունիսի 21-ից հունիսի 30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում: Բադմինթոնի մրցումային օրերը Եվրոպական խաղերում հունիսի 24-ից 30-ն են:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