Երեկ 99 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանը վերջապես ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր: Այդ պաշտոնում Գրիգորյանի թեկնածությունն առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում վերջին թեկնածուի՝ Արթուր Վաղարշյանի չընտրվելուց մեկ օր անց: Ընդ որում, Վահե Գրիգորյանին նախագահ Սարգսյանը երկրորդ անգամ էր առաջադրում. առաջինն անցած տարի էր՝ հեղափոխությունից հետո, որը տապալեց Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետական խմբակցությունը, իսկ արդեն յոթերորդ գումարման խորհրդարանում էլ ամենամեծ «Իմ քայլը» խմբակցությունը երկու անգամ տապալեց ՍԴ դատավորի ընտրությունները (մեկ անգամ` Արթուր Վաղարշյանի, մյուս անգամ` Գոռ Հովհաննիսյանի)` Վահե Գրիգորյանին այդ պաշտոնում տեսնելու ակնկալիքով:
Եւ, ահա, երեկվա արդյունքը թերեւս կանխորոշված էր, սակայն, ամեն դեպքում, դեմ ձայները եւս շատ չէին, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչները 44-ն են, սակայն Վահե Գրիգորյանի դեմ ձայները միայն 22-ն էին: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 88 հոգուց բաղկացած «Իմ քայլը» խմբակցությունից երեկ նաեւ բացականեր կային, ապա ստացվում է, որ ազատ քվեարկության մասին հայտարարած ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստանից» ու «Լուսավոր Հայաստանից», չնայած քննադատությանը, գոնե 11-ից ավելի պատգամավոր եւս կողմ էր քվեարկել նրա թեկնածությանը:
Ընդդիմադիր ուժերից ամենաշատ քննադատությունը հնչեցրեց թերեւս ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: «Շատ անհաջող սրամտություն արեցիք, հարգելի՛ պարոն Գրիգորյան: Ի՞նչ ա նշանակում՝ գործող Սահմանադրությունը բռնաբարության արդյունքում ծնված երեխա է: Ես հիմա չեմ ուզում Ձեզ հարցնեմ՝ բռնաբարողն ով ա եղել, բռնաբարվողը՝ ով: Բայց եթե այդ այսպես է, բա ինչո՞ւ եք այդ բռնաբարված ծնունդի արդյունք հանդիսացող երեխայի ուսերին… ուզում եք էդ ուսերով հանգրվանել Սահմանադրական դատարանում»,- նշեց Պետրոսյանը:
Երեկ վերջինս Վահե Գրիգորյանից հետաքրքրվեց նաեւ դատարանները արգելափակելու հայտնի ակցիայի մասին, սակայն Գրիգորյանն ԱԺ ամբիոնից չպատասխանեց այդ հարցին: Դրանից մեկ օր առաջ այդ թեմային Վահե Գրիգորյանն անդրադարձել էր «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում: Մասնավորապես, նա չդատապարտեց այդ ակցիան եւ նորմալ համարեց դատարանների ելքերն ու մուտքերն արգելափակելը հեռավորության վրա: «Հավաքները նորմալ են որոշակի հեռավորության վրա, եւ այդ հեռավորությունը սահմանված է», – նշել էր նա: Սակայն նրա պատասխանն անսպասելի է այն առումով, որ անգամ ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներով սահմանված է, թե ինչ է հավաքը, եւ որ դեպքում են դրանք լինում: Մասնավորապես, սահմանված է. «Հավաքի ազատությունը կայանում է նրանում, որ ցանկացած քաղաքացի կարող է արտահայտել իր կարծիքը, հակասությունը կամ վիճարկել իշխանության ցանկացած որոշում»: Այսինքն` ստացվում է, որ հավաքների էությունը կայանում է նրանում, որ ցանկացած քաղաքացի կարող է արտահայտել իր միտքը եւ դեմ գնալ իշխանությունների կայացրած որոշմանը: Եվ չնայած այս սահմանմանը` իրավաբան Վահե Գրիգորյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, թե այդ հավաքն իրականացնողները եւս քաղաքացիներ են եղել: «Այնտեղ հավաքվածերը եւս քաղաքացիներ էին եւ իրենց կարծիքն էին արտահայտում: Հեռավորության պահպանման դեպքում որեւէ խնդիր չկա», – հավելեց նա:
