ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ ՉՊԵՏՔ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսելով խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովի կատարելիք գործողությունների մասին, հայտարարեց. «Մտավախություն ունեն բոլոր այն քաղաքական հոսանքները, որոնք միշտ ունեն մտավախություններ ամեն ինչի նկատմամբ: Այս հանձնաժողովի նկատմամբ իրենք պետք է մտավախություն չունենան, որովհետեւ հանձնաժողովը ստեղծված է բարձր լեգիտիմություն ունեցող Աժ-ի պատգամավորների համապատասխան թվաքանակի կողմից»:

-Պարո՛ն Քոչարյան, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը մեզ հետ զրույցում հայտարարել է, որ տարակուսելի է այն հանգամանքը, որ գործադիր մարմինն իր գործառույթը տվել է օրենսդիրին` ստեղծելով քննիչ հանձնաժողով, որը կուսումնասիրի 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքները: Եթե կարող էր այդ գործառույթն իրականացնել գործադիրը, ինչո՞ւ եք այդ ֆունկցիան «վերցրել» նրանց ձեռքից:
-Արծվիկ Մինասյանը թող գնա եւ նորից ընթերցի ՀՀ Սահմանադրությունը: Գործադիրն իր գործողությունները արել է, ու ես կարծում եմ, որ եթե ԱԺ-ն որոշել է քննիչ հանձնաժողով ստեղծել, դա Սահմանադրության պահանջով է ստեղծվել, օրենքի իրավունքով, 47 պատգամավոր ցանկացել է, որ հանձնաժողովը ստեղծվի, եւ օրենքի ուժով այն ստեղծվել է: Արծվիկ Մինասյանն արդեն պետք է ելնի այն հանգամանքից, որ այդ հանձնաժողովն արդեն ստեղծված է: Ու քանի որ այն վերաբերում է պաշտպանությանն ու անվտանգությանը, գործող կանոնակարգով եւ Սահմանադրությամբ այդ հանձնաժողովի գործառույթները վերապահված են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին: Օրենքի ուժով ստեղծված է քննիչ հանձնաժողովը եւ այն այս պահին գործում է: Նախկին դաշնակցական Ռուբեն Հակոբյանը շատ ավելի լավ էր այդ ամբողջը ներկայացրել, որ նշել էր, թե ելնենք այս հանգամանքից, որ այդ հանձնաժողովն արդեն ստեղծված է. եթե կարող ենք, պետք է օգնենք: Արծվիկ Մինասյանին մնում է միայն մի բան` կա՛մ ինքը, եթե բան ունի Ապրիլյան պատերազմի հետ կապված, հանձնաժողովի հետ փորձեն կոնտակտի դուրս գան, փորձեն ներկայացնեն իրենց առաջարկները, կա՛մ տեղեկատվությունը, եթե կան, կարող են ներկայացնել: Հիմա անիմաստ քննարկումների մեջ մտնելը պարզապես որեւէ լավ բանի չի բերելու այն առումով, որ անիմաստ զբաղմունք է. հանձնաժողովը ստեղծված է օրենքի ուժով եւ այն այս պահին գործում է: Հանձնաժողովը գործելու է 6 ամիս:
-Հանձնաժողովը գործելու է գաղտնի ռեժիմով. ո՞ր հատվածի մասին է հանրությունը ինֆորմացիա ստանալու, արդյոք տեղեկատվություն տրամադրվելո՞ւ է քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասին:
-Եզրակացությունից տեղեկությունը պարզ կլինի, կամ այն հատվածից, որը գաղտնիության ռեժիմով չի անցնելու:
-Փաստորեն քննիչ հանձնաժողովը չի քննելու 800 հեկտար հողի կորստի հարցը, որը չեք ընդգրկել հարցերի շրջանակում, ինչո՞ւ:
-Ապրիլյան քառօրյա պատերազմի քննության հարցի մեջ ընդգրկված են բոլոր այն հարցերը, որոնք վերաբերում են այդ օրերին տեղի ունեցածին. ապրիլին ինչ է տեղի ունեցել, հանձնաժողովը ի վիճակի կլինի այդ գնահատականը տալ վերջնարդյունքում: Դա լայնածավալ պատերազմ էր, դա դիվերսիոն թափանցում էր, վերջ ի վերջո հանձնաժողովը ստեղծված է այդ հարցերի պատասխանները գտնելու համար, որպեսզի ապագայում, եթե եղել են թերացումներ, երբեւիցէ չկրկնվեն, ու այս հանձնաժողովը ստեղծված է մեր զինված ուժերը, ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության համակարգը հետագա սխալներից զերծ պահելու համար, եւ ինքը ուժեղացնելու է մեր պաշտպանական համակարգը:
-Մտավախություն կա, որ հանձնաժողովը ստեղծվել է այն բանի համար, որ «պատժվեն» նախորդ իշխանությունները. արդյոք նպատակներից մեկը նաեւ դա՞ է:
-Մտավախություն ունեն բոլոր այն քաղաքական հոսանքները, որոնք միշտ ունեն մտավախություններ ամեն ինչի նկատմամբ: Այս հանձնաժողովի նկատմամբ իրենք պետք է մտավախություն չունենան, որովհետեւ հանձնաժողովը ստեղծված է բարձր լեգիտիմություն ունեցող Աժ-ի պատգամավորների համապատասխան թվաքանակի կողմից: Մտավախություններ այստեղ չկան, մտավախություն կլիներ, եթե այդպիսի իրավասությունից դուրս կամ հակասահմանադրական ճանապարհով ստեղծված հանձնաժողով լիներ: Այնպես որ, հանձնաժողովի աշխատանքների ճիշտ աշխատանքային արդյունքի հետ կապված իրենք պետք է իրենց մասնակցությունը ունենան այս գործում, ոչ թե պետք է մտահոգվեն:
-Քանի որ պատերազմը տեղի է ունեցել նախորդ իշխանությունների ժամանակ, եւ իրենք տիրապետում են ողջ ինֆորմացիային, ըստ Ձեզ` բարդ չի՞ լինելու իրենց հետ աշխատել, «լեզու գտնել» ինֆորմացիայի հավաքագրման համար:
-Այս պահի դրությամբ, անկեղծ ասած, բարդություն չեմ տեսնում: Երբ կլինեն բարդություններ, այդ ժամանակ մենք կմտածենք, թե ինչպես այդ ամենը հաղթահարենք. իրավական առումով, իհարկե, կարող են խոչընդոտներ լինել: Բայց այստեղ ապրիլյանի թեման միայն իրավական չի, նաեւ բարոյական հարթություն կա: Անկեղծ ասած, լավ չեմ պատկերացնում խոչընդոտները, նախկին թե ներկա պաշտոնյաները ինչպես պետք է հանձնաժողովի աշխատանքներին, եթե դրա կարիքը կա, մասնակցություն չունենան:
-Հանձնաժողովը կաշկանդվածություն ունի՞ նախորդ իշխանության ներկայացուցիչներին քննությանը հրավիրելու:
-Ո՛չ, ո՛չ:
-Սերժ Սարգսյան, Սեյրան Օհանյան:
-Ո՛չ, ո՛չ, ինչո՞ւ պետք է կաշկանդվածություն ունենանք:
-Իրենց հրավիրելու պլաններ ունե՞ք:
-Ում կհրավիրենք կամ չենք հրավիրի, Դուք կիմանաք հանձնաժողովի աշխատանքների երեւի ավարտական փուլում:
-Օրակարգում նման հարց կա՞:
-Օրակարգում շատ պլաններ կան, պլանները կապված են, թե աշխատանքի էֆեկտիվությունը ինչպես բարձր պահենք: Մենք ունենք խնդիր, ունենք ստեղծված հանձնաժողով, խնդիրը լուծելու համար մենք ունենք աշխատանքի պլանավորման գործառույթ: Հիմա հանրությանը ներկայացնելու լիազորություն ես չունեմ:

 

 

 

 

 

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԿՈՒ ՈՒԺԻ ՄԻՋԵՎ

Նախօրեին պաշտոնապես հայտարարություն տարածվեց, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել ՀՅԴ Գերագույն մարմնի անդամների հետ: Տարակուսելի էր, որ երբեմնի «թշնամիներ» ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն որոշել են հանդիպել: Ինչո՞ւ. որովհետեւ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ժամանակներում ՀՅԴ-ն կտրուկ պահանջ էր դրել Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու:

Գաղտնիք չէ նաեւ, որ ՀՅԴ-ն նպատակ ունի ստվերային կառավորություն ստեղծել ու, կարծես թե, արդեն սկսել է քաղաքական ուժերի հետ հանդիպումներ ունենալ: Երեկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ պետք չէ այդքան բուռն ընդունել նշված ուժերի հետ հանդիպումը. «Ճիշտն ասած, զարմանալի է, որ բոլորը սեւեռվել են ՀՅԴ-ԲՀԿ հանդիպման վրա` մոռանալով մի շատ պարզ իրողություն. ԲՀԿ-ն միշտ հայտարարել է, որ բաց է թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ուժերի հետ կոնտակտի մեջ լինել, քննարկումներ ունենալ, որովհետեւ, ի վերջո, հենց այդ լայնածավալ քննարկումներն են բերում որոշակի տեսլականների»:
Մեր զրուցակիցը հայտարարեց, որ օրակարգում ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական զարգացումներն են եղել, ու իրականում պետք չէ վատ ձեւով ընդունել նման հանդիպումները. «Մենք «Ռեստարտ»-ի հետ էլ ենք հանդիպում ունեցել, իսկ ՀՅԴ-ն նախաձեռնել է նման հանդիպում, իրենց էլ ենք հանդիպել»:
Մեր այն հարցին, որ ՀՅԴ-ն պատրաստվում է ստվերային կառավարություն ստեղծել, ԲՀԿ-ին դիմել է ֆինանսական աջակցության համար արդյոք, պատգամավորը հայտարարեց, որ նման բան առաջին անգամ է լսում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ՀՅԴ-ն ժամանակին պահանջում էր Գ. Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնել, ասաց, թե քաղաքականությունը դինամիկ է, ու իրենք բաց են բոլորի հետ քննարկումներ իրականացնելու համար. «Մենք այս պարագայում չունենք կոմպլեքսներ»:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՀԱՐՈՒՑՈՒՄԸ ՄԵՐԺՎԵՑ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի եւ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպով քրեական գործ չհարուցվեց: ՀՀ գլխավոր դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ Արման Եղոյանի կողմից այդ միջադեպի կապակցությամբ հաղորդում էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազին, որն ուղարկվել էր ՀՀ ՀՔԾ քրեադատավարական կարգով ստուգելու նպատակով: Եվ, ըստ այդմ, նախապատրաստված նյութերով ՀՔԾ-ում կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Չի բացառվում, որ իրավապահները, ուսումնասիրելով գործը, ներքին կարգով բացատրել են Արման Եղոյանին, որ կատարվածի մեջ մեղավորը ինքն է, եւ լավ կլինի` քրեական գործ չհարուցեն, այլ կերպ ասած, գործը փակվի, գնա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արման Եղոյանը վստահեցրեց. «Նման բան չի կարող լինել, նման դեպքերով գործը հարուցվում է ոչ թե փաստի առթիվ, այլ բողոքի հիման վրա, տվյալ դեպքում բողոքողը ես եմ եղել փաստաթղթերով ե՛ւ ոստիկանությունում, ե՛ւ ՀՔԾ-ում, այսինքն` իմ հաղորդումն է մերժվել»: Արդյոք բողոքակելու է, թե ոչ, Եղոյանը հայտնեց, որ դեռ պաշտոնապես չի ստացել որոշումը:

 

 

 

 

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
Ինչպես հայտնի է, հանձնաժողովների եւ լիագումար նիստերից բացակայությունների դեպքում պատգամավորների աշխատավարձերից պահումներ են արվում: Եվ յուրաքանչյուր ամսվա վերջում հանձնաժողովների նախագահները գրություն են ուղարկում խորհրդարանի ղեկավարին` պատգամավորների բացակայությունների վերաբերյալ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը մայիս ամսին երեք նիստ է անցկացրել, եւ հանձնաժողովի 12 անդամներից միայն Լուսինե Բադալյանն է մեկ անգամ բացակայել մեկ նիստից եւ այն էլ հարգելի. այդ դեպքում պահումներ չեն կատարվում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարծես թե ամենապարտաճանաչներից է, եւ պատգամավորները չեն բացակայել ո՛չ ապրիլ ամսվա, ո՛չ էլ մայիս ամսվա նիստերից: Պատգամավորների բացակայությունների մասին գրություն ներկայացրել է նաեւ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովը, սակայն, մայիս ամսվա տվյալներով, այս հանձնաժողովի անդամները եւս պարտաճանաչ են գտնվել եւ չեն բացակայել նիստերից: Մյուս հանձնաժողովների կողմից ներկայացված գրությունների մասին տեղեկություններ ԱԺ պաշտոնական կայքում դեռեւս տեղադրված չեն:




Լրահոս