«Ժողովուրդ» օրաթերթին դիմած Երեւանի 35-ամյա Արտակ Մելքումյանը պատմեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս տարվա մարտի 27-ին վիրահատվել է: Իսկ մինչ այդ Մելքումյանը հիվանդանոց է դիմել մարտի 19-ին, եւ հայտնաբերվել է միջնորմի գոյացություն: Ցուցվել է վիրահատություն, ինչն էլ արվել է մարտի 27-ին:
Բժշկական կենտրոնի կողմից քաղաքացուն տրված էպիկրիզում նշված է, որ բիոպտատի հիստոլոգիական հետազոտությամբ նկարագրվել է թիմիկ կարցինոմա (թիմոմա C): Ախտորոշումը ճշտելու նպատակով կատարվել է իմունոհիստոքիմիական քննություն, նկարագրվել է թիմոմա B2: Ապա նշվել է, որ հետվիրահատական շրջանն անցել է հարթ, իսկ ապրիլի 15-ին դուրս է գրվել:
«Մինչեւ վիրահատությունը ինձ ասացին, որ չարորակ ուռուցք է, պետք է այն անվճար լինի, եւ հիվանդանոցում խորհուրդ տվեցին դեռ չվճարել: Ասացին` դեռ ոչ մի բան մի՛ վճարի, բիոպսիայից հետո պատասխանները կգա, կերեւա: Վիրահատությունն արեցին, որից հետո հետազոտվել եմ, ու պարզվել է` ինձ մոտ թիմոմա B2 է, որը եւս չարորակ է: Ես պահանջում եմ, որ ինձ հետ տան վիրահատության համար վճարած 800 հազար դրամը: Չէ՞ որ դա օրենքով ամրագրված է»,- վրդովված նկատեց Մելքումյանը:
Նա նկատի ունի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ներկայացրած ծրագիրը, ըստ որի` չարորակ հիվանդությունների վիրահատական բուժման համար քաղաքացիները գումար չեն վճարում, քանի որ նման վիրահատությունների համար մի շարք բուժհիմնարկներում պետությունը գումարը կվճարի ամբողջությամբ:
Հիվանդանոցը, սակայն, հրաժարվում է քաղաքացուն հետ վճարել վիրահատության գումարը: Ինքը` Արտակ Մելքումյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրեն հետվիրահատական շրջանում բժիշկը նշանակել է քիմիաթերապիայի կուրս անցնել, բայց քաղաքացին գումար չունի:
«Քիմիաթերապիան ինձ նշանակել է Հայաստանի գլխավոր ուռուցքաբանը: Հիվանդանոցից հրաժարվում են հետ վերադարձնել 800 հազար դրամը: Ասում են` չենք կարող հետ վերադարձնել գումարը: Բայց բուժող բժիշկը ասեց ինձ, որ գումարն ինձ հասնում է: Ես չգիտեմ` ինչ անեմ, իրոք չգիտեմ: Թող բոլոր փորձագետները հաստատեն, որ թիմոմա B2-ը կա՛մ բարորակ է, կա՛մ չարորակ: Եթե բարորակ է, ինձ քիմիա չի հասնում, եթե չարորակ է իմ ուռուցքը, ինչո՞ւ ինձ գումարը հետ չեն տալիս: Նախարարությունից ասում են` բարորակի ու չարորակի միջանկյալ է: Ի՞նչ է դա նշանակում: Թող կա՛մ իմ վիրահատության գումարը հետ տան, կա՛մ էլ քիմիաթերապիան, եթե անհրաժեշտ է ինձ, պետպատվերի շրջանակում իրականացնեն: Բոլոր ուռուցքաբանների մոտ եղել եմ: Արդեն 2 մլն դրամից ավել գումար եմ ծախսել, պարտք անելու տեղ չի մնացել: Ռիսկի եմ դիմել, քանի որ ամիսուկես առաջ պետք է քիմիա ստանայի: Բայց 2 մլն դրամ ծախսեմ ու հետո էրեխեքիս անտեր թողնեմ, ինչի՞ համար: Ես ավելի շատ կուզեի, որ Փաշինյանն այս ամենի մասին իմանար: Ինքը իր ուղիղ եթերներով ասում է, որ եթե չեք կարողանում ինձ տեղեկացնել, ապա մամուլի միջոցով արե՛ք դա»,- նկատեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, նշենք, որ այս խնդրի շուրջ Մելքումյանի կնոջ քույրը հանդիպել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Նախարարը իր օգնականներից մեկին` Հասմիկին, հանձնարարել է այս հարցով զբաղվել, սակայն Մելքումյանը դժգոհ է նախարարության ներկայացուցչի վերաբերմունքից:
«Ինչ անում եմ, Հասմիկի ձեռքն եմ ընկնում: Ես նախարարի ֆեյսբուքյան էջով անձնական նամակում գրել եմ, որ դժգոհ եմ, եւ օգնականները իր հանձնարարականը չեն կատարում: Պահանջել եմ հանդիպում իր հետ: Նախարարը խնդրեց իրեն փոխանցեմ իմ հեռախոսահամարը, տվեցի: Դրանից հետո ինձ զանգում է Հասմիկը ու հանդիմանում` ինչու եք ստեղ-ընդեղ գրում, հետո արհամարհական, առանց լսելու իմ խոսքը հեռախոսն անմիջապես անջատում է»,- զայրացավ Արտակ Մելքումյանը:
Ի վերջո, նախարարությունից արձագանքել են Արտակ Մելքումյանին եւ առաջարկել են` բուժզննում անցնի նախարարության փորձագետներից մեկի մոտ: Փորձագետի կողմից ներկայացված եզրակացության մեջ գրված է` «բարորակ չէ»:
Ավելին, նախարարության փորձագետը Արտակ Մելքումյանին ուղարկել է «կատե անելու», սակայն նրա բուժող բժիշկը դա նրան վեց ամիս արգելել է:
«Ես հիմա ահավոր ֆինանսական վիճակի մեջ եմ, օրական 20 հազար դրամի դեղ եմ գնում, արհեստական շնչառության ապարատ ունեի տանը, երեկ եմ հանձնել. օրական 2000 դրամ եմ ծախսել դրա համար: Ես պահանջում եմ հանդիպում նախարարի հետ: Գոնե 800 հազար դրամը հետ վերադարձնեն, ես դրանով մի հատ քիմիա ստանամ, հետո երկուսի համար կմտածեմ, թե ինչն եմ ծախում, որ վճարեմ»,-մտահոգվեց Ա. Մելքումյանը:
Մեզ դիմած քաղաքացու խնդրով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց նաեւ Առողջապահության նախարարություն, որտեղից հայտարարեցին հետեւյալը. «Նրա մոտ նախնական ախտորոշվել էր թիմոմա C, բայց վիրահատությունից հետո ախտորոշումը փոխվել է եւ դարձել թիմոմա B2»: Ըստ նախարարության` ոչ մի մասնագետի կողմից հաստատված չէ, որ «թիմոմա B2»-ը չարորակ նորագոյացություն է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարության վերին օղակները իրենց փորձագետից պահանջել են հիմնավորել տված եզրակացությունը, քանի որ այն թերի է: Այսինքն` չի հասկացվում` բարորակ է, թե չարորակ: Ապա փորձագետի կողմից տրվել է հիվանդության կոդ, որը, ըստ ԱՀԿ-ի, համարվում է բարորակ: ԱՆ-ից հայտնեցին նաեւ, որ այս դեպքում Արտակ Մելքումյանը չի կարող ծրագրից օգտվել, քանի որ չարորակի ախտորոշումը չկա, իսկ Առողջապահության նախարարության ծրագիրը հաստատված չարորակ հիվանդության համար է: Քաղաքացուն նշանակած քիմիան անհրաժեշտ է, քանի որ առանց դրա, հնարավոր է, հիվանդությունը սրվի, ագրեսիվանա ու դառնա չարորակ»:
ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՂԹԵՑ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Տեւական ժամանակ է` Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ավագանու 5 անդամներ` Արթուր Գալստյանը, Արտակ Աշիկյանը, Կամո Խաչատրյանը, Արման Դերմոյանը, Հերմոն Ավետիսյանը, մայիսի 3-ին հրաժարականի դիմում են ներկայացրել:
Նշենք, որ Արտաշատի ավագանու թվով 15 անդամները (օրենքով նախատեսված 15-ից) ընտրվել են 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ավագանու անդամների ընտրության արդյունքում: Բայց մայիսի 3-ի դրությամբ ավագանու անդամների թվաքանակը կազմում էր 12, քանի որ նրանցից 5-ը հրաժարականի դիմում էին ներկայացրել: Այժմ Արտաշատի համայնքի ավագանին ունի 7 անդամ, որն օրենքով սահմանված թվաքանակի կեսից պակաս է, ինչի պատճառով անհնարին է դարձել Արտաշատի ավագանու նիստերի հետագա անցկացումը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտաշատի բնակիչները ավագանի կընտրեն սեպտեմբերի 29-ին:
Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա ընթացքում Արտաշատի քաղաքապետարանի աշխատանքը տեւական ժամանակ պարալիզացված մնաց: Համայնքի ավագանու 12 անդամներից 9-ը չէին մասնակցում ավագանու նիստերին եւ բոյկոտում էին: Նրանք պահանջում էին ՀՀԿ-ական քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հրաժարականը: Իհարկե, հետո Արտաշատի քաղաքապետը կարողացավ ավագանու անդամների հետ ընդհանուր հայտարարի գալ, եւ նրանք սկսեցին նորմալ նիստեր անցկացնել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս տարեսկզբին ավագանու անդամները քաղաքապետին նեղն էին գցել իրենց նոր պահանջներով: Համայնքի ավագանու անդամներն այս ընթացքում «պարտադրում էին» քաղաքապետին կրճատել իր երկու տեղակալներին եւ երկու խորհրդականներին: Բացի այս, համայնքի ավագանու անդամները քննարկում էին քաղաքապետարանում կրթության եւ սոցիալական բաժինները միացնելու հարցը:
Ավագանու անդամների եւ քաղաքապետի հետ մենամարտում, կարծես թե, հաղթեց քաղաքապետը:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԱՆԱՍՆԱԿԵՐԸ ԹԱՆԿԱՑԵԼ Է
Ներկայումս Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղում 20-25 կգ քաշով անասնակեր խոտի հակը (տուկը) դաշտում վաճառվում է 1000 դրամով, իսկ եթե այն բեռնատար տրանսպորտով տեղափոխվում է գնորդին, մեկ հակի գինը կազմում է մոտ 1200 դրամ: Ոսկեպարի բնակիչները հայտնեցին, որ անասնակերի խոտի գինը գրեթե կրկնակի բարձր է անցյալ տարվա գնից: Ոսկեպարցիները չեն մշակում իրենց վարելահողերը, վարուցանք չեն անում, քանի որ անասնապահությամբ զբաղվելը տնտեսապես ավելի ձեռնտու է:
Խոտի գնի բարձրացումը դժվար կացության մեջ է դրել սահմանագոտու անասնատերերին: Նրանցից շատերը, օգտվելով գյուղատնտեսական էժան վարկերից, անասուններ են գնել, ավելացրել դրանց գլխաքանակը եւ այժմ կանգնած են անասունները անասնակերով ապահովելու, վերցրած վարկերը մարելու դժվարությունների առաջ: Խոտի գնի թանկացման պատճառն այս տարվա երաշտն է: Անցած ձմռանը ձյուն գրեթե չտեղաց, հողը չհագեցավ անհրաժեշտ խոնավությամբ, իսկ գարնանային անձրեւները չէին կարող լրացնել սակավաձյուն ձմեռվա պատճառով պակասող խոնավությունը:
ՊԱՍՏԱՌՆԵՐԸ ԿՄԱՔՐՎԵՆ
2018թ. դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններից եւ 2019թ. փետրվարի 17-ին կայացած Իջեւանի ավագանու ընտրություններից հետո Տավուշի մարզկենտրոնի շենքերի պատերին եւ այլուր փակցված են խորհրդարանի եւ ավագանու թեկնածուների նախընտրական պաստառները: Դրանք արդեն խունացած են, մի մասը` պատռված: Համաձայն օրենքի` թեկնածուները իրենք պետք է հոգան այդ պաստառները մաքրելու գործը, սակայն դա չեն արել: Իջեւան համայնքի խնդիրների լուծման գործում երիտասարդների ակտիվությունը բարձրացնելու, հասարակական նախաձեռնությունները խթանելու նպատակով Իջեւանի համայնքապետարանը համայնքի ավագանու 2019թ. մարտի 19-ի որոշման հիման վրա հայտարարել է 2 դրամաշնորհների մրցույթ, դրամաշնորհների չափը կազմել է 100 հազարական դրամ: Դրամաշնորհի մրցույթին ներկայացվել է 7 հայցադիմում: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը եւ դրամաշնորհային հանձնաժողովը, որի մեջ նաեւ քաղաքի ՀԿ-ների ներկայացուցչներ են, հունիսի 6-ին կայացած քվեարկությամբ ընտրել են Կորյուն Փարսադանյանի ներկայացրած «Մաքուր անկյուններ» ծրագիրը, որի միջոցով Իջեւանում փակցված պաստառները կմաքրվեն, եւ Սլավիկ Ալավերդյանի ներկայացրած «Հեծանվային կայանատեղիներ Իջեւանում» ծրագիրը, որով քաղաքում հեծանիվների կայանատեղի կկառուցվի:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