Առհասարակ, երեկ դահլիճում շատ էին նաեւ ծափողջույնները, սակայն հետաքրքիր է, որ նույն Գեւորգ Պետրոսյանը, ով ոչ միայն երեկ, այլ նաեւ մյուս օրերին սուր քննադատության էր ենթարկել Վահե Գրիգորյանին, նրա պնդումները եւ հայտարարությունները, դատավորի քվեարկությանը չմասնակցեց: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանն, ըստ էության, անիմաստ համարեց իր մասնակցելը քվեարկությանը` ասելով, թե, միեւնույնն է, իր տեսակետն ասել էր ելույթի ժամանակ, եւ պարզ էր, որ մասնակցելու դեպքում դեմ էր քվեարկելու: «Չեմ մասնակցել, բայց եթե անգամ մասնակցեի, դեմ էի քվեարկելու, եւ դա ակնհայտ էր իմ ելույթից: Ես ժողովրդի հետ հանդիպման էի, դրա համար չեմ կարողացել մասնակցել, բայց այլ կարծիք լինել չի կարող», – նշեց նա: Պետրոսյանի խոսքով` ՍԴ դատավորի մյուս երկու ընտրությունների ժամանակ եւս ԲՀԿ խմբակցությունում քվեարկությունն ազատ է թողնված եղել, ինչպես երեկ, եւ Պետրոսյանը նաեւ ընդգծեց, որ դատելով քվեարկության արդյունքներից` ամեն դեպքում իրենց խմբակցությունից կողմ քվեարկողներ եղել են:
Սակայն երեկ բավականին պասիվ էին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները: Ընդամենը 9 պատգամավոր էր գրանցվել ՍԴ դատավորի թեկնածուին հարց ուղղելու համար այն դեպքում, երբ թե՛ Արթուր Վաղարշյանին եւ թե՛ Գոռ Հովհաննիսյանին 19 պատգամավոր է հարց ուղղել, որոնց ճնշող մեծամասնությունը եղել է հենց «Իմ քայլը» խմբակցությունից: Իսկ երեկ գրանցված 9 պատգամավորներից միայն 4-ն էին «Իմ քայլը» խմբակցությունից: Ըստ էության, սա եւս ապացուցեց այն փաստը, որ Վահե Գրիգորյանը իշխող ուժի ցանկալի թեկնածուն էր: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե արդյոք այս պատկերը վկայում էր, որ արդյունքը կանխորոշված էր, եւ Վահե Գրիգորյանը ընտրվելու էր, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ պատասխանեց. «7-րդ գումարման ԱԺ-ում ոչ մի բան ի սկզբանե որոշված չի: Բայց ես չեմ ուզում ակնհայտ ճշմարտությունները ծածկադմփոց անելու փորձ անել կամ փարիսեցիության տպավորություն թողնել: Գիտեք, «Իմ քայլը» ֆրակցիայում դրական վերաբերմունք կա նրա թեկնածության շուրջ, այնպես որ, թաքցնելու բան չկա»: Արարատ Միրզոյանը քիչ հարցեր տալը կապեց այն հանգամանքի հետ, որ նրան ֆրակցիայում լավ են ճանաչում, կամ էլ երկար հանդիպում է ունեցել: Սակայն այստեղ էլ ընդգծենք, որ «Իմ քայլ»-ի հետ հանդիպումն ամենակարճերից է եղել: Իսկ, առհասարակ, ազատ քվեարկություն որոշած ընդդիմության մտահոգությունը հիմնականում կապված էր հենց այն հանգամանքի հետ, որ Վահե Գրիգորյանը մտերիմ հարաբերություններ ունի իշխող ուժի հետ, որը կարող է խանգարել նրան անաչառ գտնվել:
Նախկինում եւս հաճախ իշխանություններին մեղադրում էին նման մարդկանց այդպիսի վայրեր գործուղելուն, ինչպես եղավ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանի պարագայում: Եվ ստացվում է` գործող իշխանություններն ուղարկում են իրենց «մարդուն» ՍԴ-ն հավասարակշռելու համար:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀԱՐՎԱԾԵԼ Է ԳՅՈՒՂԱՊԵՏԻՆ
Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի համայնքապետարանում միջադեպ է եղել: Մասնավորապես, բնակիչներից մեկն այն աստիճան է զայրացած եղել գյուղապետի վրա, որ ներխուժել է համայնքապետարան եւ բռունցքով հարվածել է գյուղապետ Տարոն Քոչարյանին: Այսպիսով «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները Մերուժան Սիմոնյանին մեղադրանք են առաջադրել, որ նա գնացել է Կարճաղբյուր համայնքի համայնքապետարան` համայնքապետ Տարոն Քոչարյանի հետ նախկինում ունեցած լարված փոխհարաբերությունների, ինչպես