Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր վեթթինգի գործընթաց սկսելու մասին: Այդ հայտարարությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը սկսել էր վեթթինգի նախագիծ մշակել` ներգրավելով նաեւ տարբեր փորձագետների: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վարչապետի հայտարարությունից մեկ ամիս անց նախագիծը գրեթե պատրաստ է եւ առաջիկայում կուղարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողով: Հանձնաժողովի «Իմ քայլ»-ական անդամներից շատերը երեկվա դրությամբ դեռեւս տեղյակ չէին` վեթթինգի նախագիծը պատրաստ է, թե ոչ, սակայն, մեր տեղեկություններով, կառավարությունը նպատակ ունի մինչեւ հուլիս ներկայացնել նախագիծը, որն արդեն մինչ հուլիսի 10-15-ը կընդունվի առաջին ընթերցմամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վեթթինգի ենթարկող մարմինը լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որը հիմա վերակազմավորման փուլում է:
Բացի այդ, ՀՀ կառավարությանը մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրների վկայությամբ` մինչեւ դատավորներին վեթթինգի ենթարկելու գործընթացի պաշտոնական մեկնարկը ՀՀ իրավապահ համակարգում արդեն սկսել են դատավորների կրիմինալ կապերի, նրանց արած գործերի մասին ինֆորմացիա հավաքել: Ըստ էության, այս տեղեկությունները հավաքվում են, որպեսզի ներկայացվեն ԲԴԽ նոր կազմին, որպեսզի նրանք վեթթինգի ենթարկեն դատավորներին եւ ամենատարբեր պատիժների միջոցով դադարեցնեն որոշ դատավորների լիազորությունները:
Ինչպես հայտնի է, նախօրեին «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամները հանդիպում էին ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՅԴ-ն մտադիր է առաջիկայում կրկին հանդիպում-քննարկումներ կազմակերպել: Ընդ որում, նրանք հանդիպելու են ոչ միայն Ազգային ժողովում ներկայացված, այլեւ արտախորհրդարանական ուժերի հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների հետ: Նշենք, որ ՀՅԴ-ն այդ քննարկումների միջոցով ցանկանում է ծանոթանալ ներքաղաքական տարբեր զարգացումների վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումներին՝ պատրաստվելով թեժ աշնանը:
Երեկ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր: Քանի որ 88 հոգուց բաղկացած «Իմ քայլը» խմբակցությունից բացականեր կային, ապա ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցություններից, չնայած քննադատությանը, գոնե 11-ից ավելի պատգամավոր կողմ է քվեարկել Գրիգորյանի թեկնածությանը: Երեկ բավականին պասիվ էին «Իմ քայլը» խմբակցության անդամները: Օրինակ` ընդամենը 9 պատգամավոր էր գրանցվել թեկնածուին հարց ուղղելու համար այն դեպքում, երբ նախորդ թեկնածուներին 19 պատգամավոր էր հարց ուղղել, որոնց մեծամասնությունը եղել է «Իմ քայլ»-ից, իսկ երեկ միայն 4-ն էին: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ արդյոք այս պատկերը վկայում էր, որ արդյունքը կանխորոշված էր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատասխանեց. «7-րդ գումարման ԱԺ-ում ոչ մի բան ի սկզբանե որոշված չի: Բայց «Իմ քայլը» ֆրակցիայում դրական վերաբերմունք կա նրա թեկնածության շուրջ, այնպես որ, թաքցնելու բան չկա»:
Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձեւավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները` վարչությունները, եւ դրանք հավաքվելու են մի տեղում եւ մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն: Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, եւ միայն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական բաժին: Իրավապահ համակարգում նաեւ լուրեր են պտտվում այն մասին, որ չի բացառվում` վերոնշյալ մարմինը ստեղծելուց հետո ներկայիս ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հրաժեշտ տա իր պաշտոնին եւ չդառնա նոր մարմնի ղեկավարը: ՀՔԾ-ի լուծարումն ու նոր մարմնի ստեղծումը ուշագրավ են այնքանով, որ ՀՔԾ-ն եվրոպական որոշ պարտավորությունների շրջանակներում է մեր երկրում ձեւավորվել՝ ունենալով 3 կարեւոր գործառույթ, բացի այդ, անհասկանալի է, թե ինչպես են դասակարգվելու կոռուպցիոն գործերը, որոնք պիտի քննվեն նոր մարմնում:
ՍԹԱՓՎԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Երեկ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարեւոր հայտարարությամբ հանդես եկավ` ազդարարելով, որ կան մեր երկրում չինովնիկներ` միջին, միջինից բարձր, որոնք արհեստական խնդիրներ են ստեղծում ներդրողների համար: Նրանք կարող են հեռախոս չվերցնել, կարող են արհեստական ձգձգել ներդրողին անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը եւ այլն: Իրապես, մեր երկրում, ցավոք, դեռ կա այդ խնդիրը, եւ լուծման բանալին հետհեղափոխական Հայաստանում մեկ տարուց ավելի է` հնարավոր չի լինում գտնել:
Ի հավելումն պարոն Թունյանի` մենք էլ մեր կողմից որոշ տեղեկություններով կիսվենք` ասելով, որ ոչ թե միայն միջին եւ միջինից բարձր չինովնիկներ են իրենց հանդուգն պահում ներդրողների եւ գործարարների հետ, այլ հենց բարձրաստիճան պաշտոնյաները` ընդհուպ մինչեւ նախարարներ: Մարդիկ կան, որ գործարարներին 10 րոպեն մեկ տեւողությամբ բոլոր խնդիրների լուծման եւ արհեստական քաշքշուկներից ազատվելու համար առաջարկում են դիմել դատարան: «Եթե մենք խախտում ենք արել, եթե որեւէ բանի հետ համաձայն չեք, դիմեք դատարան»,- այսպիսի առաջարկ է արել մեր երկրի նախարարներից մեկը ներդրողներից մեկի ներկայացուցչին, ընդ որում` խոսքը մոտ 3 մլն դոլար ներդրումային ծրագրի մասին է: Հասկանալի է չէ՞, որ այն գործը, որը սկսվեց դատական վեճերով, դժվար թե հաջողություն ունենա:
Կամ ավելի կոնկրետ. մարզպետներից մեկի մոտ մարդ է գնում ներդրումային հստակ ծրագրով, նա ասում է` այդ գյուղում ոչինչ մի՛ արեք, գյուղապետը նախկին հանցավոր ռեժիմից է, ես իրենց պետք է պատժեմ, գործ հարուցվի, ազատազրկվի կամ պաշտոնազրկվի, նոր կգաք, կզրուցենք: Այո, կոնկրետ մարզպետը` կոնկրետ գործարարին: Եւ այսպիսի դեպքերը, ցավոք, շատ են արձանագրվում: Ու թող պատգամավորի խոսքը եւ այս հրապարակումը առիթ դառնան եւս մեկ անգամ զգաստացնելու չինովնիկներին եւ բացատրելու, որ ձեր հիմար պատճառաբանություններով դուք փչացնում եք Հայաստանում ներդրումային միջավայրը: Մենք, մի կողմից, խոսում ենք, թե Հայաստանում յուրաքանչյուր ներդրող, անկախ նրա ներդրած գումարի չափից, կարեւորագույն դերակատարում ունի եւ պետք է բոլորս օգնենք նրանց` իրականացնելու այդ ծրագրերը, մյուս կողմից` չինովնիկները իրենց որոշ դեպքերում չունեցած տղամարդկությունն են ցուցադրում:
Ի վերջո, ներդրողը որեւէ պարտավորություն չունի այդ գումարները հենց Հայաստանում ներդնելու: Կգնան այլ, ավելի գրավիչ երկիր, որտեղ իրենց ավելի բարենպաստ պայմաններ կառաջարկվեն: Չնայած որ բառը վաղուց այլ ասոցացիա ունի, բայց, ամեն դեպքում, կիրառենք` սթափվե՛ք, սիրելինե՛րս, շատ ժամանակ չունենք բարեփոխումների: