ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների (այժմ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն) նախարարության ավտոմեքենաների կայանման համար նախատեսված ցուցանակը ընկած է, եւ ոչ ոքի մտքով չի անցնում այն վերցնել եւ ամրացնել իր նախկին տեղում։

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե ինչ կարգով է իրականացվում անվան փոխման պետական գրանցումը, ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար: Նաեւ կուզեի տեղեկանալ, թե ինչ ժամկետում է կատարվում անվան փոխման պետական գրանցումը, եւ որքան է կազմում պետական տուրքի դրույքաչափը:

Ատոմ Ավանեսյան (43 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը: Մինչեւ 16 տարեկան երեխաների անվան փոխման մասին դիմումը տրվում է նրա ծնողի /ծնողների/ կամ օրինական ներկայացուցիչների կողմից: 10 տարին լրացած երեխայի անվան փոխման դեպքում անհրաժեշտ է նրա համաձայնությունը: Անվան փոխման գրանցման համար պետք է ներկայացվեն դիմում (դիմումի ձեւանմուշը կարող եք ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարության կայքից` www.moj.am հասցեով, կամ ՔԿԱԳ մարմնից), դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, տեղեկանք բնակության մասին, եթե անձնագրում բացակայում է հաշվառման մասին նշումը, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով այլ փաստաթղթեր: Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ-ի տարածքային մարմնի կողմից քննության է առնվում դիմումը տալու օրվանից երկամսյա ժամկետում: Անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք` 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար` հետեւյալ դրույքաչափերով.
երեք աշխատանքային օրվա ընթացքում` 50 000 դրամ,
հինգ աշխատանքային օրվա ընթացքում` 30 000 դրամ,
տասը աշխատանքային օրվա ընթացքում` 20 000 դրամ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ բազմաթիվ են այն մարդիկ, որոնք կրում են իրենց տատիկ-պապիկների անունները եւ կաշկանդվում են: Ասում են` անունը մեր ճակատագրի անբաժանելի մասն է, եւ, փոխելով այն, փոխում ես նաեւ ճակատագիրդ դեպի վատը կամ լավը: Մյուս կողմից` ավելի ծանր է այն մարդկանց համար, որոնք կրում են մահացած հարազատի անունը: Իսկ, ահա, բրազիլական ու մեքսիկական հեռուստասերիալները, բնականաբար, իրենց մեծ դերն ունեն այս գործում:

 

 

 

 

ՀԱՐՑ. Կցանկանայի մանրամասն տեղեկանալ, թե որոնք են իմ իրավունքները որպես հարկ վճարող:

Մարկ Գեւորգյան (49 տարեկան, անհատ ձեռներեց)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձինք ունեն հետեւյալ իրավունքները.
արգելել ստուգումը, հարկային տեսուչներին փաստաթղթեր տրամադրելը, եթե տեսուչները խախտել են ստուգումների անցկացման կարգը եւ ժամկետները` այդ մասին նույն օրը ծանուցելով ստուգում իրականացնող հարկային մարմնին,
ծանոթանալ ստուգումների ակտերին,
ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ,
հարուցել միջնորդություններ,
օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները,
պահանջել հարկային տեսուչների ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասի հատուցում,
չկատարել հարկային տեսուչների իրավասություններից, ինչպես նաեւ ստուգման նպատակներից չբխող պահանջներ,
ստուգվող տնտեսվարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով ստուգման ցանկացած փուլում ապահովել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների մասնակցությունը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նախկինում համակարգը բավականին կոռումպացված է եղել, եւ լավն ու վատը տարբերելը դժվար է եղել: Հիմա, կարծես թե, տեսուչների նկատմամբ գործարարների վերաբերմունքն էլ է փոխվել: Մինչ իշխանափոխությունը խիստ դժվար էր հասկանալ` տեսուչները դուրս են գալիս ստուգման, թե «որսի»: Չէ՞ որ այն ժամանակ տեսուչները հիմնականում գործում էին թաքնված եւ պահ էին գտնում, որ մտնեն խանութ ու ՀԴՄ չխփելու վրա բռնացնեն, տուգանեն:




Լրահոս