նաեւ նրա կողմից իր որդուն փաստացի բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք չտալու հարցի շուրջ զրուցելու գյուղապետ Քոչարյանի հետ, սակայն զրույցն այդքան էլ լավ չի ընթացել Մերուժան Սիմոնյանի եւ Տարոն Քոչարյանի միջեւ, որից հետո Սիմոնյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տարոն Քոչարյանի աչքի շրջանին, նրան պատճառել ֆիզիկական ցավ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մերուժան Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել ծեծի հատկանիշներով եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
ՆՈՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ
ՀՀ կառավարությունն առաջիկայում դրամաշնորհ կստանա` 2 մլն 700 հազար եվրոյի չափով: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը առաջիկայում կառավարությանը կներկայացնի դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ նախատեսվում է ստորագրել 2 մլն 700 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիր` «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում (ՋՌՀԿ)/Ախուրյան գետ, փուլ 2» ծրագրի ուղեկցող միջոցառումների փորձագիտական ծառայությունները ֆինանսավորելու, ինչպես նաեւ հիմնականում արտարժույթի փոխանակման ծախսերը վճարելու համար:
ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՄՏՆԵԼ ՀԱՄԱԿԱՐԳ
ՀՀ քննչական կոմիտեն կներառվի ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեռեւս 2006թ. հունիսի 22-ի որոշմամբ այդ ցանկում ընդգրկված է 17 պետական մարմին, որում, սակայն, բացակայում է Քննչական կոմիտեն: Քննչական կոմիտեն զրկված է քրեական վարույթի համար անհրաժեշտ տեղեկություններն առցանց ստանալու հնարավորությունից: Ըստ Քննչական կոմիտեի` այն էապես խոչընդոտում է քննության արագությանը եւ արհեստական դժվարություններ է ստեղծում կարճ ժամկետներում պլանավորված նախաքննության իրականացման հարցում: Ի դեպ, Քննչական կոմիտեում քննված գրեթե բոլոր քրգործերով անհրաժեշտություն է առաջացել օգտվելու այդ համակարգի տվյալներից, ինչը կատարվել է միջնորդավորված` գրություններ հասցեագրելով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որոնց պատասխանները լավագույն դեպքում ստացվել են տասնօրյա ժամկետում:
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ փոխվարչապետների, կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Պետական եկամուտների կոմիտեի 2020-2024 թվականների ռազմավարական գործունեության ծրագրի նախագիծը:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքում «Անվտանգության հարցերը համակարգող բարձրաստիճան ներկայացուցիչների ամենամյա տասներորդ հանդիպման» շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարեւորել է Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ միաժամանակ ներկայացնելով Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, որոնց արդյունքում այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է ՀՆԱ-ի 7.1% աճ, իսկ ապրիլի տնտեսական ակտիվության ինդեքսը կազմել է 9.2%: Քարտուղար Գրիգորյանը ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում Հայաստանում բնակվող ռուսական համայնքի եւ Ռուսաստանում բնակվող հայ համայնքի դերակատարությունը։
ՀԱՐՑԵՐԸ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆուտբոլին եւ ֆուտզալին առնչվող հարցեր: Իշխան Զաքարյանը նշել է, որ ֆուտբոլը եւ ֆուտզալը համահայկական խաղերի 17 մարզաձեւերից ամենաշատ մասսայականություն վայելողն են, որոնց հայտերն արդեն իսկ մեծ թիվ են կազմում: