«ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏ ԵՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է դերասանուհի Անի Լուպեն: Նա անդրադարձել է իր բնավորության՝ քչերին հայտնի գծերին, նախասիրություններին, սովորություններին: Անին խոստովանել է, որ համաձայն չէ «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ» հայտնի ասացվածքի հետ: Նրա համոզմամբ՝ ամեն մեկն ինքն է իր համար սահմանում չափը: Դերասանուհին կեղծ, հորինովի սահմանագծերը չի ընդունում: Անին խոսել է նաեւ իր անձի շուրջ պտտվող ամենազվարճալի ասեկոսեի մասին: Նրա ականջին հասել է խոսակցություն այն մասին, թե, իբր, ինքը մեծահարուստ է: Անին, իհարկե, դեմ չէ հորինովի այդ պատմության իրականացմանը:

-Անի՛, Ձեր տրամադրությունն ինչի՞ հետ սերտ առնչություն ունի:
-Միանշանակ եղանակի:
-Ինչպե՞ս եք հանդուրժում սադրիչներին:
-Չեմ հանդուրժում, վանում եմ եւ վերջ:
-Ձեզ արտաքին եւ ներքին որակների համար հաճախ ո՞ր կենդանուն են նմանեցնում:
-Շանը, հենց իմ շանը մազերիս համար (ծիծաղում է):
-Շարունակե՛ք միտքը. «Հարկավոր է փախչել միայն այն դեպքում, երբ…»
-Երբ հարկավոր է…
-Հիշու՞մ եք՝ դպրոցում որն էր Ձեր սիրելի առարկան:
-Այո, հայոց պատմությունը:
-Ասացվածք, որի հետ համամիտ չեք: Կա՞ այդպիսին:
-Այո, չեմ ընդունում, երբ ասում են. «Ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ»: Ամեն մարդ ինքն է որոշում չափուսահմանը: Եվ հետո` ոչինչ էլ չափի մեջ գեղեցիկ չէ: Ինձ համար հորինված այդ չափանիշները գեղեցիկ չեն:
-Շարունակե՛ք միտքը. «Երբ դեռ երիտասարդ ես, քեզ թվում է, որ…»
-Չեմ մտածել այդ ուղղությամբ, որովհետեւ հիմա էլ ինձ երիտասարդ եմ համարում: Երեւի մի քանի տարի հետո կարող եմ այդ հարցին պատասխանել:
-Նշե՛ք մի երկիր, որտեղ, ըստ Ձեզ, ամեն մարդ պետք է գոնե մեկ անգամ լինի:
-Բրազիլիա: Ես, ցավոք, դեռ չեմ հասցրել լինել, քանի որ ժամանակս միշտ սուղ է եղել, եւ ափսոսացել եմ կարճ ժամանակով այցելել:
-Ձեր փլեյլիստում կա՞ մի երաժշտություն, որը միշտ պատրաստ եք լսել:
-Այո, կպատասխանեմ ընդհանուր՝ բրազիլական երաժշտություն:
-Շարունակե՛ք միտքը. «Այն, ինչ թվում է Ձեզ անհասանելի…»
-Սովորաբար ավելի հասանելի մի բան է:
-Կա՞ մի իր, որը միշտ մոռանում եք Ձեզ հետ վերցնել տնից դուրս գալիս:
-Ջրի շիշը:
-Կյանքը կկորցներ իմաստը առանց…
-Իմ ընկերների:
-Ինչի՞ համար եք ափսոսում:
-Որ 18 տարեկանում ներկայիս մտածելակերպը չեմ ունեցել:
-Մարդ, որի առաջ Ձեզ պատասխանատու եք զգում։
-Հենց ես եմ:
-Ինչպիսի՞ն եք դառնում Դուք, երբ Ձեզ հունից հանում են:
-Դառնում եմ ջղային եւ նյարդային:
-Ձեր անվան շուրջ պտտվող ամենազվարճալի բամբասանքը ո՞րն է եղել:
-Այն, թե, իբր, ես մեծահարուստ եմ: Իհարկե, շատ հաճելի կլիներ, բայց, ցավոք, դա այդպես չէ: Ասում են՝ խոսքը ուժ ունի. գուցե մի օր իրականանա (ծիծաղում է):
-Ինչի՞ց կամ ումի՞ց եք միշտ զգուշանում:
-Ես, առհասարակ, զգուշավոր մարդ չեմ: Բայց, իհարկե, փորձում եմ այնպես անել, որ հանկարծ դիմացինին չվնասեմ:
-Շարունակե՛ք միտքը. «Կյանքն ավելի լավը կլիներ, եթե…»
-Կյանքը միշտ էլ լավն է:
-Ընկերներ շատ ունե՞ք. դրանք հի՞ն, թե՞ նոր ընկերներ են:
-Ընկերները հրաշալի են: Ունեմ ե՛ւ հին ընկերներ, ե՛ւ մարդիկ, որոնց հետ նոր եմ ընկերացել, բայց հասցրել են ինձ հարազատանալ:
-Հաճա՞խ եք թիկունքից հարվածներ ստանում` կլինի որպես դերասանուհի կամ պարզապես որպես մարդ:
-Այդ արտահայտության մեջ մի քիչ պաթոս կա: Եթե հարվածում են, դու լավ էլ տեսնում ես՝ ով է հարվածողը, եւ, ըստ դրա, քո քայլերն ես անում: Նորմալ է, պետք է հարվածեն. կյանք է, ամեն ինչ էլ պատահում է:
-Ավելի հաճախ հեռանում եք Դո՞ւք, թե՞ Ձեզնից:
-Հեռացում քիչ է եղել իմ կյանքում, բայց եթե եղել է, ուրեմն փոխադարձ համաձայնությամբ:
-Եվ վերջում՝ իմ հարցերից ո՞րն ամենաշատը Ձեզ դուր եկավ:
-Բոլորն էլ լավ ու թեթեւ հարցեր էին:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

 

«ՇԱՏ ԷԻ ՍՊԱՍՈՒՄ ՈՐԴՈՒՍ ԾՆՈՒՆԴԻՆ»

«Շատ էի սպասում որդուս ծնունդին: Մենք երկու եղբայր ենք, եղբայրս երեք աղջիկ ունի, ես` մեկ, մտածում էինք` միթե տղա չենք ունենալու, որ մեր ազգանունը շարունակող լինի: Աստծո կամոք, ծնվեց Գրիշան: Հորս անունն եմ դրել: Նա արդեն երեք ամսական է: Այսպես ասեմ` զինվոր է ծնվել մեր ազգի համար»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր էմոցիաներով կիսվեց դերասան Անդրանիկ Հարությունյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչ զգացողություններ ունի որդու ծնունդից հետո:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք` Անդրանիկի դուստրը` վեցամյա Էլենը, չի խանդում արդյոք փոքրիկ եղբորը. «Ի զարմանս ինձ` ոչ: Անկեղծ ասած` ես զարմացած եմ: Նա այնքան խնամքով է վերաբերվում եղբորը: Երբ մայրս կամ կինս զբաղված են լինում, հաճախ ինքն է զբաղեցնում փոքրիկ եղբորը, ուրախացնում է նրան, հոգ է տանում նրա մասին: Կարճ ասած` արդեն մի քանի ամիս է` մեր տանը էմոցիաները պիկային են»,-նշեց դերասանը: Մենք խոսեցինք նաեւ գործնական թեմաների շուրջ: Անդրանիկը տեղեկացրեց, որ իր մասնակցությամբ երեք նոր կոմերցիոն ներկայացում առաջիկայում կհանձնվի հանդիսատեսի դատին: Ընդ որում, երեքն էլ քաղաքական թեմայով գործեր են. «Քաղաքականությունն այն թեման է, որն ակտուալ է թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունների օրոք: Ինչ էլ փոխվի, միեւնույն է, թեմաներ միշտ կան»,- նկատեց մեր զրուցակիցը: Ներկայացումներից առաջինի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 25-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Այն կոչվում է «Բումերանգ»: Ներկայացման մեջ ընդգրկված են նաեւ Լուիզա Ներսիսյանը, Վահե Զիրոյանը, Լեւոն Հարությունյանը: Ռեժիսորը Սեդրակ Գոջամանյանն է:
Բացի այդ, Անդրանիկը պատրաստվում է «Դեպուտատի շոու» յութուբյան ալիքով նոր հաղորդում ներկայացնել երկրպագուներին: Նա շարունակում է իրականացնել նաեւ «Անդրոիդ» հումորային նախագիծը, որի շրջանակում թողարկում է մեկ րոպեանոց հումորային երգեր, այդ թվում` քաղաքական թեմայով: Անդրանիկը նաեւ հավելեց, որ մտադիր է առաջիկայում հանդես գալ մոնոներկայացմամբ, բայց դեռեւս չբացեց փակագծերը:

Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

 

 

 

 

ՀՖՖ-Ն ՀԱՍԱՎ ՆԱԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ
Արդեն բազմիցս տեղեկացրել ենք, որ ՀՖՖ-ն Հայաստանում ֆուտբոլի մասսայական զարգացման համար լուրջ քայլեր է ձեռնարկում եւ տարբեր մարզերում արդեն սկսել է ֆուտբոլային խաղադաշտերի կառուցումը: ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացնում է, որ ֆուտբոլային խաղադաշտի կառուցման շինարարական աշխատանքներ են տեղի ունենում նաեւ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում:
Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ փոքր խաղադաշտերի կառուցման աշխատանքներ կտարվեն նաեւ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ, Ակունք եւ Ծովակ համայնքներում:

 

 

 

ԺՈԱՈՒ ՖԵԼԻՔՍԸ` «ԱՏԼԵՏԻԿՈՅՈՒՄ»
Ինչպես տեղեկացնում են իսպանական մի շարք հեղինակավոր պարբերականներ, «Բենֆիկայի» եւ Պորտուգալիայի ազգային հավաքականի երիտասարդ հարձակվող Ժոաու Ֆելիքսը կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիկոյում»: Ըստ լուրերի` երիտասարդ հարձակվողը «հնդկացիների» վրա կարժենա ոչ ավել ոչ պակաս 120մլն եվրո: Նշվում է, որ ֆուտբոլիստը արդեն Մադրիդում է, եւ պայմանագրի կնքումը միայն ժամանակի հարց է: Նա մադրիդյան թիմի կազմում կփոխարինի ֆրանսիացի աստղ Անտուան Գրիզմանին, որն էլ իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ լքում է թիմը:
Հավելենք նաեւ` Ժոաու Ֆելիքսին իրենց կազմում ցանկանում էին տեսնել նաեւ ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Մանչեստեր Յունայթեդը» եւ Թուրինի «Յուվենտուսը»: Հիշեցնեք նաեւ, որ Ժոաուն վերջերս Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ կարողացավ նվաճել Ազգերի Լիգայի չեմպիոնի կոչումը:

 

 

 

ՆՈՐ ՄԱՐԶԻՉ` ՆՈՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐ
Օրեր առաջ Թուրինի «Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարեց, որ թիմի նոր գլխավոր մարզիչը լինելու է անգլիական «Չելսիի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին: Նշվում է, որ Սարին լուրջ նպատակներ ունի այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Նախ` իտալացի մասնագետը ցանկանում է թիմ վերադարձնել Գոնսալո Հիգուայինին, ինչպես նաեւ գնել Ժորժինիոյի եւ Պոլ Պոգբայի տրանսֆերները: Նաեւ կան խոսակցություններ, որ թուրինյան թիմ կարող է տեղափոխվել «Նապոլիի» պաշտպան Հուսայը եւ «Այաքսի» հոլանդացի ֆուտբոլիստ դե Լիգտը, ում ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաեւ ՊՍԺ-ն եւ կատալոնական «Բարսելոնան»: Նշվում է, որ իտալացու պլանների մեջ չեն մտնում Խուան Կուադրադոն եւ Դուգլաս Կոստան:

 

 

 

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՑԱՎ
Երեկ` հունիսի 17-ին, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հարսանիքը: Հենրիխ Մխիթարյանի ընտրյալը «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Կարեն Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանն է: Զույգի պսակադրությունը տեղի ունեցավ Իտալիայի Սուրբ Ղազար կղզում:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս